Ծառն ընկավ, կացնավորը շատացավ. Ռուբեն Վարդանյանը շուրջ 3 տարի տանջվում է Բաքվի բանտում, իսկ Դիլիջանի համայնքապետարանը Ռուբեն Վարդանյանի ընկերությանը դատի է տվել՝ դատարանից խնդրելով լուծել այդ ընկերության կողմից Դիլիջանի կենտրոնում զբոսայգու տարածքի վարձակալության պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2030 թվականին։ Ռ․ Վարդանյանին պատկանող եւ նրա հետ սերտ առնչություններ ունեցող ընկերություններին դատի է տվել նաեւ Դիլիջանի համայնքապետարանի հետ սերտ կապեր ունեցող, Դիլիջանում մեծ ծրագրեր իրականացնող «Գրին Ռոք» ՍՊԸ-ն։
ՍՊԸ-ի ներկայացուցիչը 2025թ․ օգոստոսի 21-ին հայցադիմում է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան` ընդդեմ «Դիս Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամի, «Դիլիջան Դեւելոփմենթ» հիմնադրամի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ «Իմպուլս Մենեջմենթ Քոմփանի» ՓԲԸ-ի, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամի, «Դիլիջան Դեւելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ի եւ «Ասեթ Քոնթրոլ Մենեջմենթ Քամփնի» ՓԲԸ-ի՝ պատասխանողներին նախագծերի համատեղ իրականացման 2023 թ․ ապրիլի 20-ի պայմանագրով վերջիններիս վրա դրված պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու, ինչպես նաեւ՝ նախագծերի համատեղ իրականացման 2023 թ․ ապրիլի 20-ի պայմանագրով եւ անշարժ գույքի առքուվաճառքի 2023 թ․ ապրիլի 19-ի պայմանագրով նախատեսված հայցվորի պարտավորությունների կատարման ժամկետները մինչեւ պատասխանողների կողմից իրենց պարտավորությունների ամբողջական կատարումը հետաձգված համարելու պահանջով: «Գրին Ռոք» ՍՊԸ-ի ներկայացուցիչը միաժամանակ միջնորդություն է ներկայացրել դատարան, որով խնդրել է արգելել «Դիս Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամին եւ «Դիլիջան Դեւելոփմենթ» հիմնադրամին՝ «Գրին Ռոք» ՍՊԸ-ից պահանջելու եւ ստանալու նախագծերի համատեղ իրականացման պայմանագրի 3.2 կետով եւ 4.1 կետով նախատեսված գումարները:
Նախագահող դատավոր Վարդուհի Պապիկյանի 2025 թ․ սեպտեմբերի 11-ի որոշմամբ միջնորդությունը` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, մերժվել է: «Գրին Ռոք» ՍՊԸ-ն 2025թ․ սեպտեմբերի 17-ի այդ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել։ 2025թ․ հոկտեմբերի 10-ին վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ Սամվել Մատինյանի նախագահությամբ, որոշել է «Գրին Ռոք» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը մերժել, այդ քաղաքացիական գործով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2025 թ․ սեպտեմբերի 11-ի «Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ։