Քաղաքականություն

Ձեր ներողությունը ձեր գլխին կպնի

Ձեր ներողությունը ձեր գլխին կպնի

Հիմա որ ասեմ՝ «դե փախար», պիտի ասեք՝ Էդո, էդ ո՞նց ես խոսում վարչապետի հետ: Բայց ուր է էնտեղ վարչապե՞տ, որ մի հատ էլ ուրիշ կերպ խոսեմ… Հարգելի, մեծարգո, պատվարժան, սիրելի… Դուք խոսեք այնպես, ինչպես ճիշտ եք համարում, իսկ ինձ հանգիստ թողեք: Նա ինձ համար ո՛չ հարգելի է, ո՛չ մեծարգո, ո՛չ պատվարժան, ո՛չ էլ, մանավանդ՝ սիրելի: Էդ մարդու հանդեպ ես «լիչնի նեպրիյազն» եմ զգում, հասկանո՞ւմ եք: Ես տանել չեմ կարողանում սուտն ու կեղծիքը, լղոզվածությունը, անպատկառությունը, ինքնասիրահարվածությունը, ինքնամեծարումը, ինքնագովազդը: Ատում եմ մանրախնդիր մարդկանց: Դրանք ոչնչություն են ուղղակի: Նիկոլն էն մարդն է, որ ատամի չոփիկով այնքան է փորփրում հիվանդի արյունածորող վերքը, մինչեւ վերջինիս հասցնի խելագարության: Չգիտեմ, արդյոք կարողացա՞ բացատրել Նիկոլի հանդեպ վերաբերմունքիս պատճառը: Ի՞նչ անեմ, մի պարբերությո՞ւն էլ խոսեմ նրա հայատյացության, հայրենադավության, երկչոտության, մարդկանց հոգին եւ ուղեղը պղծելու վարպետության մասին: Կարծում եմ՝ դրա կարիքը չկա, որովհետեւ ստիպված կլինեմ կրկնել այն ամենը, ինչը նշված բառերի համատեքստում արդեն 6 տարի ասվում է նրան:

Եվ, ուրեմն, կարդալով Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումները, այլեւս չզսպելով զայրույթս, նրան ասում եմ՝ դե փախար: Նաեւ խնդրում եմ՝ սա որպես նրան դուրս հրավիրելու մերկապարանոց հայտարարություն չընդունեք: Նույնը ես գրել եմ նաեւ նրա գրառումներից մեկի տակ, բայց ուրիշ բառերով. «Ախպոր պես, գնա, հավաքիր փասափուսադ ու գնա…»: Էլ չիմացա՝ ազդեց, չազդեց, նեղացավ, զայրացավ, ինչ արեց: Ինձ նրա էմոցիաներն ընդհանրապես չեն հետաքրքրում:
Ինչ-որ սաղմոս էր արտագրել, թե բա՝ «5 Մեղքերս քեզ ցոյց կը տամ, եւ անօրէնութիւնս չեմ ծածկի քեզնից: Ասացի, թէ կը խոստովանեմ մեղքերն իմ, եւ դու թողութիւն կը տաս իմ մեղքերի ամբողջ ամբարշտութեանը»: 

Ճիշտն ասած՝ ես չգիտեմ, թե նա ում է դիմել այս խոսքերով, ումից է մեղքերի թողություն հայցում, բայց վստահ եմ՝ Աստված չի կարող նայել նրա կեղծավոր աչքերի մեջ ու ներել այդ 5 մեղքերը: Ձեւ չկա: Նիկոլ, քո մեղքերը, նախ՝ 5-ը չեն, շատ են, մեկը մյուսից սաստիկ ու աններելի: Դու հիմա ո՞ր 5-ի մասին ես խոսում: Արդյոք քո հիշատակած 5 մեղքերի մե՞ջ են մտնում Եռաբլուրում կեղծ ծնկի գալը, զոհված հերոսների ծնողներին քո հրամանով գետնին քարշ տալը, ուժի զոռով Եռաբլուրը պղծելը, Եռաբլուրը եռապատկելը, հայ զինվորների ողջակիզումը, Արցախն Ադրբեջանի մաս հայտարարելը, մեր դարավոր հայրենիքի մի հատվածն իսպառ հայաթափելը… Նշածդ 5 մեղքերի մեջ Շուշին հանձնելը մտնո՞ւմ է կամ՝ Կիրանցը, կամ՝ Մեղրին… Չեմ կարծում: Դու համարում ես, որ այս մեղքերիդ համար ես պետք է թողություն խնդրեմ՝ ես, մեր հարեւան Շմավոնը, Պողոսը, Պետրոսը, Վարդանուշը, բայց ոչ դու, որովհետեւ դրանք աններելի մեղքեր են: Դե փախար, ուրեմն… Դու ես թիվ 1-ը, դու էլ պատասխան տուր: Մարդիկ, ինչ է, քեզ ընտրել են, որ ամեն անգամ մի բան բստրես ու պատասխանատվությունից խուսափե՞ս:

Եկել, իբր ոչինչ չի եղել, ներողություն ես խնդրում վարքագծի ինչ-որ կանոններ խախտելու համար: Բայց դու նույնիսկ դրա համար ներողություն չէիր խնդրի, եթե չլիներ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտնի զեկույցն այն մասին, որ ուսումնասիրում են լեքսիկոնդ եւ հայտարարություններդ տալու են հայերենի մասնագետներին՝ պարզելու Եկեղեցուն եւ եկեղեցականներին վերաբերող «լափառոշ» հայտարարություններիդ ողջ այլանդակությունը՝ «դոմփել», «կհանեմ ցույց կտամ»… Քիչ չե՞ն վարքագծի կանոնների այս 2 խախտումները: Դու դեռ ներողություն չես խնդրել «բռնելու ենք՝ շինենք», «պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ», «բոլորիդ կլցնեմ ԱԱԾ-ի պադվալները», «կփռեմ ասֆալտին», «բորդյուրները լիզել կտամ» եւ շատ այլ «արտահայտություններիդ» համար: Այլապես ասում ես՝ կներեք, սիրելի ժողովուրդ, որ ասել եմ «դոմփել»: «Դոմփելն» ի՞նչ է, մի անմեղ բառ, որով ժողովուրդն այսօր ամեն քայլափոխի «մեծարում է» քեզ ու մյուս «բոզի տղաներին»: Դու Վեհարանը Վեհափառից ազատելու մասին հայտարարություններիցդ խոսիր, ասում էիր՝ այդ շարժումը ես պիտի գլխավորեմ, դու խոսիր եկեղեցականներին սրբապիղծ ու հակաքրիստոնյա հռչակելուդ շարժառիթների մասին, բացատրիր, թե ինչպես եղավ, որ դա ողջ քրիստոնյա աշխարհը դատապարտեց, եւ միայն Ալլահշուքյուր Փաշազադեն զորակցություն հայտնեց քեզ… Այսքանից հետո էլ դեռ հոխորտում է մարդու տղեն, թե Հայաստանի Հանրապետության քաղաքական, իրավական եւ հոգեւոր անվտանգության համար ժողովրդի աջակցությամբ շարունակելու է գրոհել Եկեղեցու վրա: Բա սա սրիկայություն չէ՞: Այս ընթացքում քանի՞ մարդ ես հանել Էջմիածնի փողոցներ, որ Վեհարանը գրոհեն: Զրո: Իսկ գուցե քաղաքացիական հագուստով իրավապահների՞դ նկատի ունես ժողովուրդ ասելով կամ հոգին գրպանները դրած քո ՔՊ-ական բոլո՞ւկը:

Դե հանգիստ վեր ընկիր տեղդ, ստախոս ծաղրածու, հերիք եղավ արդեն, ստեղս ես հասցրել: Եկեղեցականներին ու Եկեղեցուն սատարող մարդկանց լցրել ես բանտերը, մեկը մյուսի հետեւից պայթում են մեղադրանքներիդ փուչիկները… Ու քեզ դեռ պիտի ժողովուրդն աջակցի՞ Եկեղեցու եւ Վեհարանի դեմ պայքարում: Ականջներդ կտեսնես՝ ժողովրդի աջակցություն այլեւս չես տեսնի:

ՀԳ. Այս մասին Նիկոլն իր գրառումների մեջ չի խոսում, բայց ենթադրվում է, որ մեղքերի թողություն հայցելու այս գործընթացը Նիկոլով չի կարող սահմանափակվել: Հերթով կանգնեք, հլա, արա՝ Ալեն Սիմոնյան, Հայկ Կոնջորյան, Նազելի Բաղդասարյան, Արայիկ Հարությունյան… ՔՊ ողջ սբրոդը պետք է մեղքերի թողություն խնդրի, քանզի այս տարիներին տառառտառ կրկնել ու տիրաժավորել է Նիկոլի ամեն բառն ու արտահայտությունը:

ՀԳ1. Բայց դուք Աստծուն մի դիմեք, Աստված է՝ կարող է սխալմամբ ներել: Ձեր մեղքերի թողությունը ժողովուրդը պետք է տա՝ խաբված, տկարացած եւ այս համատարած դավաճանությունից ապշած ժողովուրդը: Թե բա՝ ցնծա, ժողովուրդ, երկու ամսվա մեջ 3 հատ համերգ ենք տվել: Գլխներիդ կպնի ձեր համերգն էլ, ձեր ներողություն խնդրելն էլ: Դե փախա՛ք:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image