Մշակույթ

Նոր օրենքում մայր բուհը զրկվել է հատուկ կարգավիճակից

Նոր օրենքում մայր բուհը զրկվել է հատուկ կարգավիճակից

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը, որը մշակվել է ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի կողմից։ Ի թիվս մի շարք վիճահարույց հոդվածների, նոր մշակված օրենքում Երեւանի պետական համալսարանը չունի հատուկ կարգավիճակ։ Մինչդեռ, 2021-ին մշակված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքով Երեւանի պետական համալսարանին տրվել էր հատուկ կարգավիճակ, ինչն ամրագրվել էր հատուկ դրույթով, այն է՝ «Երեւանի պետական համալսարանը Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության, գիտության եւ մշակույթի բացառիկ հաստատություն է, որի կարգավիճակի, գործունեության եւ ֆինանսավորման առանձնահատկությունները սահմանում է կառավարությունը»: 

Այն, որ ԵՊՀ-ին հատուկ կարգավիճակ տալու կետն օրենքից բացակայում է, դասախոս, Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի խոսքով, շատ լուրջ, մտահոգիչ հարց է բոլորիս համար․ «Ինձ համար ազգային արժեք է Երեւանի պետական համալսարանը, իսկ այս մարդիկ բոլոր ազգային արժեքներից հրաժարվել են։ Ուշադրություն դարձրեք․ երբ օրենքում խոսվում է բուհի գործառույթների, ուղղությունների մասին, գրված է՝ ուսանողին ծանոթացնել համամարդկային արժեքներին, այսինքն՝ «ազգային» բառը չկա, դուրս է թողնվել օրենքից ու միանգամից գրվել է՝ ծանոթացնել համամարդկային արժեքներին։ Հիմա ԵՊՀ-ն էլ բացառիկ ազգային կառույց է, ինչպիսիք մեր կյանքում շատ քիչ են, ես դրանց շարքում եմ դասում եկեղեցին, բանակը եւ, իհարկե, Երեւանի պետական համալսարանը, իսկ իրենք ցանկացած ազգայինից վախենում են, որտեղ կա ազգային մտածելակերպ, ուզում են անմիջապես փոխել։ Այս նոր օրենքով էլ Երեւանի պետական համալսարանի հատուկ կարգավիճակը վերացվում է»։

Թե ինչ ռիսկեր սա կարող է ստեղծել մայր բուհի համար, Ց․ Ակոպյանն ասում է՝ խոշորացումից մինչեւ շենքի օտարում, իսկ ամենակարեւորը՝ մայր բուհը զրկվելու է անձեռնմխելիությունից, որի հետեւանքով շատ տարբեր ոտնձգություններ կարող են արվել․ «Իրենք երկար ժամանակ քննարկում էին ռազմավարությունը, ասում էին, որ բոլոր բուհերը տեղափոխվում են ակադեմիական քաղաք, խոսքը պետական բուհերի մասին է, իսկ մնացած բուհերն իրենք կորոշեն, եթե ցանկանան, պայմանները բավարարեն, կարող են գնալ, եւ ընդամենը 2 բուհ պետք է մնա Երեւանում, խոսքը գնում էր Բժշկական համալսարանի եւ ԵՊՀ-ի մասին։ Իսկ երբ հիմա այս օրենքի նախագիծն ենք կարդում, տրամաբանությունը լրիվ փոխվում է, ու այստեղ հասկանում ենք, որ վաղ թե ուշ բոլոր բուհերը պետք է գնան ակադեմիական քաղաք, եթե, իհարկե, այս ծրագիրը կյանքի կոչվի, այս օրենքի նախագծից դա ենք հասկանում։ Այսինքն՝ այս օրենքն իրենք ընդունում են, որպեսզի վաղը, մյուս օրը գնան միավորման ու ասեն՝ գիտեք ինչ, այսպես օրենքում է գրված, ինչպես Ժաննա Անդրեասյանը շատ դեպքերում է արել։ Օրենքը փոխել են, հետո ասել են՝ այդպես օրենքում է գրված, մենք ի՞նչ անենք, բայց օրենք փոխողն էլ եք դուք, ընդունողն էլ եք դուք։ Դրա համար այս փուլից գործընթացը պետք է կանխվի, որ վաղը չէ մյուս օրը այս արտահայտությունը նորից չլսենք, թե օրենքում է գրված, ուրեմն կյանքի պետք է կոչենք։ Իսկ այս օրենքի թիվ մեկ նպատակը նաեւ բուհերի խոշորացումն է ու այս հարցին օրենքի մակարդակում լուծում տալը»։

Ցոլակ Ակոպյանի կարծիքով, ընդհանրապես «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նոր նախագիծը ծայրից ծայր քննարկման կարիք ունի․ «Սա վատագույն օրենքի նախագիծն է, որ երբեւէ դրվել է քննարկման, ես նման վատագույն օրենք չեմ հիշում, նախկինների մասով գոնե լուսավոր կետեր կային, ինչը հույս էր ներշնչում, որ մարդիկ իսկապես ուզում են բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտը բարեփոխել»։

Ինչ վերաբերում է նոր օրենքով նախատեսված բուհերի լիցենզավորման պահանջներին, ըստ որի՝ 4 հազարից պակաս ուսանող ունեցող բուհեր այլես չպետք է լինեն, Ց․ Ակոպյանի գնահատմամբ՝ սա եւս շատ խնդրահարույց կետ է, ու դա՝ հատկապես արվեստի բուհերի մասով։ «Մեր բոլոր արվեստի բուհերը եթե միացնենք իրար, այնտեղ 4 հազար սովորող ուսանող չի լինի, իսկ այս օրենքի ընդունումից հետո ի՞նչ է լինելու նրանց հետ, ակնհայտ է, որ այս օրենքն ընդունում են՝ ուղղակի բուհերը փակելու համար»,- եզրափակում Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտորը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image