Այս տարվա կամավոր ատեստավորումները դեռ նոր են սկսվել, բայց դժգոհություններն արդեն համատարած բնույթ են կրում։ Գրեթե բոլոր առարկաների ուսուցիչները բողոքում են թեստերից, տեխնիկական խնդիրներից, որոնք այս կամ այն կերպ ազդել են ատեստավորման ընթացքի եւ ելքի վրա։
«Ֆիզկուլտուրա» առարկայից ատեստավորված ուսուցիչները երեկ հավաքվել էին ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ՝ իրենց վրդովմունքը հայտնելու ատեստավորման թեստերից, որոնք, ըստ նրանց, եղել են նախատեսվածից բարդ եւ սխալներով։
Ֆիզկուլտուրայի մասնագետ, ուսուցիչ Սարգիս Սարգսյանն ասում է՝ բարձր տրամադրությամբ նոյեմբերի 16-ին գնացել են մասնակցելու կամավոր ատեստավորմանը, բայց ատեստավորումից հետո ճիշտ հակառակ զգացումն են ապրել, բոլորը եղել են ընկճված, բարկացած, քանի որ ատեստավորման համար կազմված հարցաշարը չի համապատասխանել իրենց առարկայական ծրագրին։ «Եթե փորձենք միտում տեսնել, հաստատ կտեսնենք, որովհետեւ կազմողը, վստահաբար, մասնագետ չի եղել եւ չի կարող հասկանալ ֆիզկուլտուրայի մասնագետի հոգսերը։ Ֆիզկուլտուրայում գերակշռող մասը խաղային մարզաձեւերն են՝ աթլետիկան, մարմնամարզությունը, առաջին բուժօգնությունը, բայց նմանատիպ հարցեր գրեթե չկային, փոխարենը ֆիզկուլտուրայի մասնագետից ուզում են իմանալ, թե ՀԱՕԿ-ն ինչ գործառույթներ ունի, ինչի համար է՝ նմանատիպ անմիտ հարցեր»,- ասում է մասնագետն ու ընդգծում՝ տեղում ճշտումներ, պարզաբանումներ ստանալու հնարավորություն չի եղել, քանի որ գործընթացը վերահսկել են ոչ մասնագետներ, որոնք ընդամենը «կարելի-չի կարելիների» սահմանն են մատնանշել։ Դրա հետեւանքով շատ մանկավարժներ չեն հավաքել անցողիկ շեմը։
«Ավելի շատ տրամաբանական հարցեր էին, որոնց մեջ կային եռամիտ, խճճող հարցեր։ Միաժամանակ խնդիր կար թե՛ հարցերի ձեւակերպումների եւ թե՛ պատասխանների մեջ, քանի որ լինում էր՝ բոլոր պատասխաններն էլ կարող էին համապատասխանել հարցին, իսկ եթե մինչ այս ատեստավորված բոլոր առարկաներից կան նմանատիպ խնդիրներ, ուրեմն մենք իզուր չենք բարձրաձայնում այս հարցը»,- ասում է Ս․ Սարգսյանն ու նկատում, որ այստեղ այնքանով է միտում տեսնում, որ ուսուցիչները չկարողանան նվազագույն շեմը հաղթահարել։ Ավելին՝ ըստ նրա, նմանատիպ հարցաշարով անցողիկ շեմը ոչ թե 60-ը պետք է լինի, այլ՝ 50-ը։
Անցած տարվա հարցաշարի հետ համեմատած այս տարվա հարցաշարը շատ բարդ է եղել․ սա միաբերան պնդեցին շուրջ 2 տասնյակի հասնող այն ուսուցիչները, ովքեր հավաքվել էին ԿԳՄՍՆ շենքի մոտ եւ պահանջում էին վերանայել թեստերը։
Գոհար Մինիչյանն արդեն 27 տարի աշխատում է դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի մասնագետ, միջազգային կարգի սպորտի վարպետ է՝ սամբո մարզաձեւից, աշխարհի Եվրոպայի բազմակի մրցանակակիր։ «Այսպիսի վատ վերաբերմունք երբեւիցե չէի տեսել հենց ֆիզկուլտուրայի մասնագետների հանդեպ։ Անցած տարի էլ էի մասնակցել, հավաքել էի 69 միավոր եւ այս տարի գնացել էի ավելի բարձր միավորներ հավաքելու, բայց ստացվեց շատ ավելի վատ»,-ասում է նա ու մատնանշում մի հանգամանք եւս, որը, ըստ նրա, շատ անարդար է եղել իրենց հանդեպ։ Բանն այն է, որ «Շախմատ» եւ «Ֆիզկուլտուրա» առարկաների ատեստավորումը միաժամանակ անցկացվել է նույն լսարանում։ Մինչդեռ, ըստ նրա, տրամաբանական կլիներ, եթե շախմատը «Մաթեմատիկա» առարկայի հետ անցկացնեին, այլ ոչ թե ֆիզկուլտուրայի։
«Շախմատիստները եկել էին իրենց տախտակներով, քարերով, նրանց հատուկ սեղաններ, աթոռներ տրամադրեցին, որն արդեն իսկ մեզ համար անհարմարություն ստեղծեց, այդ շախմատի քարերն աղմուկով դնում էին սեղանին, հետո դրանք թափվեցին գետնին, ամբողջ ընթացքում կտրուկ շարժումներ էին անում, իսկ այդ շարժն ինձ շեղել է, ես չէի կարողանում կենտրոնանալ քննությանը, ու այդ խնդիրը բոլորի մոտ է եղել։ Թող մեզ հնարավորություն տան՝ նորից ատեստավորումն անցնել, կամ անցողիկ շեմը համարեն 50-ը»։
Քանի որ այս տարի ատեստավորումն անցկացվում է էլեկտրոնային ձեւաչափով, ապա առաջացել են նաեւ տեխնիկական բնույթի խնդիրներ։ «Ինքս հստակ հիշում եմ, թե ինչ եմ նշել, բայց հիմա նայում եմ ու տեսնում եմ, որ դրանք իմ նշած պատասխանները չեն։ Համակարգը սխալ է ֆիքսել, ու ես հիմա բողոքարկել եմ իմ հայտը։ Ի դեպ, այսպիսի խնդիրներ շատերի մոտ են առաջացել։ Օրինակ՝ եղել է, որ թարմացրել են ծրագիրը, ինքը 60-ից իջել է 56 միավոր»,- ասում է ֆիզկուլտուրայի ուսուցիչ Անի Աղախանյանն ու նկատում, որ իրենց շրջապատում կան տարբեր առարկաներից ուսուցիչներ, որ 100 տոկոսանոց արդյունք են գրանցել, բայց աշխատավարձն էլի 400 հազարի չի հասնում։ Ինչ վերաբերում է թեստերի բովանդակությանը, ապա․ «Հաճախ հարցն այնպես էր կազմված, որ նախ պետք է գուշակեինք, թե հարցն ինչի մասին է, նոր անցում կատարեինք պատասխաններին»։
Ի պատասխան ուսուցիչների բողոքի՝ ԿԳՄՍՆ-ից մանկավարժներին լսելու եկավ նախարարության հանրակրթության վարչության պետի տեղակալ Ստալ Սարդարյանը եւ ներկաներին հորդորեց՝ դիտարկումները գրավոր ներկայացնել, ուղարկել իրենց, ապա խոստացավ ծանոթանալ դրանց։ Իսկ ի պատասխան հարցին, թե լուծում կտրվի՞ մանկավարժների բողոքին, լուռ հեռացավ։