«Հրապարակի» զրուցակիցը Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանն է:
- Տեղեկացանք, որ դատարանը Վանաձորի ավագանու հերթական նիստերի կայացման արգելանքը վերացրել է, քանի որ լրացել է չորս տարին, արգելանքը` չորս տարով էր, սակայն ավագանու նիստեր տեղի չեն ունենում: Ինչու:
- Կա թյուրընկալում` ոչ թե դատարանն արգելանքն է հանել, այլ իշխանությունները ցանկանում են արտահերթ նիստ գումարել: Արգելանքը դեռևս գործում է` հերթական օրինական նիստերի համար: Նիստեր չեն նախատեսվում, խոսքը օրինական նիստերի մասին է: Օրինական նիստի դեպքում` առաջին հարցը, որ պետք է քննարկվի` համայնքի ղեկավարի ընտրության հարցն է: Այժմ պարզապես ցանկանում են արտահերթ նիստ գումարել, իսկ նման նիստեր այս չորս տարիների ընթացքում մի քանի անգամ եղել են:
- Այսինքն` եթե այժմ լինի հերթական նիստ, պետք է քննարկվի համայնքի ղեկավարի հարցը, ինչը հավանաբար իշխանությունների սրտով չէ:
- Եթե տեղի ունենա հերթական նիստ, ինչը ոչ մի անգամ այս չորս տարիների ընթացքում չի եղել, ապա, այո, պետք է լինի այդ օրակարգով: Դա օրենքի պահանջ է: Իսկ եթե հերթական նիստ չլինի, այլ իրենց հորինած արտահերթ նիստը լինի, դա այլ հարց է:
- Իսկ եթե օրենքը թույլ չի տալիս նիստեր գումարել, ինչպե՞ս են արտահերթ նիստեր գումարում:
- Դատարանն արգելանք էր դրել նիստերի վրա, սակայն վերջերս, երբ դատական վեճերը ավարտվեցին, «Հայրենիք» խմբակցությունը դիմել է ԴԱՀԿ-ին, խնդրելով վերացնել արգելքը, քանի որ այլևս չկա խնդրո առարկա: ԴԱՀԿ-ն որքան էլ որ զարմանալի թվա` սկզբում հանեց արգելանքը, սակայն անցավ 3 օր, վերադաս մարմինները հետ կանչեցին այդ որոշումը և հրաժարվեցին դիտարկել մեր հիմնավորումները: Հասկացան, որ այդպես կրակն են ընկնում, որոշեցին հետ կանչել այդ որոշումը: Աշխարհում նման բան երևի թե տեղի ունեցած չի եղել, որ ԴԱՀԿ-ն իր որոշումից հրաժարվի, սա աննախադեպ բան է: Մենք դիմել ենք Առաջին ատյանի դատարան և նշել ենք, որ ԴԱՀԿ-ի գործողությունները անօրինական են:
- Իսկ ՔՊ-ն ինչո՞ւ է ցանկանում արտահերթ նիստ գումարել:
- Որպեսզի սուբվենցիոն ծրագրեր քննարկենք, ի դեպ` մեզ հետ խոսում են շանտաժի լեզվով, ասում են` ով չի գալիս նիստերին, ուրեմն Վանաձորն ու վանաձորցուն չի սիրում, բայց Կառավարությունն էլ իր հերթին մի բան է մոռանում, որ սուբվենցիոն ծրագրերը ոչ թե Կառավարությունը պետք է առաջարկի, կամ պարտադրի, այլ համայնքը պետք է իր կարիքների առաջնահերթություններից ելնելով դիմի Կառավարություն և նոր միայն Կառավարությունը պրոցեսներ գեներացնի: Այս մարդիկ բերել են մի քանի բակի ասֆալտի ծրագիր, պարզ է` դա հիմա կհաստատեն, կընկնի ապրիլ-մայիս` նախընտրական շրջան և այդ ամենը դարձավ պետական միջոցներով քարոզարշավի հիմք: Մի օրինակ բերեմ, պատկերացրեք` տան տանիքը կաթում է, կոյուղին վնասված է, բայց ընտանիքի հայրը 10 միլիոն դրամանոց հեռուստացույց առնի տան համար…. Վանաձորում կան բազմաթիվ լուրջ խնդիրներ: Վերջին չորս տարում ոչ մի տանիք, ոչ մի կոյուղի չի փոխվել, շենքերի մեծ մասի նկուղները կոյուղաջրերի մեջ թաղված են: Վանաձոր քաղաքը այլևս չունի այցեքարտ: Համեմատում ենք մեր հարևան քաղաքների հետ: Մի կողմում` Գյումրին է, որը տուրիստական զարգացած քաղաք է դարձել, կիպ հարևանությամբ էլ Դիլիջանն է` մի փոքր քաղաք, բայց անհամեմատ մեծ տուրիստական հոսքերով: 30 միլիոն դոլար են բերել Վանաձորի բյուջե` զուտ ասֆալտի համար, լավ կարելի՞ է նման բան: Վանաձորը ոչ մի բան չունի, որը զբոսաշրջիկի համար հրապուրիչ կլինի: Կան ավագանու անդամներ, ովքեր 2012 թվականից անընդմեջ ընտրվում են: Նրանցից մեկն էլ ես եմ: Լավ, իրենց ավագանու անդամները նորաթուխ են, շատերը չեն էլ հասկանում քաղաքին ինչ է պետք, բայց ես հո լավ գիտեմ մեր քաղաքն ինչ խնդիրներ ունի: Մեր գումարները վերցնում են ու օգտագործում են այնպես, ինչպես ուզում են, բա դրա արդարությունն էլ ո՞րն է: Հետո էլ ասում են` ով չի գալիս արտահերթ նիստին, չի սիրում Վանաձորը, ես էլ ասում եմ` ով հերթական նիստ չի գումարում, հենց նա չի սիրում Վանաձորն ու վանաձորցուն:
- Իսկ ինչից են վախենում` որ դուք քաղաքապետ կընտրե՞ք, թե՞ կգնաք ավագանու նոր ընտրությունների:
- Այո, իհարկե, հենց նիստ լինի` ընդդիմադիր բլոկից քաղաքապետ կընտրվի, իսկ դա իրենց ձեռնտու չէ, երեք հատ օրենք են փոխել, որ իրենց ԺՊ-ին ինչքան ուզեն, պահեն: Մի հատ հերթական նիստ չի եղել: Ինչքա՞ն պիտի արտահերթ նիստերով ինչ-որ բաներ սղղացնեն: