Քաղաքականություն

Հանե՞մ, ցույց տամ…

Հանե՞մ, ցույց տամ…

«Իրավապահները կան­խեցին Հայաստանի Հան­րապե­տությունն ապակայունացնելու եւ իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը»,- երեկ առավոտյան իր ֆեյսբուքյան առօրյան այս տողերով սկսեց Նիկոլ Փաշինյանը՝ հիասթափեցնելով իր երկրպագուներին, որոնք անհամբեր սպասում էին նրա հերթական սեռագար փսխոցին: Ի՞նչ արած, հիմա տեսնենք, թե ինչն էր հայաստանյայց գահավիժող վարչապետի տված այս «աչքալուսանքի» պատճառը:

Եվ, ուրեմն, այս գրառման նախօրեին Փաշինյանն ու իր կինը շտապել էին մի մրոտած թղթի լուսանկար տարածել համացանցում, որի մասին, իբր, իմացել են CIVIC.am լրատվական կայքից: Իրենք դա ներկայացնում էին որպես «հուժկու փաստաթուղթ» այն մասին, որ հայ ժողովրդից թաքուն հեղաշրջում է նախապատրաստվում… Սա էլ, խնդրեմ, այդ հեղաշրջման պլանն է: Ես էլ կարդացի այդ «պլանը» եւ «տեղեկացա», որ հաշված օրերի ընթացքում Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունենալու, այսինքն՝ Նիկոլին ու Աննային «քցելու» են թախտից, նրանց տեղը ժամանակավոր կառավարություն են բերելու, եւ այդպես շարունակ, մինչեւ Հայաստանը հանեն Նիկոլի ու Աննայի կառավարման արդյունքում կուտակված այս ք-ից: «Պլանի» հեղինակները, ըստ էության, վատ բան չէին էլ ուզում անել: Պարզ է, չէ՞, որ Հայաստանն իր լավագույն ժամանակները չի ապրում եւ հայտնվել է ջհանդամը գլորվելու շեմին: Եվ, ուրեմն, ի՞նչ վատ բան կա այդ «պլանի» մեջ, եթե հեղինակները (ափսոս, անուններ չկային) չեն հաշտվել այդ իրողության հետ ու ջհանդամի ծոցը գնալուն այլընտրանք են առաջարկել: Սա իմ կարծիքն է, իհարկե, որը, վստահ եմ, կիսում են մեր միլիոնավոր քաղաքացիները եւ չեն կիսում միայն Նիկոլը, Աննան եւ ՔՊ-ն: Ինչեւէ:

Իսկ հիմա՝ կարեւորի մասին: Ի՞նչ եք կարծում, տարօրինակ չէ՞, արդյոք, որ մեր ազգային անվտանգությանը սպառնացող այս «պլանը» Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի ձեռքերում է հայտնվել ոչ թե ԱԱԾ-ի պաշտոնական կայքից, այլ՝ CIVIC-ից: Հը՞… Հասկանալի է, չէ՞, որ ամեն տառաճանաչ մարդ կարող է այսպիսի «պլան» կազմել ու ոչ միայն փոխանցել CIVIC-ին, այլեւ տեղադրել իր ֆեյսբուքյան էջում: Եվ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա, եթե Նիկոլն ու Աննան ամեն «մտածողի» «պլան» վերցնեն ու տարածեն իրենց համացանցային օգտահաշիվներով: Հենց այստեղից էլ ծագում է իմ հաջորդ հարցը՝ ինչո՞ւ համացանցային եւ լրատվական մախինացիաների քաջագիտակ Նիկոլն ու Աննան այսքան մեծ նշանակություն տվեցին CIVIC-ում հայտնված «պլանին»: Վախեցա՞ն… Միամիտ չլինեք, զի վասն միոյ քինու ոչ է օրէն «դիւցազանց» վախենալ մի թղթի կտորից, որի վրայի խզբզոցը «Հայկական ժամանակում» Նիկոլի ու Աննայի խզբզոցների «գոհարակերտ» բարձունքներից այնկողմ չի անցնում: Ու միակ բանը, որ մտածում ես այս «պլանը» հպանցիկ աչքի անցկացնելուց հետո, այն է, որ հանուն Հայաստանի նման մասշտաբի «հեղաշրջում» ծրագրած մարդիկ չէին կարող այս աստիճան պրիմիտիվ լինել: Կարճ ասած՝ Նիկոլի ու Աննայի մոտ հերթական անգամ ինչ-որ բան չէր ստացվել կամ ստացվել էր այնպես, ինչպես միշտ:

Եվս մեկ անգամ կարդանք Փաշինյանի երեկվա առաջին գրառումը. «Իրավապահները կանխեցին Հայաստանի Հանրապետությունն ապակայունացնելու եւ իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը»: Ուշադրություն դարձրեք, խնդրում եմ, «իրավապահները կանխեցին» արտահայտությանը: Ովքե՞ր են այդ իրավապահները, եթե Հայաստանի Հանրապետությունն ապակայունացնելու եւ իշխանությունը բռնազավթելու «պլանը» առաջինը հրապարակել է CIVIC-ը՝ հղում կատարելով ընդդիմությանը մոտ կանգնած իր աղբյուրներին, ապա՝ Նիկոլն ու Աննան՝ հղում կատարելով CIVIC-ին: Ես լավ չեմ հասկանում՝ սա պետությո՞ւն է, թե՞ ինչ-որ մարդու դուքյան, որտեղ նա անձամբ է որոշում՝ ինչ կանխեն իրավապահներն ու ինչ չկանխեն: Ու ճիշտ են ասում մարդիկ՝ ո՞ւր ա ընդեղ իրավապահ… Կանխող իրավապահներ ունենայինք՝ Նիկոլը վաղուց բանտում կլիներ՝ 2018-ի թավշյա հեղաշրջման «պլանով» հանդերձ:

ՀԳ. Թե բա՝
- Հանե՞մ, ցույց տամ…
- Չես կարա…
- Կարամ…
- Չես կարա…
- Կարամ…
- Դե հանի…
- Չեմ հանի…

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image