Ինչպես հայտնի է, 2025 թվականին պաշտպանության ոլորտին տրամադրվող գումարները կտրուկ ավելացել են։ Պետական բյուջեի նախագծով, որն արդեն հաստատվել ու ուղարկվել է խորհրդարան, պաշտպանության նախարարությանը հատկացվելու է մոտ 664.6 մլրդ դրամ (ավելի քան 1.7 մլրդ դոլար), ինչը 20 տոկոսով կամ մոտ 110 մլրդ դրամով (մոտ 286 մլն դոլար) ավելի է, քան անցյալ տարի:
Նշվում է, որ ռազմական բյուջեի զգալի մասն ուղղվելու է ռազմական, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, կապի համակարգի սարքավորումների, զորանոցային եւ տեխնիկական գույքի, պարենի, հանդերձանքի եւ սպառազինության ձեռքբերմանը։ Ուսումնասիրելով հրապարակված տվյալները՝ տեսնում ենք, որ դրանք, մեծ հաշվով, կապ չունեն բանակն ուժեղացնելու մեր սպասելիքների ու պատկերացումների եւ հատկապես սպառազինություն ձեռք բերելու հետ։ Դրանք բանակի մարտունակության վրա քիչ են ազդելու եւ մեզ մրցունակ չեն դարձնելու մեր հակառակորդ երկրների հանդեպ: Այսպես, թվարկված են արտասահմանյան բուհերում ուսման եւ վերապատրաստումների ծախսերը՝ 1,072.4 մլն դրամ, վերականգնողական բուժօգնություն, համաճարակային միջոցառումների կազմակերպում, հոսպիտալների եւ բուժկետերի սարքավորումների վերանորոգում, քարտեզագրում, ռազմական կցորդների պահպանման ծախսեր եւ այլն։ Անցյալ տարվա բյուջեի ծախսային մասը չի ապահովվել։ Մենք գիտենք, որ մեծ դեֆիցիտ կա, հնարավո՞ր է, որ ռազմական ծախսը չկատարվի։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը, պատասխանելով մեր հարցին, նշում է․ «Բյուջեն բաղկացած է ընթացիկ եւ կապիտալ ծախսերից։ Ընթացիկ ծախսերը մոտ 90 տոկոսով կատարված են։ Կապիտալ ծախսերի գծով թերակատարում ունենք՝ մոտ 30 տոկոս։ Բայց ընդհանուր միջինը եթե նայենք, թերակատարումը մինչեւ տարվա վերջ կստացվի մոտ 15 տոկոս»։
Սրանից կարելի՞ է ենթադրել, որ ռազմական ծախսերի մի մասը չի արվում։ «Ճիշտ հակառակը։ Այս տարվա ռազմական ծախսերը վեց ամսվա հաշվարկով նույնիսկ գերակատարվել են, 5 տոկոսով ավելի էր նույնիսկ ծախսվել այս տարվա վեց ամիսների կտրվածքով, բայց չի երեւում, թե ինչ ուղղությամբ է կատարվել ռազմական ծախսը։ Այս տարի կապիտալ ծախսերի գերակատարումը պայմանավորված է նրանով, որ մեծ գումարներ էին փոխանցել հատկապես Հնդկաստան՝ դրանով ապահովելով ռազմական ծախսերը։ Ոչ թե դիրքեր են կահավորել եւ այլն՝ այս ուղղությամբ տվյալներ չկան, այլ մեծ փոխանցումներ են արել՝ հավանաբար, սպառազինություն ստանալու համար»,- ասում է տնտեսագետը։ Ըստ նրա՝ այս տարի կառավարությունն ուզում է շարունակել այդ ծախսերը, բայց խնդիրն այն է, որ եկամտային մասը չի ապահովվում։
«Այս տարի իրենք բյուջեն պլանավորել են 3,5 տրիլիոն դրամ, բայց եկամտային մասը չենք կարողանում ապահովել։ Այսինքն՝ մենք, օրինակ, նախատեսել էինք 3 տրիլիոն ծախս անել, մոտ 2,7 հավաքագրել, բայց այդ 2,7-ն այս տարի չենք կարողանում հավաքագրել, 10 տոկոս մինուսով ենք փակում։ Հաջորդ տարի պետք է 2,9 տրիլիոն հավաքենք։ Կառավարությունը հիմա նախատեսում է լրացուցիչ հարկային վարչարարության խստացում, նաեւ՝ գուցե որոշակի հաշվարկ են անում ինֆլյացիայի վրա, որ դա կարող է որոշակի չափով օգնել կառավարությանը, բայց հիմնական խնդիրը եկամուտների հավաքագրումն է լինելու։ Շատ քիչ է հավանականությունը, որ դա կապահովվի, ու հնարավոր է, որ պաշտպանական ծախսերի խնդիրը լուծեն պետական պարտքն ավելացնելով»,- պատասխանում է Սուրեն Պարսյանը։ Եվ մի հարցադրում էլ անենք` գումարները գուցեեւ փոխանցվել են Հնդկաստան կամ այլ երկրներ` սպառազինություն ձեռք բերելու համար, բայց ոչինչ հայտնի չէ այն մասին, թե այդ զենք-զինամթերքը հասե՞լ է արդյոք Հայաստան: Որովհետեւ մենք նախորդ տարիներից հիշում ենք, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը բողոքում, որ զենքը Հայաստան տեղափոխելու դժվարություններ ունեն, եւ անգամ որոշ դեպքերում գումարները փոխանցվել են, բայց զենքը չեն ստացել: