Ավաղ, ձիրքս չի բավականացնում ո՛չ մեր ժամանակը ճշտությամբ նկարագրելու, ո՛չ էլ պատմական անցքերն անսխալ շարադրելու համար, քանզի վարչապետ չեմ, որ տիրապետեմ իմ երկրի հետ կապված ողջ տեղեկատվությանը, ոչ էլ պատմաբան, որ վերարտադրեմ անցյալը՝ իր ճշմարիտ երեսով: Ես մի սովորական հայ մարդ եմ: Կարող եք համարել, որ անունս Պողոս է, որ կարողանում եմ ընդամենը թվեր ու ամսաթվեր բերել իրար մոտ ու մի քանի գիրք եմ կարդացել մեր երեւելի նախնիների մասին: Ինչ-որ դասընթացներ էին բացվել՝ «Կրթվելը նորաձեւ է» վերնագրով… Մինչ թղթերս էի դասավորում, դիմում-միմում, որ մասնակցեմ, մեր հարեւան Շմավոնն ասաց՝ տարիքդ առած մարդ ես, ի՞նչ գործ ունես էդ այլասերվածների հետ: Ու էլ չնայեցի, որ դասընթացները Նիկոլն ու իր կնիկն են վարում: «Այլասերված» բառը լսելուն պես քըռթ՝ փոշմանեցի, նորաձեւ կրթվելու ցանկությունս իսպառ վերացավ, գլուխս կախ՝ գնացի իմ գործին:
Երեւի լսել եք, որ Վաշինգտոնից մինչեւ Պեկին, Լոնդոնից մինչեւ Տոկիո, Մոսկվայից մինչեւ Բաքու բոլորը խոսում են այն մասին, որ Հայաստանի վիճակը ծանր է: Մենք էլ ենք այդ մասին խոսում՝ ծանր է, խառն է, աշխարհաքաղաքական վատ զարգացումներ կան, պատերազմը քթներիս տակ է… Ելք էլ չկա: Միակ լուսավոր կետը, եթե կարելի է դա լուսավոր համարել, Նիկոլն է՝ ԱԺ-ում եւ կառավարության նիստերում տնտեսական աճի, ինքնիշխանության եւ անկախության մասին իր ամբախ-զամբախ հայտարարություններով, որոնք մի կողմից խնդալու են, մյուս կողմից՝ լացելու: Ինչեւէ, վիճակը ծանր է:
2025թ. մայիսի 25-ին Ալլահշուքյուր Փաշազադեն (գիտեք, չէ՞, ով է) հայտարարել էր, որ Հայաստանում պիտի մզկիթներ բացվեն, Էջմիածնի մայր տաճարն էլ՝ տո լի ադրբեջանական, տո լի աղվանական ծագում ունի… Պարզ էր, որ զառանցում է, բայց մեկ էլ որտեղից որտեղ հիշեցի, որ մայիսի 26-ը, ախր, Ավարայրի ճակատամարտի օրն է (451թ.): Պահոոո… Թուրքերն այսպիսի բաներ սիրում են՝ իրենց քայլերը հարմարեցնել մեր հիշարժան տոներին ու տարեթվերին: Այս իմաստով Փաշազադեի հայտարարությունն ինձ մտահոգիչ թվաց, բայց ես մեծ հույս ունեի, որ Նիկոլը շուտով կմիանա հայ հոգեւոր դասի բողոքին ու մի շառաչուն ապտակ կհասցնի ադրբեջանցի իր գործընկերոջը՝ չեք ամաչո՞ւմ, արա, մենք խաղաղության թուղթ ենք ուզում ստորագրել, իսկ դուք արդեն չափներդ անցնում եք: Այդպես սպասեցի, սպասեցի Նիկոլի հայտարարությանը. մայիսի 26-ն էլ անցավ, 27, 28, 29, իսկ մայիսի 30-ի առավոտը բացվեց Փաշինյանի հետեւյալ գրառումով. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»: Այո, մեր հարեւան Շմավոնը ճիշտ էր՝ մենք, ի դեմս նորօրյա կրթիչների, գործ ունենք ոչ թե տեղական, այլ՝ տիեզերական մասշտաբի այլասերվածության հետ:
Փաշինյանի հակաքրիստոնեական գրառումները մայիսի 30-ից հետո դարձան պարբերական: Այդպես նա կամաց-կամաց հասավ Ամենայն հայոց կաթողիկոսին, ապա հայտարարեց, որ Վեհարանը պետք է ազատել նրանից: Ավելորդ է ասելը, թե վարչապետի այս խոսույթն ինչ արագությամբ տարածվեց ՔՊ-շնիկների ու հայաստանյայց պետական այրերի շրջանում: Այո, Վեհարանը պիտի ազատել՝ հայտարարում էին նրանք, այո, Հայ առաքելական եկեղեցին պետք է փակվի՝ ձայնակցում էր Փաշազադեն:
Իսկ ես մտքով 5-րդ դարում էի… 449 թվականն էր: Պարսկական արքունիքը հատուկ հրովարտակով դիմել էր հայոց բոլոր մեծամեծներին եւ առաջարկել՝ կրոնափոխ լինել: Հարկ էր պատասխան տալ Հազկերտին՝ կա՛մ համաձայնում ենք ու ապրում նրա մեծահոգության ներքո, կա՛մ չենք համաձայնում, եւ լինում է պատերազմ: Ի դեպ, մենք այդ ժամանակ պետություն էլ չունեինք՝ մարզպանություն էինք, ասել է թե՝ Հազկերտի տեղապահ մարզպաններն էին մեզ ղեկավարում: Իսկ ի՞նչ արինք մենք… Կարծում եմ՝ մի փոքրիկ պատմական ակնարկը չէր խանգարի այստեղ: Եվ ուրեմն. «Հայոց մարզպանը, հայ հոգեւոր առաջնորդները եւ նախարարները, այդ թվում՝ կաթողիկոսի տեղապահ Հովսեփ Վայոցձորեցին, Արտաշատում հրավիրեցին հատուկ ժողով: Մասնակիցների թվում էին նաեւ Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթեւի աշակերտները, որոնք քաջատեղյակ էին ժամանակի աստվածաբանական ու փիլիսոփայական գրականությանը: Պարսից արքունիքին ուղղված պատասխան նամակում նրանք հիմնավորապես պաշտպանում էին քրիստոնեական հավատքի ճշմարտացիությունը: «Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել` ո՛չ հրեշտակները եւ ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը եւ ո՛չ հուրը, ո՛չ ջուրը եւ ո՛չ էլ որեւէ այլ դառն հարված»,- գրում էին նրանք, եւ մենք կտրուկ մերժեցինք Հազկերտի՝ կրոնափոխության առաջարկը: Լուսահոգի Խորենացին հենց սա նկատի ուներ, էլի, երբ գրում էր, որ թեեւ մենք ածու ենք փոքր, բայց մեզանում էլ հիշատակության արժանի մեծ գործեր են արվել:
Հազկերտը զայրացավ, իր Նյուսալավուրտ անունով զորավարի գլխավորությամբ զորք ուղարկեց Հայաստանի վրա, որին մենք դիմավորեցինք Ավարայրի դաշտում՝ Տղմուտ գետի ափին: 451թ․ մայիսի 26-ի առավոտյան սկսվեց ճակատամարտը եւ շարունակվեց մինչեւ երեկո: Մեր կորուստներն անցան հազարից, պարսիկները 3 հազար 500 զոհ տվեցին: Նրանց Մատյան գունդը ցիրուցան եղավ, հարբած փղերը փախան, բայց մենք էլ հետ քաշվեցինք, որ շունչ առնենք ու նոր կռվի պատրաստվենք: Իսկ պատմիչ Եղիշեն, որպես այդ ճակատամարտի ականատես ու մասնակից, իր «ֆեյսբուքյան էջում» գրեց. «Երկու կողմից էլ քաջեր կռվեցին, ու երկու կողմն էլ քաջաբար պարտվեց»: Բա չէ՝ Արծրունի նման․ ես այժմ Հադրութում եմ, եւ այստեղ ոչ մի թուրք էլ չկա…
Իսկ ի՞նչ տեղի ունեցավ Ավարայրից հետո. «Զայրացած Հազկերտը Տիզբոն կանչեց անվանի հայ նախարարներին: Այստեղ նրանցից պահանջեցին հավատափոխ լինել եւ ընդունել զրադաշտականությունը: Հակառակ դեպքում Հազկերտը սպառնում էր մահապատժի ենթարկել նախարարներին, ավերել նրանց տիրույթները եւ աքսորել հարազատներին: Հայոց մեծամեծները ստիպված եղան առերես ընդունել կրակապաշտությունը՝ ոչ միայն մահապատժից փրկվելու, այլեւ ժողովրդին ղեկավարել կարողանալու նպատակով: Ուրախացած Հազկերտը նրանց հատուկ զորագնդի ու մոգերի ուղեկցությամբ, շռայլ պարգեւներով ուղարկեց Հայաստան: Հայ նախարարներին հանձնարարված էր շուրջ մեկ տարում վերացնել քրիստոնեությունը Հայաստանում եւ կրոնափոխել բնակչությանը: Պարսիկ մոգերը պետք է եկեղեցիները վերածեին կրակատների (ատրուշանների), որտեղ մշտապես պետք է վառվեր պարսիկների համար սրբազան համարվող կրակը: Չվստահելով նախարարներին՝ զգուշավոր Հազկերտը պատանդ պահեց Գուգարաց բդեշխ Աշուշային եւ Վասակ Սյունու երկու որդիներին»:
Ասելս ի՞նչ է: Փաշինյան, եթե Փաշազադեից մի թուղթ էլ դու ես ստացել, ճիշտ կլինի ՀԱԵ-ի վրա հարձակվելու փոխարեն Արտաշատում նոր ժողով գումարել եւ քննարկել խնդիրը: Մարդ ես, գուցե մեր հոգեւոր դասը, հայ իշխանները, ինտելիգենցիան ու աշխարհազորը որոշեն դեմ կանգնել 21-րդ դարի այս խայտառակությանը: Կռիվ կլինի, թե չէ՝ դեռ ամենակարեւորը չէ: Քո ընտրած ճամփով որ գնանք, ավելի վատ բաներ կլինեն: Մարդկությունն ուղղակի կարող է մեզ հեռացնել իր շարքերից ու դիտարկել որպես գիտությանն անհայտ մի կենդանատեսակ, որ մտածում է բացառապես հետույքով, երբ այն պատահաբար ցավեցնում են: