ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը: Համաձայն ներկայացված նախագծի հիմնավորման, ոլորտները կարգավորող՝ ներկայում գործող օրենքներով սահմանված համապատասխան դրույթները համահունչ չեն բարձրագույն կրթության եւ գիտության միջազգային արդի չափանիշներին, ինչպես նաեւ՝ չեն նպաստում բարձրագույն կրթության եւ գիտության համակարգի ու հաստատությունների մրցունակության բարձրացմանը։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ օրենքի շատ դրույթներ չեն փոխվել նախորդ տարբերակների համեմատ, եւ շատ բաներ նախորդ նախագծերից այստեղ էլ են ներառված: Փորձագետը նկատում է` դրական բաներ կան օրենքում, բայց կարեւորն այն է, թե ինչպես են դրանք իրականացվելու:
«Ուրախալի է, որ գրված էր` բուհական կրթությունը պետք է զարգացնի բազմակողմանի զարգացած մարդիկ, բայց եթե այդպիսի ռազմավարություն ունենք, ինչո՞ւ ենք բուհերից մի շարք առարկաներ հանում, կրճատում ժամերը եւ թողնում միայն նեղ մասնագիտական առարկաները: Եթե ուսանողներն անցնում են մեծ թվով նեղ մասնագիտական առարկաներ, այդ դեպքում այդ «բազմակողմանին» ո՞նց է ձեւավորվելու: Օրինակ՝ փիլիսոփայությունն առաջ 60 ժամ էր դասավանդվում, հիմա իջեցվել է մինչեւ 30 ժամ: Կամ՝ փիլիսոփայության պատմությունը, որ գրեթե բոլոր տեղերից հանվում է...։ Իհարկե, այս պրոցեսը նոր չի սկսվել, եւ տարիներ շարունակ այս կրճատումը գնում էր»,- նկատում է Ս. Խաչատրյանն ու մատնանշում, որ օրենքում նորություն էր Էթիկայի կոմիտեի ստեղծումը։
«Դրականն այն է, որ վերջապես համալսարանների դասախոսներն ինչ-որ մեկին ընտրելու հնարավորություն են ստանում, այսինքն՝ այդ Էթիկայի կոմիտեի ղեկավարն ընտրվում է դասախոսների, աշխատողների կողմից, բայց, իհարկե, այստեղ մենք բուհերում ունենալու ենք եռիշխանություն, լինելու են ռեկտոր, ակադեմիական խորհրդի նախագահ եւ Էթիկայի կոմիտեի նախագահ, որը վայելելու է համալսարանի դասախոսների մեծ մասի վստահությունը: Եթե գումարենք գիտական կազմակերպություններն էլ, ապա կարող են կոնֆլիկտածին պրոցեսներ լինել»: Բացի այդ, ինչպես նկատում է փորձագետը, այս օրենքով բուհերի կտրուկ խոշորացման քաղաքականություն է տարվում. «Ասվում է, որ լիցենզիա կարող է ստանալ այն բուհը, որն առնվազն 4 հազար ուսանող ունի, այսինքն՝ նորաստեղծ բուհ ունենալու հնարավորությունը մենք շատ խիստ ձեւով սահմանափակում ենք, որովհետեւ 4 հազար ուսանող ունենալը լիցենզիայի համար՝ գրեթե անհնարին բան է Հայաստանում»:
Օրինագծի շարադրանքի հետ կապված՝ Ս. Խաչատրյանը մի նկատառում էլ է անում. «Հայաստանում ես առաջին անգամ տեսա, որ «համամարդկային արժեքներ» բառերը գրված էին առանց «ազգային»-ի: Օրենքի սկզբում խոսվում է բուհերի առաքելության մասին, որ բուհերը պետք է ձեւավորեն ժողովրդավարություն, պատասխանատվություն, համամարդկային արժեքներ...: Մինչդեռ մենք, որպես կանոն, միշտ գրել ենք` ազգային եւ համամարդկային արժեքներ..., հիմա «ազգային» բառը հանված է, բայց եթե ուզում ենք անկախ լինել, ինչ-որ ազգային բան պետք է ունենանք, հակառակ դեպքում մենք անկախ չենք, իհարկե՝ ես դեմ չեմ համամարդկային արժեքներին, բայց ինչո՞ւ ենք մենք «ազգային»-ը դուրս մղել օրենքից»: