Քաղաքականություն

Փիլիսոփա` վարչապետների մեջ, վարչապետ` փիլիսոփաների մեջ

Փիլիսոփա` վարչապետների մեջ, վարչապետ` փիլիսոփաների մեջ

Ես եւ Նիկոլ Փաշինյանն ապրում ենք նույն պետության մեջ: Ինքն այդ պետությունը սիրում է այնպես, ինչպես ինքն իրեն: Ինձ մոտ դա չի ստացվում: Ինչո՞ւ: Ուզում եմ հասկանալ՝ իմ ի՞նչն է պակաս, որ ես չեմ կարողանում սիրել այդ պետությունն այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն է սիրում: Ավելին ասեմ՝ ես չեմ կարողանում սիրել այն պետությունը, որի անկախությանն ասել եմ «այո» դեռ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը, տակավին մի փսլնքոտ տղեկ, միկոճականի շալվարով վազվզում էր սեղանների տակ: Երբ Փաշինյանն արդեն 21 տարեկան էր եւ հասցրել էր բարեհաջող ազատվել զինվորական ծառայությունից, ես զորացրվում էի Հայոց բանակից, որի կազմում անցել էի Արցախյան առաջին պատերազմի տարիները, զգացել հաղթանակի բերկրանքն ու տխրել մեր ամեն մի կորստով, հպարտացել մեր կնքած զինադադարով ու թշնամուն պարտադրված խաղաղությամբ: Այսօր Փաշինյանն է ինձ ասում՝ սիրիր քո պետությունը՝ ինչպես քեզ…

Իսկ ո՞ւր է այն պետությունը, որ պետք է սիրեմ՝ ինչպես ինձ: Այդ պետությունն այսօր չկա: Կա մի քրջոտ ֆաներայի կտոր, քարտեզ՝ Արագածի ֆոնին, անգույն, ինձ ոչինչ չասող, պստիկ մի բան, որին առաջին պատահած սոված շունը հափ կանի ու կուլ կտա: Ո՞ւր է իմ Արցախով պետությունը, ո՞ւր է իմ մութ ու ցուրտ տարիների երկիրը, որի ապագային ես հավատում էի ու պատվով տանում բոլոր զրկանքները: Ո՞ւր է իմ շենշող Հայաստանը, որ մեծերի հետ հավասարը-հավասարի սեղան էր նստում, հարցեր քննարկում, զարգացման իր ուղին հարթում տոտալ շրջափակումների մեջ: Ո՞ւր է իմ հպարտ, աննահանջ Հայաստանը, որ դիմադրում էր կործանարար աշխարհաքաղաքականություններին ու մերժում Արցախից հրաժարվելու գնով խաղաղ ապրելու բոլոր սին առաջարկները: Ո՞ւր են այն մարդիկ, որոնք մի-մի քայլող պետություն էին ինձ համար՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան… Այսօր ես ո՞ւմ պատկերացնեմ որպես քայլող պետություն՝ Վահագն Խաչատուրյանի՞ն: Ձեռ ե՞ս առնում ինձ, Նիկոլ: Չէ, դու պատկերացնո՞ւմ ես, թե ես ինչպես կարող եմ սիրել այն պետությունը, որի վարչապետը դու ես: Դու քեզ կողքից նայե՞լ ես, քո արածն ու թողածը կշռե՞լ ես… Նայում եմ վերջին 7 տարիների «ձեռքբերումներիդ» եւ ուզում եմ բացականչել՝ այստեղով թուրքն է անցել… Ու ես պիտի սիրե՞մ այդ պետությունը: Ինչպե՞ս: Ինչպե՞ս սիրեմ իմ պետությունը, որ գործիք է դարձել քո ձեռքին՝ ժողովրդին ճնշելու համար: Այդ պետությունով դու վախեցնում ես, զրկում, զրպարտում, սպառնում ես բոլորին, ովքեր քո դեբիլ կառավարության պետականակործան քաղաքականությունը չեն ընդունում…  Եվ քո շուրթերից պետությունը սիրելու կոչը հնչում է այսպես՝ սիրեք ինձ ու իմ կառավարությունը, ինչպես ինքներդ ձեզ:
Չէ-չէ մի՝ աղոթենք ձեզ համար… Հապա մի շարվեք հայելու առաջ՝ ձեր զազրելի ֆիզիոնոմիայով՝ Նիկոլից մինչեւ վերջին ՔՊ-ական անուղեղը: Դուք ձեր մեջ իրական պետություն կամ իրական պետության նշույլ տեսնո՞ւմ եք: Դուք, ախր, իրական խայտառակություն եք… Նայեք, նայեք ձեզ հայելու մեջ ու սիրեք ձեզ, ինչպես ձեր պաշտոններն ու աթոռներն եք սիրում: Ողբամ զձեզ եւ ձեր իրական պետությունը…

Սրանք Աստծուն էլ փախցրին Հայաստանից, որ իրենց իշխանությունը դարձնեն համատարած: Էլ որտեղ, եթե ոչ իրական Հայաստանում Աստված կարող էր հռչակվել ահաբեկիչ, իսկ եկեղեցիները՝ ահաբեկչության որջեր: Եվ Նիկոլն այսքանից հետո ինձ ասում է՝ սիրիր այս պետությունը: Իրականում նա ինձ ասում է՝ համակերպվիր սրա հետ, սա է քո պետությունը, սիրիր այն, ինչպես քեզ, եւ մի փնտրիր ուրիշ բան: Նիկոլն ինձ ասում է՝ քանի ես կամ, դու պարտավոր ես սիրել այս պետությունը, ոչ ավելին: Բայց, ներողություն, Նիկոլ, ես չեմ կարող սիրել քո աթոռը, քո բարեկեցիկ կյանքը, քո սանձարձակ վարքը, քո խայտառակ կառավարությունը, ԱԺ քո անբարոյական խմբակցությունը, քո պարտությունները, քո կապիտուլյացիան… Ի վերջո, այդ ամենի համակցությունն է այն պետությունը, որ հորդորում ես սիրել՝ ինչպես ինքներս մեզ:

ՀԳ. Ամենաանազնիվ փիլիսոփան էլ ընդունում է, որ ինքը փիլիսոփա է: Փաշինյան Նիկոլը սիրում է փիլիսոփայել, բայց իրեն պրագմատիկ է համարում, համարյա՝ վարչապետ: Մեր դժբախտությունների մի ստվար մասն էլ հենց դրանով է պայմանավորված: Նա փիլիսոփա է վարչապետների մեջ եւ վարչապետ՝ փիլիսոփաների մեջ, ընդ որում՝ երկու դեպքում էլ ինքնուս:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image