Քաղաքականություն

Անվտանգության ոլորտում քննարկումները դեռ անվտանգության երաշխիքներ չեն

Անվտանգության ոլորտում քննարկումները դեռ անվտանգության երաշխիքներ չեն

Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը երեկ ԱԺ հանձնաժողովի իր ելույթում, որտեղ քննարկվում էր եվրաքվեի` երկրորդ ընթերցմամբ ԱԺ քննարկմանը ներկայացնելու հարցը, հայտարարել է, որ մեկնարկել է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ քաղաքական ու անվտանգության երկխոսությունը։ Նա շեշտել է, որ անցկացված երկու նիստերի ընթացքում քննարկվել են պաշտպանության եւ անվտանգության հետ կապված հարցեր։ Առաջին անգամ անվտանգային բաղադրիչը ներառվել է ԵՄ-ի հետ բանակցություններում, քանի որ նախկինում, մասնավորապես՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում (ՍԵՊԱ) այդ ոլորտն ընդգրկված չէր:

«Հրապարակը» քաղաքագետ Հակոբ Բադալյանից հետաքրքրվեց՝ ԵՄ-ն ինչպե՞ս է ապահովելու կամ աջակցելու ՀՀ անվտանգային հարցին, եթե սեփական անվտանգությունը չի կարողանում ապահովել առանց ԱՄՆ գործուն աջակցության, արդյոք սա չի՞ խոսում այն մասին, որ ՀՀ իշխանություններն իրականությունից կտրված են։ Քաղաքագետը նկատեց, որ մեկը մյուսի հետ անմիջական կապ չունի, քանի որ խնդիրների, մասշտաբի հարց կա եւ քաղաքական տրամաբանության: «Սակայն, եթե խոսում ենք Հայաստանի ու ԵՄ առումով անվտանգության բաղադրիչի մասին, ապա պետք է հասկանալ, թե առարկայորեն ինչ է ներառվում դրա տակ: Որովհետեւ, եթե դիտարկում ենք նախորդ տարի այդ Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացված օժանդակությունը՝ 10 միլիոն եվրոյի չափով, ապա խոսքը միայն դաշտային ճամբարի մասին էր` ամբուլատոր հնարավորություններով, եւ այլն: Կամ, ինչպես եվրոպացիներն էին ասել, ոչ մահաբեր սպառազինություն կամ ոչ մահաբեր պաշտպանական սարքավորումներ եւ աջակցություն»,- ասաց Բադալյանը:

Քաղաքագետը հավելում է․ եթե կառավարությանը հաջողվի այնպիսի հարաբերություններ հաստատել, որ այդպիսի օժանդակություն ստացվի, թեկուզ ոչ մահաբեր սպառազինության իմաստով, ապա դա ամենեւին էլ վատ չէ՝ դա լրացուցիչ ռեսուրսի խնայողություն կլինի, նաեւ՝ լրացուցիչ հնարավորություն եւ այլն: «Բայց այստեղ կա մեկ այլ հանգամանք՝ այս թեմայով խոսակցությունը Հայաստանի հանրությանը մատուցվում է, եւ հանրությունն էլ ընկալում է այն տրամաբանությամբ, թե Եվրամիությունն անվտանգության երաշխավորություն է ներկայացնում Հայաստանին կամ անվտանգության էական այնպիսի օժանդակություն եւ միջոցառումներ, որոնք ենթադրում են Հայաստանի անմիջական պաշտպանական կարողությունների զարգացում եւ այլն, եւ այլն: Այսինքն՝ այստեղ պետք է տարբերակել խնդիրները եւ չընկնել շփոթության մեջ, համարելով, որ Եվրոպայի հետ անվտանգության ոլորտում այդ քննարկումները եւ աջակցության ծրագրերը նույնացվում են անվտանգության երաշխիքների հետ: Այդպիսի միտում` մատուցման, անշուշտ, կլինի, որովհետեւ կարող է լինել ներքին սպառման քարոզչական նյութ եւ որոշակիորեն ապահովել, այսպես ասենք՝ ընտրազանգվածի տրամադրությունները»,- ասաց Բադալյանը:

Բայց դա կլինի շփոթություն, որովհետեւ Եվրոպայի հետ անվտանգային հարցերի քննարկումները բոլորովին չեն պարունակում անվտանգության երաշխիքներին անգամ մոտ բովանդակություն՝ կարծում է Բադալյանը: Նա նշում է, որ այդ խոսակցությունը ողջունելի է, պետք է լինի թեկուզ համեստ ծավալի ոչ մահաբեր օժանդակություն, որն օգտակար է Հայաստանին: «Պարզապես պետք չէ, որ հանրությունը հայտնվի մոլորության եւ շփոթության մեջ»,- նկատում է քաղաքագետը: Դիտարկմանը, թե նման քննարկումները ոչ միայն հանրությանն են այլ կերպ ներկայացվում, այլեւ ՀՀ-Ռուսաստան՝ արդեն ճգնաժամային վիճակում գտնվող հարաբերությունների հաշվին են իրականացվում, Բադալյանն ասաց, որ ՌԴ-ի կողմից արձագանքը կախված է ԵՄ-Հայաստան քննարկումների բովանդակությունից: «Անվտանգային ռիսկերը՝ Ռուսաստանի հնարավոր խանդ, Իրանի հնարավոր խանդ, կախված են բովանդակությունից: Եթե մենք խոսում ենք այն բովանդակության մասին, ինչ եղել է՝ ոչ մահաբեր սպառազինության տրամաբանության մեջ եւ այլն, ապա, կարծում եմ, այդտեղ ռիսկեր չկան, եւ հայտարարություններ կարող են լինել: Բայց միայն հայտարարություններով կողմնորոշվել իրական վիճակի վերաբերյալ, կարծում եմ, այդքան էլ ճշգրիտ չէ, որովհետեւ միշտ բարդ դիվանագիտական խաղեր են գնում, Եվրոպայի, Ռուսաստանի հարաբերությունների բարդություններ եւ այլն, եւ այլն: Շատ կարեւոր է, իհարկե, որ Եվրոպայի հետ աշխատելուն զուգահեռ Հայաստանը կարողանա արդյունավետ աշխատել թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի հետ` բացատրելու եւ ներկայացնելու, որ այդտեղ խոսք չի գնում անվտանգության ռազմավարական ռիսկեր առաջացնելու մասին, այլ՝ հակառակը․ Հայաստանը պարզապես փորձում է ընդլայնել իր հնարավորությունները: Այստեղ խնդիրը դիվանագիտական աշխատանքի բացատրության կարողության դաշտում է, եթե խոսքը վերաբերում է հենց նշածս բովանդակությանը: Ավելին, ես կարծում եմ, որ ԵՄ-ն՝ ինքը, պատրաստ չէ, այսինքն՝ ավելիի մասին խոսք երեւի թե չի կարող լինել՝ դա նկատի ունեմ»,- եզրափակեց Բադալյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image