Արցախից բռնի տեղահանված հասարակական գործիչ Արշակ Աբրահամյանը միշտ առաջինն է, որ հասցնում է համացանցում տեղադրել լուսանկարներ Բաքվում հայ գերիների նկատմամբ իրականացվող դատավարությունից։ Երեկ նրա հրապարակած լուսանկարներն առավել քան մտահոգիչ եւ ցնցող էին։ Մեծն բարերար, երբեմնի խրոխտ, առնական Ռուբեն Վարդանյանը բոլորովին այլ մարդ էր․ հյուծված, խոշտանգված։
«Ես Ստեփանակերտում Վարդանյանի թիմում էի աշխատում՝ «Մեր սարերը» կենտրոնում, բացի դրանից՝«Ոչ էթնիկ զտմանը» շարժման ԶԼՄ-ների պատասխանատուն էի։ Մինչև այսօր էլ ընդհանուր մոնիթորինգ եմ իրականացնում ադրբեջանական լրատվականների։ Երեկվա նկարներն էլ երկար ռեպորտաժ էր, այդ ընթացքում սքրին եմ արել, կադրեր որսացել»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Արշակ Աբրահամյանը։
«Հայաստանում իշխանության բերվեց հակապետական մտածելակերպ ունեցող վարչախումբ, ովքեր ամեն ինչ արեցին հայկական երկրորդ Հանրապետությունը կործանելու, ու արդեն Մայր Հայաստանն է կործանվում։ Ինչ վերաբերում է նկարները տարածելուն, այո, կա տարաձայնություն համացանցում՝ ոմանք դեմ են, ոմանք կողմ տարածելուն, դա իրենց սուբյեկտիվ կարծիքն է, բայց եկեք չմոռանանք, որ շատ կարևոր է ինֆորմացիան արտաքին աշխարհին փոխանցել, հատկապես, երբ դու շրջափակման կամ գերության մեջ ես։Ես սա ասում եմ որպես Արցախում բլոկադայի մեջ հայտնված մարդ։Վերջիվերջո, կա նաև արխիվացման խնդիր, որովհետև այդ ամենը փաստ են, ու պետք է մնան, մի օր Ադրբեջանը կարող է ամեն ինչը ոչնչացնել, մեզ մոտ գոնե կլինեն այն փաստերը, թե ինչ խոշտանգումների են ենթարկվել մեր ղեկավարությունը։ Այս պահին, որ տեսնում ենք, թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում, փաստորեն պետական մտածելակերպ ունեցող անհատները հալածանքի են ենթարկվում։ Կողքից, որ նայում ես ուղղակի զուտ հայ լինելու, ՀՀ-ի ապագայով անհանգստանալու համար է։ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում իր կյանքի գնով պաշտպանում է հայ ազգի պատիվը։ Նա հավատարիմ է մնում իր գաղափարներին և անգամ նման դժոխային պայմաններում պայքարում է հանուն հայրենիքի և ճշմարտության։ Նա միշտ իր զրույցներում մեզ ասում էր, որ այս ամեն ինչը թասիբի հարց է, ես վստահ եմ, որ նրան, անկախ բռնաճնշումներից եւ պայմաններից, չեն կարոողանալու կոտրել, ինքը շատ մեծ կամքի ուժ եւ գաղափարներ ունեցող անհատ է։ Ես վստահ եմ, որ ինքը պատվով է դուրս գալու այս ամենից»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ գլոբալ առումով, որպեսզի մեր ռազմաքաղաքական ղեկավարներին Բաքվի գերությունից ետ վերադարձնենք, Հայաստանում անհրաժեշտ է իշխանափոխություն, դիվանագիտական կորպուսը պետք է փոխվի, իսկ կարճաժամկետ, թե ինչ կարելի է անել հիմա, պետք է օգտագործվի բոլոր հնարավորությունները արտաքին աշխարհի, միջազգային իրավապաշտպան կառույցների ուշադրությունը հրավիրելու Բաքվում անմարդկային պայմաններում պահվող մեր ռազմագերիների վրա։ «Պետք է միջազգային իրավունքին համապատասխան դատավարություն իրականացվի, ովքեր միջազգային կառույցներից հասանելիություն ունեն, պետք է գան, ներկա գտնվեն, ոչ թե փակ ռեժիմով իրենք հավաքվեն ու իրենց ուզածն անեն։ Այս պահին կարելի է ակցիաներ անել դեսպանատների դիմաց ՝ տարբեր նամակներ հղելով, ակտիվ պահել այս ամենը, որպեսզի միջազգային հանրությունը հրատապ կերպով արձագանքի,-ասաց Աբրահամյանը ։