Հոկտեմբերի 28-ից հետո, երբ իշխող Բալասանյան դաշինքը վայր դրեց բոլոր 14 մանդատները, ներառյալ` քաղաքապետինը, իսկ դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկվածներն ինքնաբացարկի դիմումներ ներկայացրին, եւ քաղաքապետարանում աշխատող պաշտոնյաներն էլ հրաժարականներ տվեցին, Գյումրիում սկսվեց կառավարման ճգնաժամ։
Հանրապետության երկրորդ քաղաքը մատնվեց անտերության։ Քաղաքն աղբի մեջ կորում է, մարդիկ աշխատավարձեր չեն ստանում, գնումներ չեն իրականացվում, ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվում, չկա ղեկավար` ո՛չ քաղաքապետ, ո՛չ քաղաքապետի տեղակալ, որ հրամաններ տա, ինչ-որ անհրաժեշտ գործողություններ անի: Համայնքապետի տեղակալի՝ փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանի նկատմամբ էլ քրեական գործ հարուցվեց, եւ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը։ Կալանավայրում է նաեւ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին, քրգործ է հարուցվել նաեւ ԱՄՆ-ում բուժվող Սամվել Բալասանյանի նկատմամբ:
Գյումրու կոլապսի մասին խոսում է ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը։ ԱԺ-ում կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր, գյումրեցի Էմմա Պալյանի դիտարկմանը, որ Գյումրու համայնքապետարանի եւ դրան ենթակա հիմնարկների շուրջ 2 հազար աշխատակիցներ աշխատավարձ չեն ստացել, Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ մեկ շաբաթից կստանան՝ հընթացս Գյումրիում տեղի ունեցածը բնորոշելով որպես քաղաքական անպատասխանատվության դրսեւորում: «Այդ մարդիկ մանդատ են ստացել ազատ, անկախ ընտրություններով, Գյումրին կառավարելու հայտ են ներկայացրել: Հիմա իրենց քայլով Գյումրիում ստեղծել են ճգնաժամ, դեռ մի կողմից շահարկումներ են գնում, թե իշխանությունն է ճնշել, ստիպել»,- ասաց վարչապետը։
Իհարկե, շատերը գիտեն իրականությունը, գիտեն, թե ամիսներ շարունակ ինչպես է ՔՊ-ն փորձել խլել իշխանությունը Գյումրիում, երբ չի ստացվել, քրեական գործեր են հարուցվել, Բալասանյանի որդուն են Իրաքում դեսպանի պաշտոնից հետ կանչել` նշանակվելուց ամիսներ անց, եւ այլն, ինչին էլ հետեւեց Բալասանյան դաշինքի կազմակերպված հրաժարականը: Բայց հիմա քաղաքը ո՛չ ավագանի ունի, ո՛չ քաղաքային իշխանություն, եւ անգամ արտահերթ ընտրություններ չեն կարողանում նշանակել, քանի որ դա, ըստ օրենքի, անում է գործող համայնքապետը կամ ԺՊ-ն: Իսկ Գյումրին այսօր չունի ո՛չ քաղաքապետ, ո՛չ քաղաքապետի ԺՊ։ Իրավական փակուղում հայտնված ՔՊ-ականները սկսել են խոսել օրենքը փոխելու` բացը լրացնելու մասին։ Բայց թե ինչն են փոխելու` որ օրենքը, ինչպես, չի հստակեցվում։ Ի վերջո, օրենքը չի նախատեսում նման աննախադեպ իրավիճակ, երբ հաղթած ուժն ընտրություններից մեկ տարի անց, ամբողջությամբ հրաժարվում է իշխանությունից` չդիմանալով ճնշումներին:
Իրավիճակը կարող էր փրկել փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը, սակայն նա տնային կալանքի տակ է` մեղադրվում է Բալասանյանին ու «Գյումրի գարեջուր» ընկերությանն առնչվող քրեական գործով, որտեղ աշխատել է երկար տարիներ։ Գյումրու ավագանու անկախ անդամ Վարդեւան Հակոբյանն օրերս առաջարկել էր՝ Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանին տնային կալանքից ազատել, որպեսզի քաղաքը կառավարող ունենա։ Մեր տեղեկություններով, իշխանությունը փորձել է համոզել Ջանոյանին, որ վերադառնա աշխատանքի եւ կատարի իր հրահանգները` հրամաններ տա, արտահերթ ընտրություններ նշանակի, սակայն վերջինս չի համաձայնել, որովհետեւ չի ցանկանում գործ ունենալ ՔՊ-ականների հետ: Բացի այդ` վերջերս մահացել է նրա կինը, եւ մարդը վշտի մեջ է ու անցավ գլուխը չի ուզում ցավի տակ դնել։
Գյումրիում համառորեն լուրեր են պտտվում, որ Ջանոյանին համոզելու պլան B են մտածել։ Քանի որ միակ մարդը, որը կարող է համոզել նրան՝ վերադառնալ գործի, Սամվել Բալասանյանն է, նրա որդուն տնային կալանքից բերդ են տարել, որ հանուն որդու Բալասանյանը համոզի նրան` ենթարկվել ՔՊ-ին: Հենց այս նպատակով է, ըստ օդում պտտվող զրույցների, նոյեմբերի 15-ին Հակակոռուպցիոն դատարանն անսպասելի եւ անհիմն որոշմամբ կալանավայր ուղարկել Բալասանյանի կրտսեր որդուն՝ Խաչատուրին, որը մեղադրվում է «Սեւ բերդ» ամրոցի շրջակա հողատարածքներին ապօրինի տեր կանգնելու մեջ։
Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը հերքում է այս լուրերը։ Նրան հարցրինք` ինչպե՞ս է վերաբերվում քաղաքական շրջանակներում շրջանառվող լուրերին, թե ՔՊ-ն նոր ճնշում է գործադրում՝ Ջանոյանին համոզելու համար, որ նա վերադառնա եւ համայնքապետի ԺՊ-ի պաշտոնը ստանձնի։ «Նախ, ես խնդրում եմ Ձեր ձեւակերպումները ճիշտ անել։ ՔՊ-ն նոր ճնշում, որպես այդպիսին, չի կարող անել, նախ` հին ճնշում էլ չի եղել, որ նորն անի։ Ճնշում, որպես այդպիսին, երբեք չի եղել եւ չի կարող լինել։ Երկրորդ․ Ջանոյան Սուրենը պաշտոնից ազատված չէ` լինելով կալանքի տակ, բայց նրա լիազորությունները կասեցված են։ Թեկուզեւ կալանքից վերադառնա Ջանոյան Սուրենը, չկա անձ, որը որ այդ լիազորությունները պետք է դնի իր վրա։ Այսինքն՝ նա չի կարող այդ դերակատարումն ունենա։ Հետեւաբար, այդ ամենը կապել ձերբակալության կամ այլ իրավական գործընթացների հետ, աբսուրդի ժանրից է»։ Այսինքն՝ քննիչները չե՞ն կարող կասեցման որոշումը վերացնել։
«Ես Ձեզ ասում եմ իրականությունը, եթե նույնիսկ Ջանոյան Սուրենը վերադառնա կալանքից, նա չի կարողանալու համայնքի ղեկավարի լիազորությունները ստանձնել, օրենքը թույլ չի տալիս, որովհետեւ իր գործառույթները` մինչեւ կալանքի գնալը, արդեն իսկ կասեցված էին համայնքի ղեկավարի կողմից, եւ չկա մարդ, որը դնի այդ լիազորությունները նրա վրա։ Որեւէ տեղ նման իրավիճակ չի եղել, սա աննախադեպ իրավիճակ է»։ Իսկ ո՞րն է լուծումը, Կարեն Սարուխանյանը պատասխանում է․ «Հնարավորինս շուտ ու խելամիտ ժամկետում Գյումրիում պետք է ընտրություններ լինեն, բայց միայն օրենքի սահմաններում»։ Այլ կերպ ասած՝ փոխե՞լ օրենքը։ «Եթե օրենքը պետք է փոխել, որ Գյումրին այս կառավարման ճգնաժամից դուրս գա ու պատրաստվի նոր ընտրությունների, միանշանակ, պետք է փոխել օրենքը»,- ասաց նա։
ՀԳ․ Ի դեպ, մենք օրեր առաջ գրել էինք, որ Սարուխանյանի ազգականը կալանավորվել է թմրանյութերի մեղադրանքով, եւ Փաշինյանն առաջարկել է նրան էլ «անալիզ» տալ` արյան մեջ թմրանյութերի առկայությունը ստուգելու համար: Երեկ մամուլում լուրեր շրջանառվեցին, որ անալիզը «դրական» է եղել: Եթե դա իրականությանը համապատասխանում է, ապա քիչ հավանական է, որ Կարեն Սարուխանյանը շարունակի մնալ իշխանական թեկնածուն` Գյումրու ընտրություններում։