Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող տիկնոջ կարծիքով փարիսեցիությունը լավ բան չէ և որ մենք (ովքե՞ր են «մենք»-ը) առավել բարձր ստանդարտներ ունենք՝ դիտելու մեր հոգևոր առաջնորդին: Ինչպես երևում է, տիկինը յոթ տարի քնած է եղել ու այսօր արթնացել է մեր հոգևոր առաջնորդին դիտելու նպատակով: Եթե այդպես չլիներ, ապա տեղյակ կլիներ, որ ինչ-որ բան՝ մարդ թե երևույթ, դիտարկելու ընդունակ բոլոր հայաստանցիները վաղուց որպես առաջին փարիսեցի բնորոշել են հենց այն անձին, ով իրեն այդ բարձր պաշտոնին է նշանակել: Այնպես որ այդ տեսանկյունից հոգևոր առաջնորդին դիտելուց առաջ արժեր, որ տիկինը սկսեր դիտարկել գործող իշխանության ներքին խոհանոցը՝ շեֆ խոհարարով հանդերձ: Ինչ մնում է բարձր ստանդարտներ ունենալուն, ապա կոնկրետ այդ հարցում տիկինն ընդհանրապես պետք է լռեր. որտե՜ղ Նիկոլի վարչապետությունը, որտե՜ղ բարձր ստանդարտներ ունենալը: Կամ էլ պետք է ենթադրել, որ Աննա-Նիկոլ զույգի հրապարակային հայհոյախառն խոսքը իրենց պատկերացրած բարձր ստանդարտի դրսևորումն է: Մենք ենք, որ դա չենք գիտակցում:
Անցնեք առաջ: Տիկինն ընդգծում է, որ եթե կա հիմնարար կանոններից մեկի խախտման բարձրաձայնում, ապա դրան պետք է լինի նաև կոնկրետ դիրքորոշում՝ ավելացնելով, որ օդում կախված հարց կա և դրան պետք է պատասխանել: Եթե մենք ապրեինք ոչ թե 2018-ից այս կողմ Հայաստանում, այլ թեկուզ մերժված նախկինների օրոք՝ ես երկու ձեռքով համաձայն կլինեի հիմնարար կանոններից մեկի խախտման վերաբերյալ մտքին: Որովհետև ժամանակին, որպես ակտիվ քաղաքացի, մասնակցել եմ բողոքի ցույցին՝ անցկացված Մայր տաճարի տարածքում: Նպատակը մեր ժամանակաշրջանին բնորոշ արատներից եկեղեցին հնարավորինս «մաքրելուն» աջակցելն էր: Ինչպես նաև որպես հայ քրիստոնյա, ով վերջին երկու-երեք տասնամյակում օրը սկսում է Տերունական աղոթքով, ես ինձ նման իրավունք էի վերապահել: Հատկապես որ որպես վահան Արցախն առկա էր մեր բոլորիս ու նույնիսկ տիկնոջ թիկունքին, ու Հայաստանն էլ զերծ էր այսօրվա անվտանգային սպառնալիքներից:
Իսկ այսօր՝ երբ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի ջանքերով Արցախն այլևս առկա չէ, իսկ Հայաստանն էլ կանգնած է գոյությունը պահպանելու խնդրի առաջ, հիմնարար կանոնի խախտման մասին խոսելն առնվազն փարիսեցիություն է՝ եթե ոչ թշնամու ջրաղացին ջուր լցնելու վարքագիծ: Ինչ մնում է օդում կախված հարցին պատասխանելու անհրաժեշտությանը, ապա տիկին նախարարին, որպես նիկոլական քաղաքական խմբակի անդամին, կառաջարկեի առաջին հերթին պատասխանել պետության անվտանգության սպառնալիքների վերաբերյալ հարցին: Իսկ եթե ինքը դրանցից գլուխ չի հանում, ապա զբաղվել այն հարցերով, որ ներառված են իր անմիջական պարտականությունների շրջանակում: Իսկ հոգևոր խնդիրները թողնել այն կառույցի ներկայացուցիչներին, որոնց պարտականությունն է այդ հարցերով զբաղվելը: Հաշվի առնելով հատկապես մեր մարմիններին վերաբերող՝ առողջապահական բազմաթիվ չլուծված պրոբլեմների առկայությունը Հայաստանում:
Չնայած առողջապահությունն այն բնագավառն է, որ օրինակների պակաս չունի, բայց, այնուամենայնիվ, մի այսպիսի օրինակ բերեմ. երկու-երեք շաբաթ առաջ համացանցում առկա էր մի քանի հազար կիլոմետր հեռավորությունից կատարված բարդ վիրահատության վերաբերյալ տեսանյութ: Ասիական զարգացած երկրներից մեկի հիվանդանոցում ռոբոտ-վիրաբույժն իրական պացիենտի վրա փորձարկում էր եվրոպական հայտնի վիրաբույժներից մեկի մատների «մանիպուլյացիաները»: Հասկանալի է, որ այդպիսի վիրահատության համար անհրաժեշտ է ունենալ նման սարքավորում, անհրաժեշտ է կապ հաստատել արևմտյան հեղինակավոր կլինիկաների հետ: Կարծում եմ, որ եթե տիկին նախարարն անընդհատ մտահոգված լիներ այդ հարցերով և ոչ թե իրեն պաշտոնի նշանակող անձի, մեղմ ասած, անհեթեթություններն արդարացնելով, ապա Հայաստանը ևս կուներ նման տեխնիկական հնարավորություններ: Եվ ոչ թե հիվանդների հարազատները, վարկային բեռի տակ մտնելով, իրենց սիրելի անձանց կյանքը փրկելու նպատակով կփորձեին հասցնել նրանց արևմտյան կլինիկաներ: Բայց քանի որ մեր երկրում ոլորտային պատասխանատուները զբաղվում են ոչ իրենց գործով՝ մարդկանց այլ բան չի մնում, քան այդ միջոցին դիմելը: