Հասարակություն

Ծխում է Աղվան Վարդանյանը, տուգանքը կվճարի Ալեն Սիմոնյանը 

Ծխում է Աղվան Վարդանյանը, տուգանքը կվճարի Ալեն Սիմոնյանը 

Պատգամավոր Աղվան Վարդանյանին այսօր փորձել են ծխելու համար տուգանել։ Մենք զանգեցինք նրան եւ նա պատմեց, թե ինչ է տեղի ունեցել․ 

«Այսօր Ռազմիկ Դավոյանի ծննդյան 85- ամյակն է, Ազգային ժողովի իմ աշխատասենյակում Գրողների միությունում կարդացվելիք խոսքս էի խմբագրում, ներս մտան երկու ոստիկան, ասացի ներկայացեք, ներկայացան, Արաբկիրի ոստիկանության բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Բաղիյան եւ նույն բաժնի կապիտան Սարգիս Հարությունյան։ Շատ լավ տղաներ էին, զրուցեցինք, կատակներ արեցինք: Ոստիկաններն ասացին. պարոն Վարդանյան, երեկ դուք Ազգային ժողովի միջանցքում ծխել եք, եկել ենք` արձանագրություն կազմենք։ 
Ասացի. բայց ո՞վ է հաղորդում տվել, որ ես ծխել եմ, բա` մենք ունենք տեսաձայնագրություն։ Ասացի` Աժ աշխատակազմի՞ց են տեսաձայնագրությունը տվել: Տղաները լռեցին: Ով է այդ...: Պարոն Վարդանյան, խնդրում ենք չվիրավորել: Ասացի` ես եմ որոշում ինչ ասել, էս խառը օրով ուրիշ բանուգործ չունե՞ք, փոխգնդապետ, կապիտան ելել-եկել եք Աղվան Վարդանյանի՝ մեծերի սենյակը, եւ այս հարցո՞վ։ Թե՝ պարոն Վարդանյան, դե, մենք ի՞նչ անենք, մենք մեր գործն ենք անում եւ այլն, եւ այլն։ Լավ, ասացի, կազմեք արձանագրությունը: Սարգիսը կազմեց արձանագրությունը եւ տվեց, որ համաձայնություն տամ` ստորագրեմ։ Ասացի՝ նայեք, ես համաձայնություն, բնականաբար, չեմ տալու եւ արձանագրության վրա գրեցի. 

«Ես բանավոր պայմանավորվածություն ունեմ ԱԺ նախագահ պարոն Ալեն Սիմոնյանի հետ, որ ԱԺ տարածքում իմ ծխելու տուգանքներն ինքն է վճարելու։ Տղաներն անակնկալի եկան. ինչպե՞ս կլինի, պարոն Վարդանյան, ասացի՝ կլինի այնպես, ինչպես ես եմ ասում։ Թուղթը վերցրեցին, գնացին»։

Աղվան Վարդանյանը պատմեց, թե ինչպես է ծնվել Ալեն Սիմոնյանի հետ իր «պայմանավորվածությունը»․
«Ամիսներ առաջ Բաղրամյան մուտքից բարձրանում եմ ԱԺ, Ալեն Սիմոնյանը կարծեմ Շվեյցարիայի նախագահին կամ մեկ ուրիշի էր ճանապարհում։ Ծխելով բարձրանում էի, աստիճաններին կարմիր գորգ էր փռած, բարեւեցին, բարձրացանք, միասին մտանք ԱԺ շենք: Բնականաբար, ես ծխում էի: Ալեն Սիմոնյանը կողքի աշխատակիցներին ասաց՝ տուգանեք պարոն Վարդանյանին, ԱԺ տարածքում ծխում է։ Ասացի, այո, տուգանեք, բայց անդորրագիրը կտանեք Ալեն Սիմոնյանին կտաք, նա կվճարի։ Պարոն Սիմոնյանն ասաց՝ այո, կբերեք, ես կվճարեմ։ Հիմա պատմությունը կրկնվում է երկրորդ անգամ` իբրեւ ֆարս, վստահ եմ` պարոն Սիմոնյանն իր խոսքի տերը կլինի: Վճարման անդորրագիրն իմ օգնական Նունեի մոտ է: Կարծում եմ՝ այս պայմանավորվածությունը վերաբերում է Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման ամբողջ ժամկետին»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image