Կարելի է, իհարկե, ամբողջ կյանքում հումոր անել, հումորով վերաբերվել քննադատություններին ու հետույք մտնելու երեւույթին, ծաղրել, տեղին-անտեղի՝ սատիրայի զինանոցին դիմել, բայց դառնալ մարդ-հումոր, սեփական պերսոնայով դառնալ ծաղրածու, իսկ դա հասարակական-քաղաքական գործչի կամ բլոգերի համար այնքան էլ ողջունելի զբաղմունք չէ: Հասարակական-քաղաքական գործչին մի բանը մի անգամ կասեն, բլոգերին՝ քարը ճղի՝ երկու անգամ, ու նրանք կհասկանան, որ իրենք սխալ են, ճիշտ գործ չեն անում, օգտակար գործ չեն անում, ի վերջո՝ չի կարելի նման բան անել: Բայց ես ճանաչում եմ առնվազն մեկ հասարակական-քաղաքական գործչի եւ մեկ բլոգերի, որոնց հնարավոր չէ բան հասկացնել՝ ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ եւ նույնիսկ՝ 10-րդ անգամից:
Էդգար Ղազարյան-Նարեկ Մալյան. իրեն ՀՀ միամիտ քաղաքացի հռչակած այս տանդեմն արդեն ամիսուկես է՝ ընդունելություն է փնտրում ԱԺ-ում, որպեսզի պատգամավորներին համոզի՝ իմպիչմենտ անել Նիկոլ Փաշինյանին: Պատգամավորներն էլ նրանց մեկ-մեկ ընդունում են, մեկ՝ չեն ընդունում, բայց ամեն առիթով համոզում են, որ իմպիչմենտ՝ ԱԺ ուժերի այս հարաբերակցության պայմաններում (34-ը՝ ընդդեմ 72-ի), հնարավոր չէ: Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը, սակայն, չեն համոզվում եւ չեն հանդարտվում, շարունակում են փանջունիաբար պնդել, որ հնարավոր է: Հնարավոր չէ… Հնարավոր է… Այ մարդ, հնարավոր չէ… Հնարավոր է: Պատգամավորներն էլ ուրիշ բանուգործ չունեն: Սպասում են, որ էսա լույսը կբացվի, եւ Էդգար Ղազարյանը Նարեկ Մալյանի հետ կգա ԱԺ, որ մի պարապ ականջ գտնի ու լռվի իմպիչմենտի վրա:
Սերժ Սարգսյանն ասում է՝ մինչեւ 54 պատգամավորի համաձայնություն չլինի, իմպիչմենտի գործընթաց չենք սկսի: Սա էլ չի սթափեցնում քաղաքացի Է. Ղ.-ին եւ քաղաքացի Ն. Մ.-ին: Կարո՞ղ եք ՔՊ-ից 20 պատգամավորի ներքաշել իմպիչմենտի մեջ: Քաղաքացիներ Է. Ղ.-ն եւ Ն. Մ.-ն ասում են՝ մենք չենք կարող, դա պետք է ընդդիմադիր պատգամավորներն անեն: Ընդդիմադիր պատգամավորներն ասում են՝ այսօր դա հնարավոր չէ, քաղաքացիներ Է. Ղ.-ն եւ Ն. Մ.-ն շարունակում են, ներողություն, իրենց էշը քշել՝ հնարավոր է: Այ մարդ, հնարավոր չէ… Հնարավոր է:
Այնքան արեցին, որ ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը, երբ ընդունել էր քաղաքացի Նարեկ Մալյանին, ի պատասխան իմպիչմենտի օգտին վերջինիս բերած արգումենտների, ասաց. «Պարոն Մամիջանյանն իմ տեղը գիտի, ես քեզ հետ չեմ խոսում…»: Ի՞նչ եք կարծում, Աղվան Վարդանյանի այդ դիտարկումը տեղ հասա՞վ: Բնավ, երբեք: Էդգար Ղազարյանը բռնեց ու իր ֆեյսբուքյան տնամերձում գրեց. «Աղվան Վարդանյանը պատիվ չի համարում ՀՀ քաղաքացու հետ քննարկել իր, որպես հանրային ծառայողի, պարտականությունների կատարման կամ, ավելի շուտ, թերանալուն առնչվող հարցերը»։ Ես գուցե համաձայնեի Էդգար Ղազարյանի այդ մտքի հետ, եթե Նարեկ Մալյանը, հասկանում ես, ՀՀ էն միամիտ քաղաքացին լիներ, որին տանջում է բացառապես մեկ հարց՝ Նիկոլի իմպիչմենտը: Վայ, պարոն Վարդանյան, Դուք այդ ի՞նչ տեսակ պատգամավոր եք… Փոխանակ հետաքրքրվեք, թե Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանն ուրիշ ինչ փորացավ ունեն, ինչո՞ւ եք փակում խոսակցությունը, իրենց էլ անվանում «պարոն անվստահություն» եւ «պարոն իմպիչմենտ»: Բա կարելի՞ էր Էդգար Ղազարյանին հասցնել այնտեղ, որ Ձեզ մեղադրի իսկական իմպիչմենտն այս խիպիշմենտից զատելու եւ իրենց հետ խոսելու ցանկություն չունենալու մեջ: Հրեն, «պարոն իմպիչմենտը» գրել է, որ Աղվան Վարդանյանը տափակ հումորի մեծ վարպետ է: Ո՞վ է սրա պատասխանը տալու, պարոն Վարդանյան, ե՞ս: Ես այս տափակ տանդեմին բան հասկացնելուց հոգնել եմ արդեն: Երեկ, ստիպված, Նիկոլին եմ նամակ գրել, որ անձամբ հանդես գա իր իմպիչմենտի օգտին եւ մեզ ազատի այս խայտառակությունից: