Քաղաքականություն

«Հրապարակ»․ Կոթի գյուղի իշխանամետ քվեարկության պատճառները

«Հրապարակ»․ Կոթի գյուղի իշխանամետ քվեարկության պատճառները

Նոյեմբերյան համայնքի Կոթի գյուղը (Վանո Սիրադեղյանի հայրենի գյուղը) երկար՝ 38 կմ սահման ունի Ադրբեջանի հետ։ Գյուղի ամենաբերրի հողերից շուրջ 1000 հեկտարը գտնվում է Ադրբեջանի զինուժի վերահսկողության ներքո կամ` թիրախում եւ վտանգավորության պատճառով չի մշակվում: 1990-ական թվականներին Կոթին շուրջ 40 զոհ է տվել։ Կոթիի բնակիչները հայրենասիրություն գիտեն ոչ թե դասագրքերից, այլ՝ սեփական կյանքից, գյուղի հին ու նոր տարեգրությունից։

Ինչպե՞ս ստացվեց, որ սահմանամերձ, հերոսական տարեգրություն ունեցող Կոթին հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրություններում քվեների մեծ մասը տվեց 44-օրյա պատերազմում պարտությամբ հպարտացող, Արցախ հանձնած, Կիրանցը մեջտեղից կիսած Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ կուսակցությանը։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Ֆեյսբուքի իր էջում հպարտությամբ հրապարակել է Կոթիում տեղի ունեցած քվեարկության արդյունքները, ըստ որի՝ 867 ընտրողից 562-ը կամ ընտրողների 64,82 տոկոսը քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ստացել է 167 քվե, «Հայաստան» դաշինքը՝ 41, ԲՀԿ-ն՝ 23։ Կոթեցիների` այսպես քվեարկելու պատճառները որո՞նք են։ Պատճառը, պարզվում է, շատ պարզ է․ նրանք մի դիմում են ներկայացրել Փաշինյանին եւ հույս ունեն, որ իրենց դիմումը կհարգվի: Քվեները տվել են այդ պայմանով:

Բանն այն է, որ Կոթի գյուղից Արարատ Մուրադխանյանը 2003-ից գտնվում է անազատության մեջ։ Նա ցմահ ազատազրկման է դատապարտվել 2002-ին՝ Կոթիի հարեւան Բարեկամավան գյուղից սերված Լեւոն Մեհրաբյանի ու նրա 3 հարազատների սպանության համար։ Դատարանում Ա․ Մուրադխանյանն իրեն մեղավոր չի ճանաչել։ Նա դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, շահել է դատը` ընդդեմ Հայաստանի: Ըստ Եվրադատարանի, Մուրադխանյանի կալանքը 2004-2007 թվականներին եղել է անօրինական, եւ դրա համար Հայաստանը, որպես բարոյական փոխհատուցում, նրան վճարել է 6 հազար եվրո, բայց այս որոշումը նրան ազատություն չի բերել:
Կոթիի եւ հարակից գյուղերի բնակիչները, որոնք Մուրադխանյանին ճանաչում են, ընդհանուր՝ 2 հազար 500 մարդ, այս տարի Նիկոլ Փաշինյանին նամակ են գրել եւ հայտնել, որ Ա․ Մուրադխանյանի հանդեպ արդար դատաքննություն չի իրականացվել, գործի համար կարեւոր փաստեր կոծկվել են, հետո քրեական գործով ի հայտ են եկել նոր հանգամանքներ, եւ Փաշինյանից խնդրել են արդար դատաքննություն։ Այդ դիմում-խնդրանքը մայիսի 30-ին Ոսկեվան գյուղի ներքեւի հատվածում հանձնվել է Նիկոլ Փաշինյանին։

Ըստ կոթեցիների՝ Փաշինյանը խնդրանքին անորոշ է պատասխանել՝ ասելով, թե դիմումը կքննվի։ Սա առաջին դեպքը չէ, որ կոթեցիները Մուրադխանյանի խնդրով դիմում են երկրի ղեկավարներին։ 2013թ․ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում էլ Սերժ Սարգսյանն էր Կոթիում թեկնածուներից ամենաշատ՝ 902 քվե ստացել: Նորից այն պատճառով, որ կոթեցիները Ս․ Սարգսյանին էին դիմել` Արարատ Մուրադխանյանին ազատելու խնդրանքով եւ հույս ունեին իրենց իշխանամետ քվեարկությամբ օգնել նրա ազատվելուն։ Մայիսի 30-ին կոթեցիները Նիկոլ Փաշինյանին եւս երկու խնդրով են դիմել` Կոթիի առանձնատների 65 տոկոսն է միայն գազիֆիկացված, գազիֆիկացման ցանցն ընդլայնելու, իրենց տներ բնական գազ անցկացնելու համար գյուղացիները գումար չունեն եւ պետական աջակցություն են խնդրել։ Կոթիում պետական աջակցությամբ, վարկային միջոցներով 70 առանձնատուն է կառուցվել, եւս 20-ի շինարարությունը հաստատված է։ Կոթեցիները Փաշինյանին խնդրել են, որ սահմանամերձ Կոթիում, ինչպես Բաղանիսում, Ոսկեպարում, Բերքաբերում, Կիրանցում, այդ ծրագրով կառուցվող տների արժեքն ավելացնեն` ոչ թե 16 միլիոն դրամ տան, այլ՝ 21 միլիոն։

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image