Սպիտակ տանը պատմական հանդիպման ժամանակ ի թիվս այլ փաստաթղթերի, ստորագրվել է նաեւ էներգետիկ անվտանգության հուշագիր, իսկ Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Հայաստանի հետ կիսվել մոդուլային ատոմակայանների և վերականգնվող էներգիայի կուտակման տեխնոլոգիաներով։
«Մենք շատ հետաքրքրված ենք մոդուլային ատոմակայանների տեխնոլոգիաներով, և փաստաթուղթը ցույց է տալիս ԱՄՆ-ի պատրաստակամությունը կիսվելու այդ տեխնոլոգիաներով», - ասել է վարչապետը:
Փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման մասին Փաշինյանը եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսում են դեռ 24 թվականից, սա ներկայացնելով որպես ռազմավարական կարևոր քայլ: Եւ մեկը չկա, նրանց բերանը փակի, հարց տալով՝ եթե մոդուլային ատոմակայանը լավ բան է, ինչո՞ւ մինչ օրս ԱՄՆ-ն ոչ մի մոդուլային ատոմակայան չի կառուցել:
Մոդուլային ատոմակայանի կողմնակից էներգետիկներին Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել: Մասնագետները հիմնականում չեն ընդունում այս գաղափարը: Էներգետիկ փորձագետ Արթուր Ավետիսյանն ասում է, որ մոդուլային ատոմակայանի առաջին թերությունը դրա անհայտությունն է: «Ոչ ոք չի կարող ասել, թե արդյոք ամերիկյան կողմը կկարողանա՞ կառուցել մոդուլային ատոմակայան, թե ոչ, թեեւ բոլոր պետությունները գնում են այդ տրամաբանությամբ: Նախագծման, շինարարության գործընթացները տեւում են տասնամյակներ: Անգամ ԱՄՆ-ում չկա նման կայան:
Միակ ցամաքային կայանն ունի Չինաստանը, եւ Ռուսաստանում կա լողացող մոդուլային ատոմակայան: Դրանցից ունեն այն երկրները, որոնք ունեն ենթակառուցվածքներից հեռու տարածքներ՝ Ռուսաստանը, Չինաստանը: Այն պետությունները, որոնց համար ատոմային էներգետիկան հասանելի չի եղել, օրինակ, Ուզբեկստանը, կարող են մոդուլայինի շնորհիվ հասանելիություն ունենալ խաղաղ ատոմին: Իսկ Հայաստանն իրավունք չունի հրաժարվել խաղաղ ատոմից, քանի որ մոդուլայինն անհայտ է», - ասում է նա:
«Աշխարհում այսօր երկու գործող մոդուլային ատոմակայաններից բացի՝ մեկը Ռուսաստանում, մյուսը` Չինաստանում, երեք կառուցվող կա՝ Ռուսաստանում, Չինաստանում եւ Արգենտինայում: Արգենտինան տարել է իր Հարավում մոդուլային ատոմակայան է դրել, որ էլեկտրական գծեր չանցկացնի, մեծ ծախս չանի: Ո՞վ է տեսել, փոքր երկրում մոդուլային կայան սարքեն: Հայաստանի բոլոր ռեգիոններն իրար կապած են կաբելային էլեկտրալարերով: Մոդուլային ատոմակայան գցում ենք, որ ի՞նչ անենք», - հարցնում է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա, մոդուլային ատոմակայան սարքում են սառույցներում, դժվարամատչելի վայրերում, եւ դրանց կառուցումը երկու անգամ թանկ է եւ շինարարության ժամկետն ավելի երկար: