Քաղաքականություն

Իսկ ո՞վ է դատավորը

Իսկ ո՞վ է դատավորը

Անցյալ տարվա դեկտեմբերի վերջում մի այսպիսի բան էի գրել Ֆեյսբուքում. «Մորիս Ռավելի «Բոլերո»-ն ժամանակին իմ ամենասիրած երաժշտական գործն է եղել. դա լսել եմ մի քանի տարի, համարյա ամեն օր: Այնպես ստացվեց, որ նվագարկիչս՝ բազմաթիվ ձայնապնակներով հանդերձ, 80-ականների վերջին տարա Թիֆլիս՝ եղբորս ընտանիքին նվեր: Ու համարյա այլևս չլսեցի, քանի որ հետագայում ո՛չ հավես կար և ո՛չ էլ հոսանք: Այսօր զարմացա՝ իմանալով, որ Նիկոլն էլ է սիրել այն, ու աչքիցս ընկավ»: Այդ օրը Նիկոլը Ֆեյսբուքում կարծեմ առաջին հուշն էր ներկայացրել բանտախցի կյանքից: Ու այն ամբողջովին փոխկապակցված էր ֆրանսիացի իմպրեսիոնիստ երաժշտի (1875-1937) գլուխգործոցի հետ: Որպեսզի պարզ լինի, թե ինչու դա հիշեցի, ներկայացնեմ կառավարության հերթական նիստում Նիկոլի բարձրաձայնած մտքերից մեկը: 

Վերջինս հայտարարել է, որ «անհրաժեշտ է առերեսվել իրականությանը և ընդունել այն առանց խուսափելու»: Եվ որ «ճշմարտությունն ընդունելու և հայտնելու այլընտրանք չկա, քանի որ միայն այդ կերպ հնարավոր կլինի առաջ շարժվել»: Թե ինչի կապակցությամբ է դա ասվել՝ այնքան էլ էական չէ, քանի որ ասվածը ճշմարիտ է կյանքի բոլոր դրսևորումների առումով: Իսկ հիմա տանք հարցը. «Իսկ ինքն առնչվո՞ւմ է, արդյոք, այդ ճշմարտությանը»: Եթե նույնիսկ տողերիս հեղինակը չլիներ ընդդիմադիր ու կամ նույնիսկ լիներ օտարերկրացի, ապա անկողմնակալ ու թեթևակի դիտարկումն արդեն բավարար է, որպեսզի հնչեր բացասական պատասխան: Ոչ, ինքը փորձում է ոչ թե առնչվել խնդիրներին ու համապատասխան լուծումներ գտնել, այլ խուսանավել դրանց միջև: Դա այն հանգամանքն է, ինչին վաղուց արդեն սովոր ենք. դա մանիպուլյացիոն խոսքն է: 

Եթե որևէ ղեկավար բախվում է դժվար լուծելի որևէ խնդրի, ապա, եթե վերջինս ադեկվատ անձ է, փորձում է հանրայնացնել այն, որպեսզի այլոց օգնությամբ գտնի տվյալ խնդրի լուծումը: Այդ հանգամանքն ինքը գիտակցում է. եթե չգիտակցեր, ապա 2018-ի իշխանափոխության ժամանակ (թե՞ վարչապետ կարգվելուց հետո) չէր հիշատակի հունական ագորան: Իսկ ագորան, ինչը թե՛ քաղաքի (պոլիսի) կենտրոնական հրապարակն էր և թե՛ այդտեղ անցկացվող քաղաքացիների համաժողովը, հենց այն մեխանիզմն էր, որտեղ կարևոր որոշումներ էին կայացվում: Դա՝ մեկ, և երկրորդ՝ եթե Նիկոլն իրականում ցանկանար առերեսվել ճշմարտությանը, ապա յոթը տարի շարունակ իշխանությունը չէր առաջնորդվի ստով ու կեղծիքով: Երրորդ, հասարակությանը չէր բաժանի նախկինների կամ սևերի ու սպիտակների՝ գիտակցելով հանդերձ, որ այդպես են արել, սովորաբար, ագրեսորները որևէ երկիր գրավելու ժամանակ կամ տիրելու ընթացքում: Ինչը, չեմ կարծում, թե հենց այն է, ինչն անհրաժեշտ է իրականությանն առերեսվելու ու ճշմարտությունն ընդունելու համար:   

Եվ ամենակարևոր հանգամանքը. եթե որևէ ղեկավար ցանկանում է առերեսվել ճշմարտությանը և լուծումներ փնտրել, ապա վերջինս պետք է ունենա բարձր հեղինակություն: Առաջին հերթին, բնականաբար, հասարակության գիտակից հատվածի շրջանում: Եվ ոչ թե, ասենք, հույսը դնի կիսագրագետ պողոսների ու անոների աջակցության վրա: Որովհետև հենց գիտակից հատվածն է մեծապես զգում ճշմարտության անհրաժեշտությունը և ոչ թե պողոսներն ու անոները: Եվ հենց գիտակից հատվածի ներկայացուցիչների շնորհիվ է պետությունում առաջընթաց գրանցվում և ոչ թե պողոսների կամ անոների: Բայց դա հենց այն երևույթն է, ինչը գոյություն չունի Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով անձի վարչապետության շրջանում: Ինչն էլ նշանակում է, որ որքան էլ վերջինս խոսի այդ թեմայով, չարաշահումները, միևնույն է, մեծ տոկոս են կազմելու, և ցածր է լինելու արդյունավետությունը: Ու այդ պատճառով էլ նույնիսկ երաժշտական գլուխգործոցը, որը երկար տարիներ իմ իմ միայնակ կյանքի ուղեկիցն է եղել, իմ աչքում այսօր կորցնելու է իր արժեքը, քանի որ դրանով, Նիկոլի ասելով, հրապուրված է եղել նաև ինքը: Ու կարծում եմ, որ այդպես մտածում եմ ոչ միայն ես: Որովհետև մարդկային հասարակության մեջ միշտ կարևորվել է թե՛ խոսքի բովանդակությունը և թե՛ այն հանգամանքը, թե ով է այդ խոսքն ասողը: Իզուր չէ, որ բարձրաձայնվել է «Իսկ ո՞վ է դատավորը» արտահայտությունը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image