Նախորդ օրը խորհրդարան-կառավարություն հարց ու պատասխանի ամենաանորմալ պահը «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանի հարցին վարչապետի աթոռից կառչած անձի ռեակցիան էր: Ինչը խորհրդարանական կառավարմամբ երկրի ընդդիմադիր պատգամավորի (այն էլ կնոջ) նկատմամբ քաղաքակիրթ վարքագիծ դրսևորելուց հեռու էր կիլոմետրերով: Եթե նույնիսկ չլինեի ընդդիմադիր, միևնույն է, դժվար թե դրան իմ ռեակցիան այլ լիներ: Իսկ այն կարող եմ բնորոշել որպես ծիծաղ լացի միջից, քանի որ այն խնդալու էր, սակայն հաշվի առնելով, որ ամբիոնի մոտ կանգնածը մեր երկրի վարչապետն էր: Բայց եթե մի փոքր վերացարկվում ես իրականությունից՝ հասկանում ես, որ պարտված ու թշնամու կողմից անընդհատ ստորացվող ու նրան պատասխանել չկարողացող անձը, ով նաև երկրի ղեկավարն է, իր մուռը պետք է հանի նրանցից, ում վրա պատում է իր ուժը: Այսինքն, իր երկրի քաղաքացիներից: Հատկապես երբ վերջինս փոքրոգի է, ինչը բացահայտվեց թեկուզ իր երբեմնի համախոհ Աղազարյան Հովիկի նկատմամբ իր վերաբերմունքից: Ի դեպ, վերջինիս խոսքն ու շարժումները շատ ավելի «դիտարժան» են դառնում, երբ նրա պատասխանը լսում ենք «յութուբյան» նորմայից ավելի բարձր՝ «1,5» արագությամբ:
Ինչևէ, անցնեմ երեկվա խոսակցության բովանդակային հարցերից մեկին: Նախկինում իրական և երևութական գողացվածը «հատիկ առ հատիկ» վերադարձնելուն ահռելի ջանքեր ներդրած անձը չի գիտակցում, որ եթե բոլորին էլ ամբողջությամբ կուլակաթափ անի, դա չի ծածկի այն պարտքը, որ իր իշխանություն օրոք Հայաստանը կուտակել է երկրի ներսից (պետական պարտատոմսեր) և դրսից (եվրաբոնդեր կամ եվրապարտատոմսեր): Իսկ դա կազմում է ավելի քան 6 միլիարդ ԱՄՆ դոլար, և շարունակում է աճել: Եվ այդ հսկայական գումարն ուղղվել է ոչ թե այնպիսի ծրագրերի իրականացմանը, որոնք նպաստելու էին տնտեսության զարգացմանը, այլ զուտ «մասկի շոու» անելուն: Ինչպես նաև ինքն իրեն ու իր ենթականններին հսկայական (մեր երկրի մասշտաբով) աշխատավարձեր ու պարգևավճարներ բաժանելուն: Վարչապետ կարգվելու առաջին տարում «տնտեսական հեղափոխություն»-ից խոսողը չկարողացավ ինչպես հարկն է օգտագործել ռուս ռելոկանտների կողմից երկրում ծախսված գումարը: Նաև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հաշվին ապրանքների ներկրում-վերարտահանումից առաջացած օգուտները: Ու քանի որ ինքը տապալվել է թե՛ ռազմական ու դիվանագիտական և թե՛ տնտեսության զարգացման հարցերում, շարունակում է մարդկանց հիմարի տեղ դնելը կուլակաթափության վերաբերյալ «հատիկ առ հատիկ» գաղափարի սպեկուլյացիայով:
Ի դեպ, երբ խոսում էր, որ թեկուզ իշխանավորների ձեռքն էլ կտրի, բայց դա բավարար չի, որպեսզի մարդկանց թոշակներն ու նպաստները որոշակիորեն ավելանան՝ կրկին դիմում էր մանիպուլյացիայի օգնությանը: Այո, դա բավարար չի, եթե իշխանության միջանցքներում քարշ եկողների եկամուտները մնան նույնը: Իսկ եթե կրկնակի կրճատվեն, օրինակ, «Պետական և այլ պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները» և միաժամանակ չեղարկվեն տարեկան (երկու տարին մեկ, երեք տարին մեկ) բարձրացումները, ապա աստիճանաբար կբարձրացվեն վերը նշվածների եկամուտները: Բայց դա, բնականաբար, չի արվի, քանի որ ինքն ու իր հետ եկածները նվիրյալներ չեն, որպեսզի բավարարվեն ավելի պակաս եկամուտներով: Բա էլ ինչո՞ւ էին Գյումրիից Երևան քայլում, իսկ Երևանում էլ փողոցներ փակում, որպեսզի չօգտվեն իշխանություն ունենալու արտոնություններից ու հաճույքներից: Իսկ տեղն եկած դեպքում էլ կոպտորեն (առնվազն) վերաբերվեն նրանց, ովքեր շատ ավելի արժանի մարդիկ են, քան իրենք: Ու դրա փոխարեն խոսում են ինչ-որ ծրագրերի չիրականացումից, մարդկանց չհասկանալուց և այլն, և այլն: