Այլ

Թե՛ փոփոխությունների բովանդակությունը, թե՛ դրանց կիրառումը հակասում են գործող Սահմանադրությանը

Թե՛ փոփոխությունների բովանդակությունը, թե՛ դրանց կիրառումը հակասում են գործող Սահմանադրությանը

2026 թ․ հուլիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ Ընտրական օրենսգրքի և Հանրաքվեի մասին օրենքի փոփոխությունները, ըստ որի ՀՀ Ազգային Ժողովի և ՏԻՄ ընտրությունների ժամանակ քվեարկելու իրավունք ունեն այն ՀՀ քաղաքացիները, որոնք քվեարկությանը նախորդող 730 օրվա ընթացքում փաստացի 366 և ավելի օր գտնվել են Հայաստանի Հանրապետությունում։

Ազգային ժողովի իշխող խմբակցությունը 24-ժամյա ռեժիմում առանց որևէ նախնական հանրային քննարկման միաձայն ընդունեց փոփոխությունները ի հեճուկս դրանց ակնհայտ հակասահմանադրականության և դրա մասին ներկայացված դիրքորոշումներին¹ ² ³, ինչպես նաև ԱԺ փորձագիտական և վերլուծական վարչության եզրակացությանը ⁴։ Թեև միջազգային պրակտիկայում և ՄԻԵԴ նախադեպային որոշումներում կան դեպքեր, երբ բնակության հիմքով ընտրական իրավունքը սահմանափակվում է, սակայն այդ դեպքերը վերաբերում են տասնամյակներին, այլ ոչ թե անգամ մեկ ընտրական ցիկլից պակաս ժամանակահատվածին։

Ընդ որում փոփոխությունները նախատեսվում է կիրառել հենց առաջիկա ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ինչը նշանակում է՝ այն հետադարձ անբարենպաստ հետևանք է ունենալու 2026 թ․ աշնանը սպասվող ՏԻՄ ընտրությունների ընտրողների վրա, որոնք չէին կարող ենթադրել, որ իրենց աշխատանքային կամ այլ նպատակներով բացակայությունը կարող է հանգեցնել ընտրական իրավունքից զրկվելուն։

Ընտրական ցուցակների կազմման գործող կարգավորումները (վավեր փաստաթղթի և հաշվառման առկայությունը) չափելի, կանխատեսելի և վերականգնելի սահմանափակումներ են։ Այսինքն անձը կարող է օրենքով սահմանված ժամկետում դիմել լիազոր մարմնին և վերականգնել իր անունը ընտրական ցուցակում։

Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխություններով նախատեսված սահմանափակումը կարող էր վերաբերել ընտրական ցուցակին, սակայն փոխարենը վերաբերում է ընտրական իրավունքին՝ առանց վերականգնման օբյեկտիվ հնարավորության։

Այսպիսով, թե՛ փոփոխությունների բովանդակությունը, թե՛ դրանց կիրառումը հակասում են գործող Սահմանադրությանը։

Ընդ որում Ազգային Ժողովի ընտրությունների դեպքում այս փոփոխություններն ավելի անբարենպաստ պայմաններ են նախատեսում ընտրողների համար, քան ընտրվողների։

Փոփոխությունները նաև հակասության մեջ են ՀՀ ընտրական օրենսգրքի մյուս հատվածների հետ։ Մասնավորապես, ՀՀ ընտրական օրենսգրքի 62-րդ հոդվածը էլեկտրոնային քվեարկության հնարավորություն է նախատեսում նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների համար, սակայն ընտրական իրավունքը սահմանափակող դրույթը չի նշում զինծառայողներին՝ որպես բացառություն։

Կատարված փոփոխությունները խնդրահարույց են ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածների տեսանկյունից․

Հոդված 28․ Օրենքի առջև ընդհանուր հավասարություն – ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ։

Հոդված 29․ Խտրականության արգելք – Իրավունքների սահմանափակումը որևէ հիմքով, այդ թվում սոցիալական բնույթի հանգամանքներով արգելվում է, իսկ այս փոփոխություններն առաջին հերթին ուղղակիորեն սահմանափակելու արտագնա սեզոնային աշխատանք կատարող քաղաքացիների ընտրական իրավունքը։

Հոդված 48․ Ընտրական իրավունքը և հանրաքվեին մասնակցելու իրավունքը – ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է ընտրական իրավունքից զրկում միայն անհատական դատական ակտի հիման վրա՝ անգործունակ ճանաչված և դիտավորությամբ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված և պատիժը կրող անձանց համար։ Ընտրական իրավունքից զրկելու այլ հիմքեր ու միջոցներ չեն նախատեսվում։

Հոդված 73․ Օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ ուժը – Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, հետևաբար փոփոխությունները, եթե անգամ օրենքի ուժ ստանան, չեն կարող կիրառվել հետադարձ հաշվարկով։

Հոդված 78․ Համաչափության սկզբունքը – Թե՛ Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումների ժամանակ, թե՛ այլ կերպ չեն ներկայացվել բավարար հիմնավորումներ, թե ինչու է նշված սահմանափակումը անհրաժեշտ և առավել ևս հրատապ։Հաշվի առնելով վերոնշյալը՝ կոչ ենք անում

ՀՀ նախագահինՉստորագրել փոփոխությունների փաթեթը և ուղարկել Սահմանադրական դատարան՝ համապատասխանության գնահատման համար։

ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավորներինԴիմել Սահմանադրական դատարան՝ փոփոխությունների Սահմանադրությանը համապատասխանությունը վիճարկելու համար։Հրավիրել արտահերթ նիստ և հրատապ կարգով չեղարկել փոփոխությունները՝ նախատեսելով ապագայում լայն հանրային քննարկումներ շահագրգիռ կառույցների և անձանց մասնակցությամբ՝ գնահատելու, թե՛ խնդրի իրական ծավալը, թե՛ լուծման համաչափ ուղիները։

¹ https://www.facebook.com/factor.am/posts/² https://hcav.am/announcement-30-06-26/³ https://www.facebook.com/akanatesditord/posts/pfbid02W7kJdVvRW2vNJiWkKrDDp2MGXVHr9wK8meCzfn179YpzbsB7QmTbU4Qyx6Mithvml⁴ http://parliament.am/draft_history.php?do=showdiveval&Div=5&ID=16474Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ուղղակի ժողովրդավարություն հասարակական կազմակերպություն

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image