Հարցազրույց

Այս անգամ նա իր ուժերը սխալ է հաշվարկել և շատ մեծ բան է ուզում խժռել

Այս անգամ նա իր ուժերը սխալ է հաշվարկել և շատ մեծ բան է ուզում խժռել

«Հրապարակի» զրուցակիցը ռեժիսոր Հովհաննես Գալստյանն է:

- Նիկոլ Փաշինյանը չի դադարում Հայ Առաքելական եկեղեցու դեմ գրոհը: Այս անգամ՝ հինգշաբթի օրը նա կարգազանց եպիսկոպոսների ձեռամբ՝ Էջմիածնում սադրանքի գնաց: Ընդամենը մի քանի տասնյակ իշխանականներ Մայր տաճարի բակում հայհոյում էին, բղավում: Ի՞նչ կարծիք ունեք այս պրոցեսի մասին: Ի՞նչ եք կարծում՝ Փաշինյանին կհաջողվի՞ Եկեղեցու դեմ պայքարում հաջողության հասնել:

- Ամեն ինչ այնքան հստակ է ու պարզ: Ես կուզեի ասել հետևյալը. 

Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։
Իմ դիրքորոշումը սա է:

- Բայց միայն աղոթքները, եկեղեցական երգերը կփրկե՞ն Մայր Աթոռը:

- Ինչպես տեսանք՝ միայն աղոթքները ու երգերը չեն: Մենք տեսանք, որ մարդիկ Էջմիածնում սատարում էին Եկեղեցուն և հայտնում էին իրենց հստակ դիրքորոշումը: Վիճակը շատ բարդ է: Անկեղծ ասած ես համակ ուշադրությամբ հետևում եմ Մայր Աթոռի հրահանգներին և կարծում եմ, որ Վեհափառը շատ ճիշտ է տանում գործընթացները, մեր Եկեղեցին ունի բազմադարյա հիշողություն: Նման իրավիճակներ հաղթահարելու մեծ փորձ ունի և բարդ իրավիճակներից հաղթանակած դուրս գալու փորձը ևս շատ մեծ է: Տարբեր մարդկանց ու խմբերի ինքնագործունեությունը այս իրավիճակում անիմաստ է: Պետք է ընդամենը հետևել Վեհափառի ցուցումներին և անցնել առաջ:

- Իսկ իշխանություններն այս քայլերով ի՞նչ են ցանկանում անել: Ո՞րն է նպատակը:

- Իշխանությունը միշտ մի բան է ուզում՝ մնալ իշխանության՝ վերարտադրվել: Այս անգամ, սակայն նրանք սխալ թիրախ են ընտրել: Անհնար է հաղթել Եկեղեցուն: Հայ Առաքելական եկեղեցին չի կարող պարտվել որևէ իշխանության մեկ պարզ պատճառով՝ իշխանությունները ժամանակավոր են, Եկեղեցին՝ հավերժ: 2000 տարեկան Եկեղեցին չի կարող օրվա իշխանությանը պարտվել: Իհարկե, իշխանություն ունենալը հզոր ուժ է, սակայն այս անգամ նա իր ուժերը սխալ է հաշվարկել և շատ մեծ բան է ուզում խժռել: Անակոնդակները երբեմն իրենց բերանները բացում են չափից ավելի շատ և մեծ բան են կուլ տալիս, որը պատռում է նրանց բերանը: Սա այդ դեպքն է: Անհնար է կուլ տալ Հայ Առաքելական Եկեղեցուն: Ինձ համար շատ հասկանալի է, թե ինչ է անում իշխանությունը, սակայն՝ սխալ է հաշվարկել ամեն բան:

- Մարդիկ տեսնելով Եկեղեցին դավաճանած եպիսկոպոսներին, երբեմն հուսահատվում են և տարակուսում, կարծելով, թե գուցե իշխանությանը հաջողվի քանդել Հայ Առաքելական Եկեղեցին:

- Մայր Աթոռի հսկողության տակ կա մոտ 400 Եկեղեցի՝ ողջ աշխարհում: 400 Եկեղեցում ամեն կիրակի մատուցվում է Սուրբ պատարագ: Դրանցից մեկում սխալ կանոնակարգ է գործում, զեղչվում է Վեհափառի անունը: Այն Եկեղեցուն վնասո՞ւմ է՝ ոչ, հայտառակությո՞ւն է՝ այո: Նույնը վերաբերում է այդ եպիսկոպոսներին: Նրանց արածը վնաս հասցնո՞ւմ է Եկեղեցուն՝ ոչ: Ամո՞թ է՝ այո: Եկեղեցին շատ ավելի մեծ կառույց է քան այդ ինը-տասը եպիսկոպոսները: Ի դեպ՝ նրանց շարքերում չկա մի եպիսկոպոս, որը վայելի ժողովրդի սերն ու հարգանքը: Մեր մեջ նստած է այն կերպարը, թե ինչպիսին պետք է լինի հոգևորականը: Այդ տասը եպիսկոպոսները որևէ կերպ չեն համապատասխանում մեր պատկերացումներին: Օրինակ՝ Տեր Վրթանես Բաղալյանը, որը կաթված ստացավ օրեր առաջ, վերջին շրջանում ինձ պատահած ամենախելացի ու դրական հոգևորականն է: Օգտագործելով առիթը Ձեր թերթի միջոցով ես նրան առողջություն եմ մաղթում: Հոգևորականը պետք է լինի այդպիսին: Տեսնելով նման հոգևորականների, մեր հավատը ավելի է ամրանում: Այնպես որ այդ բախումները նաև դրական հետք են թողնում, մարդիկ կարիք ունեն նոր հոգևորականների բացահայտելու, նրանց հետ շփվելու, զրուցելու: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image