Այս տարվա հունիսի 11-ին Աջափնյակում հնչած կրակոցներից սպանված քրեական հեղինակություն Ֆազի՝ Սերգեյ Գրիգորյանի ընկերները նրա հիշատակը հավերժացնելու յուրօրինակ ձեւ են գտել։ Օրերս նրանք սոսիներ են տնկել Արզումանյան փողոցի ողջ երկայնքով։ Ծառերը տեղադրված են ռոբինիաների շարքում, սև արկղերի մեջ, ինչը սգո տրամադրություն է ստեղծում անցորդների մոտ։ Մոտ մեկ ամիս առաջ սաղարթի ձևավորման աշխատանքների անվան տակ «Երեւանի կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատողներն ուղղակի գլխատել էին սաղարթախիտ ռոբինիաները, որոնց ժողովուրդն անվանում է ակացիա, ամբողջությամբ այլանդակելով դրանք։
Հիշեցնենք՝ Սերգեյ Գրիգորյանի՝ Ֆազի սպանության համար մեղադրանք է առաջադրվել Ռուստամ Ստեփանյանին՝ Չաղ Ռուստամ մականվամբ և մի շարք այլ անձանց։ Երկու անձ` պատվիրատուները, կալանավորված են, կատարողները` հետախուզման մեջ: Օրերս այս գործով նախաքննութունն ավարտվել է։ Ըստ քննչական կոմիտեի, երկու հեղինակությունների միջև թշնամանքը ծայր է առել այն բանից հետո, երբ Ռուստամի մտերիմ անձնավորության էջից հայհոյանքի տեսքով մեկնաբանություններ են գրվել Ֆազի և նրա մտերմուհու վերաբերյալ։
