Քաղաքականություն

Հրաժարականից շուրջ քառորդ դար անց

Հրաժարականից շուրջ քառորդ դար անց

Անցնող շաբաթը մեծ հաշվով նշանակալից էր նրանով, որ փետրվարի 3-ին լրացավ ՀՀ նախագահի պաշտոնից Լեւոն Տեր-Պետրոսյանի` 1998-ին ներկայացրած հրաժարականի 24-րդ տարին: 

Ցանկանանք, թե` ոչ,  խոստովանենք, թե` ոչ, այդ հրաժարականը սկիզբ դրեց Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության շուրջ քառորդ դար տեւած ինքնանպատակ ու իմաստազուրկ տեղապտույտին, երբ ղարաբաղյան խնդիրը արհեստականորեն դրվել էր Հայաստանի թե ներքին, թե արտաքին քաղաքական օրակարգի առանցքում` արգելակելով Հայաստանում բնականոն զարգացումն ու ընթացքը: Եվ այդ կեղծ, ինքնակործան, դատապարտված ուղին շարունակվեց այնքան, մինչեւ Հայաստանի համբերության բաժակը մի օր այլեւս լցվեց, եւ ամբոխը հորդաց փողոց:

Ինչպես գիտակցությունից զուրկ, բնազդների տրված ամեն ամբոխ` 2018-ին բարձրացած հայաստանյան օխլոսն էլ իր ճանապարհին սրբեց ամենայն ինչ: Ամբոխի կենդանակերպ ոստյունների ու «դըմփ-դըմփ-հու» գոչյուններ ներքո տասնամյակների կեղծիքի շղարշը պատռվեց, Հայաստանում ղարաբաղյան կլանը տապալվեց, իշխանությունն էլ որպես վրադիր գահընկեց արվեց, ապա ամբոխը Փաշինյանին եւ «ըմփ-դըմփ-հու»-երին կարգեց որպես իշխանություն, ինչը, վախենամ` հայհոյանք էր ե՛ւ Աստծո հասցեին, ե՛ւ մարդկության: «Դըմփ-դըմփ-հու»-երը շատ չանցած, իրենց կատարյալ անճարակության, անմեղսունակության եւ անբարոյականության արդյունքում 3000-ից ավելի աններելի զոհեր տալուց հետո ղարաբաղյան խնդիրը վերադարձրին ի շրջանս յուր` 1990-ականների վիճակին, Հայաստանն էլ` շուրջ 25 տարվա անիմաստ ժամանակի ու ռեսուրսների կորստից հետո՝ քաղաքական նոր մեկնակետի: 

Հիմա ինչպե՞ս չասես` եթե չլիներ Տեր-Պետրոսյանի հրաժարականը, ժամանակին գրողի ծոցն ուղարկվեին Ռոբերտ Քոչարյանն ու իր պարագլխությամբ հեղաշրջում ու իշխանազավթում կատարած անձինք ու ուժերը, որքա՜ն զրկանքներից ու կորուստներից խուսափած կլիներ Հայաստանը: Եթե միայն ղարաբաղյան խնդիրը 1990-ականներին կարգավորված, փակված, ավարտված լիներ, ինչպես Տեր-Պետրոսյանն էր 1997-ի տարեվերջի իր ամանորյա ուղերձում խոստացել, հիմա Հայաստանն ո՜ւր հասած կլիներ իր աշխարհագրական դիրքով, Միջերկրական ծովից դեպի Կովկաս, Միջին Ասիա եւ Միջին Արեւելք դարպաս լինելու պատմական դերով, այսօրվա Եվրոպայից ընձեռնվող ինտեգրման հեռանկարներով…   Ի՜նչ Մերձբալթիկա, ի՜նչ Բուլղարիա կամ Ռումինիա. հիմա Չեխիայի, Սլովակիայի, Արեւելյան Գերմանիայի դասում կլինեինք արդյունաբերական հզորությամբ, կոմունիկացիոն հագեցածությամբ, համագործակցության ներուժով ու մակարդակով, եւ այլն: 

Իհարկե ինչ եղել է, այլեւս չի ուղղվի: Այժմ էլ ցավալին այն է, որ Հայաստանի ապագայի հետ կապված ոչնչով վիճակը չի բարելավվում: Փաշինյանն ու իր տգետ, անճարակ կառավարությունները միայն Հայասստանի ժամանակն են խժռում` անկարող լինելով նպատակներ հստակեցնելու, ծրագրեր կազմելու, որեւէ կոնստրուկտիվ գործունեություն ծավալելու: Կատարելապես հեղինակազուրկ, բարոյազուրկ, դատարկախոս ու անգործունյա այս իշխանության յուրաքանչյուր օրը միայն վնասում է Հայաստանին: Թեեւ այս շաբաթ հայտնի դարձավ, թե ով է ընտրվելու Հայաստանի հաջորդ նախագահ` Վահագն Խաչատրյանը, բայց նրա անձն էլ հույս կամ լավատեսություն չի ներշնչում: Լավ է միայն այն, որ ուսապարկերի դասից չէ: 

Մի փոքր էլ բարենպաստ իրողություն է այն, որ այսօր մնացյալ աշխարհում էլ կորոնավիրուսի, Պուտինի, Չինաստանի տնտեսության աճի դանդաղման արդյունքում բավականին խառնակ վիճակ է: Այնպես որ մեր պետական համակարգի, քաղաքական կյանքի ու տնտեսության անվերջ տեղում դոփելը շատ սուր չի երեւում: Բայց երեւա, թե չերեւա` Փաշինյանի ու ուսապարկերի վնասարարությունը իրական է եւ անուղղելի, որից ելքը ներկայիս, մինչեւ ուղնուծուծը մաշված ու սպառված խորհրդարանի կազմից դուրս քաղաքական առաջնորդության ընդունակ գործիչների, ուժերի ասպարեզ իջնելն է եւ նոր ընտրությամբ իշխանություն փոխելը: Տա Աստված, դա շուտ պատահի:  
    

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image