Քաղաքականություն

Բալաստը, որից ո՛չ ազատվել է լինում, ո՛չ քարշ տալ

Բալաստը, որից ո՛չ ազատվել է լինում, ո՛չ քարշ տալ

Ճիշտ է, գետանցի ժամանակ ձիերին չեն փոխում, բայց խելացի զորավարները, սովորաբար, ազատվում են ավելորդ բալաստից: Նիկոլ Փաշինյանը, քանի որ շատ հեռու է խելացի զորավար համարվելու հեռանկարից, որպես մարտավարություն՝ կիրառում է այս պարզագույն ճշմարտության միայն առաջին մասը՝ ձիերին չփոխելը: Իսկ ահա բալաստին նա վերաբերվում է ինչպես տատիկը՝ հնոտիքին: Դրել է հոր տնից օժիտ բերած թախտի պահոցներում ու պահում է՝ չգիտես ում համար, չգիտես ինչու… Թախտն էլ ծանրացել, մարդկանց ու ձիերին քաշում է ջրի տակ, բայց Նիկոլ Փաշինյանն անխռով մաքառում է ալիքների դեմ, որ մի կերպ հասնի ափ:

Բայց Նիկոլի ձիերի մասին այսօր չենք խոսի: Նրանք աշխատում են, չարչարվում, ձգում սայլերը՝ սմբակներով ջրի տակ ամուր քար ու ծերպ որոնելով: Երիվարները ծառս են լինում, ամեհի խրխնջում, երբ ջրի բերած գերանները հարվածում են նրանց՝ արդեն մի քանի տեղից կոտրված կողոսկրերին: Փոխարենը բալաստը հով լռված է սայլերից մեկին բարձած տատիկի թախտի մեջ: Այսօր կխոսենք հենց այդպիսի մի բալաստի մասին:

Արայիկ Հարությունյան՝ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին եւ առայժմ միակ նախարարը, որ հասցրեց իր կարճատեւ պաշտոնավարման շրջանում վաստակել բուսական ծագում ունեցող հանրահայտ մականունը: Ես կասեի՝ դա նրա միակ նվաճումն է, իհարկե` նյութական նվաճումները չհաշված: Արայիկ Հարությունյանին վերջին անգամ տեսել եմ Տիգրան Ավինյանի նախընտրական հանրահավաքի օրը: Էն, որ Էրեբունուց իբր քայլելով պիտի գային քաղաքապետարան ու ճանապարհին էշ-էշ գոռային՝ «Ասեք՝ կանենք, ասեք՝ կանենք»: Նիկոլն էլ՝ իրենց հետ: Ո՛չ ելույթ ունեցավ, ո՛չ բան եւ նույնիսկ Թումանյանից քառյակներ չարտասանեց՝ ոգեւորելու համար օրվա «հերոսին»:

Ինչո՞վ էր մտածում Նիկոլ Փաշինյանը, երբ Արայիկ Հարությունյանին նշանակում էր կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի սուպերնախարար: Չէ՞ որ աշխարհի տակ եղած բոլոր աղբյուրներն այդ երեւույթի մասին միայն լռում էին: Ո՛չ գիտության մեջ կար, ո՛չ քաղաքականության, ո՛չ մշակույթի, ո՛չ էլ, առավել եւս` սպորտի: Քայլե՞լ էր: Հետո՞ ինչ: Մեր գյուղացի Համոյի էշն իր կյանքում այնքան է քայլել, որ ամբողջ ՔՊ-ն ինչքան էլ քայլի, չի հասնի նրան: Բայց, ներողություն, Համոյի էշին ո՞վ է դրա համար բարիքյալլա ասել: Էշ է, էլի, հրեն՝ դեռ քայլում է: Մի խոսքով՝ Արայիկ Հարությունյանին նախարար նշանակելը Նիկոլ Փաշինյանի լավագույն որոշումներից չէր: Չնայած «Փաշինյան» ու «լավագույն որոշում» բառերն ինքնին անհամատեղելի են: Բայց ԿԳՄՍ նախարարի այդ կարեւոր պաշտոնից Արայիկ Հարությունյանը պետք է դուրս թռչեր շամպայնի խցանի պես: Այդպես էլ եղավ: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի իսկական շահառուները՝ հայ երիտասարդները, չընդունեցին նրան: Ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ սփյուռքում: Ուր գնում էր, որտեղ հայտնվում էր, նրան դիմավորում էին համապատասխան վանկարկումներով, պաստառներով եւ հանրահայտ բանջարաբոստանային կուլտուրայի բնամթերքով:

Շշի մեջ գազն աննկատ կուտակվում էր: Արշավ հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության, եկեղեցու պատմության դեմ, արշավ հայ մշակույթի եւ ավանդական ընտանեկան սովորությունների դեմ…  Ցույցեր սկսվեցին, բողոքի ակցիաներ, ոստիկանների հետ կարգին տուրուդմփոց եղավ: Արայիկ Հարությունյանը սպառնում էր նախկինների դեմ արկղերով քրգործեր հրապարակ հանել: Իր արեւին վախեցնում էր երիտասարդներին: Բան դուրս չեկավ: Եվ նա ակամա հայտնվեց անհասկանալի սեռական կողմնորոշումներով մարդկանց շրջանակում՝ ներքաշելով անգամ Նիկոլ Փաշինյանին եւ ստիպելով, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարի այդ շրջանակն իր հովանու ներքո վերցնելու մասին: Հիշո՞ւմ եք, տասնյակ միլիոններով կինո նկարեցին նույնիսկ մի սեռափոխված սպորտսմենի մասին, որն այդպես էլ, չգիտես ինչու, մեծ էկրան չբարձրացավ:

Էլ ինչ երկարացնեմ, Արայիկ Հարությունյանը դուրս թռավ իր պաշտոնից: Նա առաջին թավշյա պաշտոնյան էր Փաշինյանի կառավարությունում, որ պաշտոնանկ արվեց այդքան խայտառակ ձեւով: Թվում էր՝ կռիվ կինոն ավարտվեց, բայց, ինչպես հետո պարզվեց, ավարտվել էր այդ կինոյի միայն առաջին սերիան: Արայիկ Հարությունյանը հայտնվեց Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: Կարող եք հարցնել՝ իսկ դա ձեռքբերում չէ՞ր Արայիկ Հարությունյանի համար: Ոչ, հարգելիներս: Փաշինյանի աշխատակազմը հենց այն արկղն էր, որի մեջ Փաշինյանն իր հնոտիքն է հավաքում: Ու եթե հնոտիքի համար արկղում հայտնվելը ձեռքբերում է, բան չունեմ ասելու, թող լինի ձեռքբերում, բայց դա ավելի շուտ բալաստի է նման:

Գորշ կարդինալ, բան… Ինչ անունով ասես, որ չեն փորձում մեծարել Արայիկ Հարությունյանին: Ընդհուպ խոսում են՝ Նիկոլն ինչ անում է, դրա խորհուրդներով է անում: Չեմ հավատում: Ինձ համար դա նույն Արայիկ Հարությունյանն է՝ հայտնի բանջարաբոստանային կուլտուրայի մականունով: Գուցե նա Նիկոլի անունից դեռ հրահանգներ է իջեցնում ՔՊ-ի համացանցային շարքերին՝ գյադեք, էս գրեք, չէ, գյադեք, էն գրեք, բայց որեւէ լուրջ գործով չի զբաղվում: Եվ հիմա, երբ Նիկոլը դժվարությունների մեջ է ու պիտի գետն անցնի, չի ուզում ձիերին փոխել: Բայց բալաստը խանգարում է նրան: Ձգում է դեպի հատակ եւ միեւնույն ժամանակ ամեն ինչ անում, որ Նիկոլն իրենից չազատվի: Բալաստն սկսել է Նիկոլին խաբել, թե իբր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մարել է, մարում է, մարելու է, անհանգստանալու ոչինչ չկա: Հուսամ՝ Նիկոլը հասկանում է, թե որն է բալաստի փորացավը, հուսամ՝ գիտակցում է, որ այս շարժման մարելու հետ մարելու են նաեւ Հայաստանն ու հայ ժողովուրդը, վերանալու են պետությունը, երկիրը, ամեն ինչ: Հուսամ՝ հասկանում է: Իսկ պահն էլ, ինչպես ասում են, խիստ նպաստավոր է ու պետք է հնարավորինս արագ ազատվել բալաստից, եթե ուզում է երկիրն ափ հանել:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image