Քաղաքականություն

Ի՞նչ է տալիս իմպիչմենտը Նիկոլին

Ի՞նչ է տալիս իմպիչմենտը Նիկոլին

Զարմանալի մարդիկ ենք: Ուզում ենք Նիկոլին իմպիչմենտ անել ու չենք էլ մտածում, թե դա ինչ կարող է տալ հենց իրեն՝ Նիկոլին: Ասենք՝ հաջողվեց, ասենք՝ իմպիչմենտ արինք, ասենք՝ Էդմոնը դարձավ վարչապետ, ասենք՝ Նիկոլից պրծանք… Հետո՞: Դուք երբեւէ լսե՞լ եք «էշ նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու» արտահայտությունը: Ասում են՝ հին հայկական խոսք է: Հիմա Նիկոլին պետք է իջեցնել էշից, ու դա երկու այիբ է թե՛ նրա եւ թե՛ նրան էշի վրա դնողների համար: Իսկ մենք ուզո՞ւմ ենք, որ Նիկոլին էշից իջեցնելու գործընթացը տեղի ունենա սահուն ու առանց միջադեպերի: Իսկ ո՞ւր մնացին պնդումները, որ փողոցով եկածին պետք է փողոցով հեռացնել: Այո, հենց փողոցով, որ փողոցը մյուս անգամ իշխանություն ձեւավորելիս երկու անգամ մտածի ու նոր կտրի, որ մյուս անգամ նախրի մեջի ամենաքոսոտ էշի ճակատը չպաչի: Ու հիմա փողոցը տանը նստած՝ մենք գիտությունով Նիկոլ ենք իջեցնում էշից: Թե բա՝ փողոցը գեներացնենք…

Խի՞… Նիկոլը, ինչ է, դիմադրո՞ւմ է իմպիչմենտին, որ փողոց եք գեներացնում: Ավելին՝ օրական մարդ ու կնիկ մի բան բստրում են, որ իրենց հնարավորինս շուտ իջեցնենք էշից: Թեկնածուն էլ, փառք Աստծո, կա՝ Էդմոն Մարուքյանը, որ դեմ է փողոցային էքսցեսներին: Ու պետք չէ ինձ ասել, որ Էդմոնի թեկնածությունը տվել են փողոցային անկարգությունների այնպիսի սիրահարներ, ինչպիսիք են Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը: Միեւնույն է, «կլասիկ» քաղաքական գործիչը մնում է կլասիկ գործիչ, ամեն ինչ պալատական կուլիսներում ծածկադմփոց անելու կողմնակից: Այսպես էլ Նիկոլին «սուսուփուս» իմպիչմենտ կանեն ու հետնամուտքից «ուսուլով» կտանեն մի ապահով վայր, որտեղ նրանից ոչ ոք ոչինչ չի պահանջի: Բա Արցախը, բա մեր զոհերը, բա մեր հողերը… Մի երկու ամիս կճվճվանք, մի քանի գրառում կանենք, մի քանի նկար կդնենք՝ կվերջանա: Նույնիսկ կգա մի պահ, որ փառք կտանք Աստծուն՝ այս մի բուռ Հայաստանն ունենալու համար: Ժողովուրդն էությամբ այսպիսին է, հերոսները նրա փոքր մասն են կազմում միայն:

Եվ, ուրեմն, ինչ կտա իմպիչմենտը Նիկոլին եւ նրա հովանավորներին: Առաջին հերթին՝ մարսել այն ամենը, ինչ արել են վերջին 7 տարում՝ դավաճանություն, պայմանավորված պարտություն, կապիտուլյացիա, դաշնակիցներից հրաժարում, ազգի զինական ուժի ոչնչացում, ոստիկանության դեմոնացում, անվտանգության մարմինների այլասերում, Սահմանադրության աղավաղում, Սփյուռք-Հայաստան միասնության պառակտում, հասարակության անդամների խաղաղ գոյակցության եւ ընտանեկան անդորրի խաթարում: Ովքե՞ր են համաձայն, որ Նիկոլ Փաշինյանն ու իր հովանավորները մարսեն այս ամենը, միայն թե Նիկոլը չլինի: Էդմոն Մարուքյան, դու համաձա՞յն ես: Հովիկ Աղազարյան, Հակոբ Ասլանյան, Էդգար Ղազարյան, Նարեկ Մալյան… համաձա՞յն եք: Կասեք՝ չէ, ի՞նչ ես ասում, իմպիչմենտ անենք, որ հետո դատենք Նիկոլին: Չեմ հավատում: Չեմ հավատում ոչ թե այն պատճառով, որ դուք չեք ուզում դատել Նիկոլին, այլ՝ այն, որ իմպիչմենտը ենթադրում է Նիկոլի աստիճանական հեռացում, հետեւաբար՝ նաեւ ժամանակ, որ աշխատելու է բացառապես նրա օգտին: Հարգելի իմպիչմենտականներ, կարո՞ղ եք երեւակայել, որ հենց իմպիչմենտի քվեարկության օրը Փաշինյանին ձեռնաշղթաներով դուրս կբերեք ԱԺ շենքից: Եթե ձեր երեւակայությունն այդքանի չի ձգում, ուրեմն դուք շատ բարի իմպիչմենտական եք: Ունե՞ք ծրագիր, թե ինչ եք անելու հաջորդ քայլով, երբ խորհրդարանի 54 պատգամավոր վարչապետ ընտրի Էդմոնին…

Հանրապետական կուսակցության պատկառելի եւ իմ կողմից շատ հարգված գործիչներից մեկն օրերս ինձ համոզում էր, որ հենց իմպիչմենտը լինի, Նիկոլի եղած-չեղածը մի քանի ամսում կքանդվի: Խոսքը ՔՊ-ի մասին է, քանզի Նիկոլն ուրիշ բան չունի էլ: Լիովին համաձայն եմ, բայց մտահոգություն ունեմ, որ այդ մի քանի ամիսը կարող է մի ամբողջ տարի տեւել, եթե, իհարկե, 26 թվին էլ չսպրդի ԱԺ-ից ներս: Քանի՞ ձայն է պետք ՔՊ-ից՝ Նիկոլին իմպիչմենտ անելու համար՝ 18-20: Իսկ ի՞նչ ենք անելու մնացած 50-ի հետ… Կոնջորյան Հայկի, Հովհաննիսյան Արթուրի, Ալեքսանյան Վահագնի, Արշակյան Հակոբի, Գաբրիելյան Սիսակի, Եղոյան Արմանի, Խանդանյան Սարգիսի, Հակոբյան Հրաչի, Ղալումյան Վահեի, Սարգսյան Հայկի… Նկատեցիք, չէ՞, որ կանանց խնայեցի: Փաստ է, որ Նիկոլի իմպիչմենտից հետո այս «նավոզը» մնալու է ԱԺ-ում եւ, որպես ամենամեծաքանակ խմբակցություն, ամեն ինչ անելու է՝ «նիկոլիզմի» կյանքը երկարաձգելու համար: Դեռ չեմ խոսում կառավարական շենքերում կուտակված «նավոզի» մասին․․․ Իսկ այդ ընթացքում Փաշինյանը եւ նրա հովանավորները ձեռքները ծալած չեն նստելու: Նրանք 26-ին ամեն ինչ կանեն՝ նույն ջուրը երկրորդ անգամ մտնելու համար՝ լինի դա Փաշինյանով, թե առանց Փաշինյանի: ՔՊ-ի անունը կփոխեն, Փաշինյանն էլի մորուք կպահի, ուրիշ ֆինտուֆլյուշկաներ կանեն: Ժեխն էլ հո չի՞ վերացել, կընտրեն, կբերեն ԱԺ, ու պարտության կարուսելը կշարունակի իր անխռով ընթացքը: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image