Կառավարության նիստին հաջորդած բրիֆինգում Փաշինյանն «անկեղծացել էր», թե «այնպես են անելու, որ երեք կուսակցություններն անգամ խորհրդարան չմտնեն»: Հասկանալի է, չէ՞, թե խոսքը որ 3 քաղաքական ուժի մասին է: Ահա: Վարչապետի այս հայտարարությունն ինձ ստիպեց, որ ես էլ իմ ֆեյսբուքյան էջում անկեղծանամ և հեռավար պխատասխանեմ նրան. «Քո էշը վաղուց գնացել է»: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ Նիկոլի լավագույն ժամանակները մնացել են հետևում, և Նիկոլն ինքը պետք է շատ չարչարվի, որ իր քնձռոտ կուսակցությամբ մտնի խորհրդարան: Ասում եմ կուսակցությամբ, որովհետև քվեաթերթիկի վրա իր անունը գրված չէ, և քաղաքացին, եթե ձայն էլ տա, ձայն է տալու կուսակցությանը՝ ՔՊ-ին: Բայց ուր է այնտեղ կուսակցությո՞ւն, որ մի հատ էլ ձայն տան:
Այս ութ տարում Նիկոլն ու ՔՊ-ն ամեն ինչ արել են, որ խորհրդարան չանցնեն: Մի անգամ՝ 2021-ին, դա նրանց հաջողվեց, բայց դա չի նշանակում, թե նրանց ժողովուրդն ընտրեց: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի 2021 թվականի փետրվարի 25-ի հայտարարությունից հետո Նիկոլն ու ՔՊ-ն այլևս իշխանություն չունեին Հայաստանում: Լևոն Տեր-Պետրոսյանը խառնվեց, Արմեն Սարգսյանը, Էրդողանը… Հեղաշրջման վատ հետևանքներով այնպես վախեցրին Օնիկ Գասպարյանին, որ նա իր ձեռքով տապալեց Նիկոլին, շատ ներողություն, ս. անելու այդ փայլուն գործողությունը: Համատեղ ուժերով բերին, գործը հասցրին ընտրությունների և թռան՝ քաջ գիտակցելով, որ Նիկոլի ձևավորած Սահմանադրական դատարանը չի ընդունելու ընդդիմության և ոչ մի բողոք-փաստարկ՝ ընտրախախտումների վերաբերյալ: Հանրահայտ թվանկարիչ Մուկուչյանը, փառք Աստծու, դեռ ողջ է և կարող է առնվազն իր մասով հաստատել ասածներս ու պատմել, թե ինչ ճնշումների տակ է եղել 2021թ. հունիսի 20-ի ընտրությունների թվերը նկարելիս:
Կարծիք կա, որ 21 թվին Նիկոլը վերարտադրվեց սուտ խոստումներով: Այդ կարծիքը ես չեմ կիսում: Նիկոլի ինչ լինելը հայտնի էր դեռ 2020թ. նոյեմբերի 9-ից: Այդ օրերից Նիկոլը խոստանում ու խոստանում էր 6 ամսում վերականգնել կորցրածը, մինչդեռ 2021թ. հունիսի սկզբին թշնամին արդեն իսկ ոտք էր դրել Հայաստանի Հանրապետության տարածք: Ժողովուրդը չգիտե՞ր, որ ստախոսի ու մանիպուլյացիաների մեծ վարպետի հետ գործ ունի: Գիտեր: Ու ինչպե՞ս եղավ, որ այդ ժողովուրդը գնաց ու քվե տվեց ստախոսին… Դեբի՞լ էր:
Պատահակա՞ն է, արդյոք, որ այդ ընտրություններից հետո ՔՊ-ականներն առիթ-անառիթ հիշում էին ժողովրդին ու ասում՝ մեզ ժողովուրդն է ընտրել: Ոչ, իհարկե: «Մեզ ժողովուրդն է ընտրել» արտահայտությամբ ՔՊ-ն ու նրա առաջնորդը մի հարց են լուծել՝ իրենց բոլոր անհաջողություններն ու այլանդակությունները բարդել են ժողովրդի գլխին: Ժողովուրդն էր մեղավոր, որ դեպի Վրաստանի սահման գնացող մայրուղու վրա սրճարան ու խանութ չի բացել, կադաստրի թուղթ չունենալու պատճառով իր գյուղերն ու քաղաքները չի պահել… Շուռնուխն ո՞վ տվեց… ժողովուրդը, Գորիս-Կապան ճանապարհն ո՞վ տվեց… Ժողովուրդը, Սև լճի համար ո՞վ պետք է կռվեր… Ժողովուրդը, դիրքն ո՞վ չի պահել… ժողովրդի զավակ զինվորը, որ նույնիսկ չի կրակել, ինչո՞ւ պարտվեցինք պատերազմում… 14 հազար դասալիք ունեինք: Աչքս կոխեք մի անհաջողություն, մի պարտություն, մի այլանդակություն, որի համար ՔՊ-ն ու Փաշինյանը պատասխանատվություն են ստանձնել: Չկա այդպիսի բան: Իրենց «ժողովուրդն է ընտրել», իրենք էլ ամեն ինչ անում են «ժողովրդի խնդրանքով», հասկանում ես:
Կրկնեմ ֆեյսբուքյան գրառումս. «Քո էշը արդեն գնացել է»,- պարոն, այսպես կոչված, վարչապետ: Ուշացել ես: Այսօր նույնիսկ 2021 թվականը չէ: Քեզ ոչ մի Ալիև և Էրդողան, ոչ մի Մակրոն ու Կալլաս չեն փրկի խայտառակությունից: Քո սուտ զորությանն այլևս ոչ ոք չի հավատում, այդ թվում և այն խոսքերիդ, թե կարող ես ընդդիմությանը խանգարել խորհրդարան մտնել: Այդ քեզ մերժելու որոշումը կայացնելու է ժողովուրդը, և դու գլխիկոր ընդունելու ես այդ որոշումը:
Արա, ՔՊ, դուք ավելի լավ է մտածեք այն մասին, թե ինչ եք անելու վարչապետի աթոռը կորցնելուց հետո: Ալեն Սիմոնյան, դու էիր հետաքրքրվել, կարծեմ, թե գալո՞ւ է, արդյոք, խորհրդարան Ռոբերտ Քոչարյանը, եթե «Հայաստան» դաշինքը մեծամասնություն չունենա խորհրդարանում: Տափակ հարց է, իհարկե, բայց հիմա ես եմ քեզ հարցնում, Ալեն՝ Նիկոլն ու ՔՊ-ն գալո՞ւ են խորհրդարան, եթե մեծամասնություն չկազմեն և կորցնեն վարչապետի պաշտոնը: Մի շտապիր պատասխանել, որովհետև վարչապետի աթոռի հետ կորցնելու եք նաև բոլոր աթոռները՝ սկսած դատախազի աթոռից: Մինչդեռ դատախազն այն մարդն է, որ սովորություն ունի ընդդիմադիր պատգամավորների հետևից խորհրդարան գալու: Ալեն, դուք պատրա՞ստ եք ընդդիմություն լինել: Եթե ոչ, հարց չկա, իսկ եթե այո, ապա շեֆիդ ասա, թող քարոզարշավի մեկնարկին հակասահմանադրական հիմարություններ դուրս չտա…