Ո՞վ կա այնտեղ հայ արեւմտամեռներից… Արամ Սարգսյան, Տիգրան Խզմալյան, Արման Բաբաջանյան, Արթուր Սաքունց, Լեւոն Շիրինյան, Ստյոպա Սաֆարյան, Արեւմուտք գնացող ՀՀ կառավարություն, ԱԺ ՔՊ խմբակցություն… Բոլորդ կարող եք հանգիստ կնքել ձեր քաղաքական մահկանացուն: Շանհայի համագործակցության կազմակերպությունից վատ լուրեր ունեմ ձեզ համար: Հեռավոր Չինաստանում Նիկոլ Փաշինյանը բոլորիդ դամբանականը ընդամենը մեկ երեկոյի ընթացքում կարդաց, վերահաստատեց եւ անգամ փաստաթղթավորեց: Թե հիմա դուք ինչ կանեք՝ հող կուտեք, կմեռնեք կամ մեկ այլ ձեւով վերջ կտաք ձեր անիմաստ կյանքին, դա էլ դուք գիտեք: Եվ ամենակարեւորը՝ ինձնից հեռու, որ վաղն ինձ չմեղադրեն, թե ես եմ ձեզ դրդել ինքնասպանության:
Ի՞նչ տեղի ունեցավ Չինաստանում: Երկու հանդիպում, որ հայ արեւմտամեռների կյանքը 180 աստիճանով փոխեց: Խոսքը Նիկոլ Փաշինյանի՝ Վլադիմիր Պուտինի եւ Սի Ծինփինի հետ հանդիպումների մասին է, հանդիպումներ, որոնք, մեղմ ասած, ծռեցին ինքնիշխան Հայաստանի Հանրապետության վերջնական կողմնորոշման վեկտորը դեպի Արեւելք: Մնաս բարով, Եվրոպա, մենք շնորհակալ ենք քեզ, Թրամփ պապի,… Մակրոն քեռի, դու իժոգայի դեմ դեղեր խմիր, Գերմանիայի դեսպանն էլ ինչքան քիչ գնա Գյումրի, այնքան լավ: Անգլիացիների ու ամերիկացիների բախտն էլ ընդհանրապես չբերեց, որովհետեւ սրանք Թայվանի հետ կապված բոլորովին այլ ծրագրեր ունեին, այդ թվում նաեւ՝ մութ:
Առաջինը կարող են հանգիստ ինքնասպանվել բոլոր նրանք, ովքեր արդեն սկսել էին վայելել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու, այսպես ասած, հաճույքը: Սրանց թիվը համեմատաբար մեծ է եւ ընդգրկում է տարբեր խավերի ներկայացուցիչների՝ նախարարներից մինչեւ վերջին քաղաքական բոսյակներ, ԱԺ պատգամավորներից ու պսեւդո բարձրաստիճան զինվորականներից մինչեւ կառավարության տան մաքրուհիներ եւ աշխատակազմի լաքեյներ: Գնացեք մեռեք, ուղղակի մեռեք, որովհետեւ Նիկոլը հայտարարեց, որ Հայաստանն ու Ռուսաստանն այսուհետ բարեկամ երկրներ են: Ինչ եղել՝ եղել է․ թթու խոսքեր ենք ասել Ռուսաստանին, սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, ռուս բարձրաստիճան պաշտոնյաների ենք արգելել մուտք գործել Հայաստան, լեզվակռիվների մեջ ենք եղել Մարիա Զախարովայի հետ, փորձել ենք Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից, Բաբաջանյան Արմանին ենք գործուղել 102-րդ ռազմաբազայի դեմ ցույցի, Լավրովի դեմ ենք ցույց արել, Պուտինին ենք սպառնացել ձերբակալությամբ… Այսօր համարեք, որ այդ ամենը չի եղել, համարեք, որ այդ ամենը չի եղել Արեւմուտք գնալու քաղաքական կուրսի արդյունքում, այդպիսի կուրս Հայաստանը երբեք չի ունեցել, դուք էլ ընդհանրապես չեք եղել… Եվ, ուրեմն՝ փակեք ձեր աչքերն ու հավերժորեն լռեք, որովհետեւ Հայաստանն ու Ռուսաստանը, եթե հավատանք Նիկոլի հայտարարությանը, այսուհետ բարեկամ երկրներ են, իսկ տարածաշրջանի բարեկամ երկրին, որպես կանոն, դուռը ցույց չեն տալիս, նրա հետ հարաբերությունները չեն սառեցնում, միջազգային ատյաններում նրա դեմ քվեարկություններ չեն անում, չեն սպառնում բռնել նրա նախագահին: Մեռեք ուղղակի եւ հանկարծ չփորձեք Նիկոլի նոր դիրքորոշմանը հակառակ դիրքորոշում հայտնել: Սա վերաբերում է ոչ միայն կառավարության անդամներին, այլեւ՝ բոլորին, ովքեր 44-օրյա պատերազմի մեր պարտության մեղավոր են համարել Ռուսաստանին եւ Պուտինին:
Հաջորդ հանդիպումը, որ նույնպես մահացու էր հայ արեւմտամեռների համար, Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ Նիկոլի հանդիպումն էր, որի արդյունքում Հայաստանն ու Չինաստանը հաստատեցին ռազմավարական գործընկերություն: Այդ փաստաթուղթը մահվան դատավճիռ է հայաստանյան տիրույթի ողջ սորոսական սբրոդի համար: Սրանք համարվում են հայ արեւմտամեռների էլիտար հատվածը եւ պիտի որ ինքնավերանան շատ ավելի արագ ու անաղմուկ: Իսկ մինչ այդ կարդանք ու տեսնենք, թե ինչ է գրված Նիկոլ Փաշինյանի եւ Չինաստանի համատեղ ռազմավարական դաշնագրում. «Հայկական կողմը վերահաստատում է իր դիրքորոշումն ի աջակցություն «Մեկ Չինաստանի» սկզբունքին՝ ճանաչելով, որ աշխարհում գոյություն ունի միայն մեկ Չինաստան, եւ Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, իսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունն ամբողջ Չինաստանը ներկայացնող միակ օրինական կառավարությունն է. վճռականորեն դեմ է «Թայվանի անկախության» ցանկացած ձեւի եւ աջակցում է ազգային վերամիավորման ուղղությամբ Չինաստանի կողմից գործադրվող ջանքերին»։ Կարդացե՞լ եք, արա: Կարդացել եք ու մինչ այս պահը դեռ չե՞ք մեռել: Երեւի բնական եք համարում, որ Արցախի անկախության իրավունքը մերժող ՀՀ կառավարությունը չէր կարող ընդունել Թայվանի անկախության ցանկացած ձեւ, այդպես չէ՞: Նորմալ եք, չէ՞, համարում, որ Արցախի հետ վերամիավորումը մերժած ՀՀ կառավարությունը Չինաստանին Թայվանը վերամիավորելու կոչ է անում: Սա առնվազն ուռոդություն է Նիկոլի կողմից, իր թշվառ իշխանությունը պահելու էլի մի փորձ, բայց ձեզ համար, հայ արեւմտամեռներ, սա հավասարազոր է Արեւմուտքի երեսին թքելուն ու դուռը շրխկացնելուն: Մի ամիս էլ չանցավ Վաշինգտոնի հանդիպումից ու «Զանգեզուրի միջանցքը» բացելուց, եւ, խնդրեմ, այսպիսի բաներ… Նիկոլը, փաստորեն, գիտեր, որ այդ միջանցքը Չինաստանին պետք չէր, գիտեր, որ վատ բան է արել Մեկ Չինաստանի դեմ, որ այդ միջանցքով անցնելիք «բեռները» սնելու են Թայվանի անջատողական շարժումը, որ միջանցքը նպաստելու է թմրամիջոցների անխոչընդոտ անցմանը դեպի Չինաստան եւ Թայվան, որ միջանցքը զենք է դառնալու համաշխարհային ահաբեկչության ձեռքին: Գովերգում էիք Թրամփի կամուրջը…
Հիմա բարի եղեք՝ Թրամփից հետաքրքրվել՝ գո՞հ է արդյոք նա Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հաստատված ռազմավարական այս գործընկերությունից, որով Հայաստանը մի շարք կետերով պարտավորվում է միջազգային հարաբերություններում երբեք չգործել եւ հայտարարություններ չանել Չինաստանի դեմ: Բա Թրամփի կենդանության օրոք նրան հուշարձան կանգնեցրեցիք, ձեզ գցել էիք Սպիտակ տուն… Կարողանալո՞ւ եք սրանից հետո նրա աչքերի մեջ նայել:
Հուսամ՝ սխալ տպավորություն չստեղծվեց, թե ես դեմ եմ Չինաստանի հետ մեր ռազմավարական գործընկերությանը: Ընդհակառակը, շատ էլ կողմ եմ: Ես իրականում դեմ եմ Հայաստանում արեւմտամեռների գոյությանն ու գործունեությանը: Ի վերջո, այն բոլոր ավերներն ու կորուստները, որ եկան մեր գլխին, ոչ այնքան խակ Նիկոլի, որքան հենց այդ սբրոդի պատճառով էին: