Քաղաքականություն

ՔՊ-ի  22%-ը ցածր չէ, եթե ընդդիմադիրների վարկանիշն ավելի ցածր է

ՔՊ-ի  22%-ը ցածր չէ, եթե ընդդիմադիրների վարկանիշն ավելի ցածր է

Ընդդիմադիր շատ գործիչներ հաճույքով նշում են, որ ավագանու ընտրությանն ընդառաջ ՔՊ-ն Գյումրիում ունի ընդամենը 22%-ի վարկանիշ: Սոցհարցման այդ տվյալն, իհարկե, լավ առիթ է ՔՊ-ն ձեռ առնելու առումով: Բայց ասվածը կիսաճշմարտություն է՝ մնացած թեկնածուների, ըստ այդ սոցհարցման, վարկանիշը շատ ավելի ցածր է: Եվ այդ թվում երկարամյա նախկին քաղաքապետ ու իշխանության ներկայացուցչի հիմնական մրցակից Վարդան Ղուկասյանինը. նրանը կարծեմ 20 տոկոս էր: Այսինքն, «իրենց» Սարիկը շատ ավելի մեծ շանսեր ունի Գյումրիի քաղաքապետ կարգվելու, քան թե Երևանում ուներ Ավինյանը: Հատկապես հաշվի առնելով իշխանամետ ու ընդդիմադիր մի քանի այլ անձերի առաջադրումը, ինչը կփոշիացնի ձայները: Եթե դրան էլ գումարենք իշխանության կողմից ընդդիմադիրների ուղղությամբ իրականացված վարչական ճնշումները, ինչպես նաև ընտրողների առումով ուղղորդումները (թեկուզ ՀՕԱԿ-ային տնօրեններին ավագանու թեկնածուների ցուցակներում ընդգրկելը), ապա վերջնական արդյունքների վերաբերյալ կասկածներ չեն առաջանում: Ի դեպ, իշխանամետ «նյուզերից» մեկն էլ Սարիկին օժտել է 45.6 տոկոսանոց վարկանիշով:

Այդ պարագայում ի՞նչ պետք է արվեր, որպեսզի «նիկոլիզմը» պարտվեր մեկ առանձին վերցրած համայնքային ընտրություններում: Նախ, ընտրություններից մեկ-մեկուկես ամիս առաջ պետք է սոցհարցում անցկացվեր ու գնահատվեր այն անձանց վարկանիշը, ովքեր արդեն հայտարարել էին (հրապարակավ թե ընկերական շրջապատում՝ դա էական չէ) իրենց մասնակցության մասին: Սոցհարցումն, ընդ որում, պետք է լիներ չեզոք բնույթի, և ընդդիմադիր բոլոր թեկնածուների համար արժանահավատ. դա կլիներ առաջին քայլը: Երկրորդ քայլում ամենից ավելի մեծ վարկանիշն ունեցողը պետք է բանակցություններ անցկացներ ընդդիմադիր թեկնածուների հետ՝ փորձելով նրանց միավորվել իր շուրջը: Եվ կամ գոնե պայմանավորվեին միմյանց չխանգարելու վերաբերյալ: Երրորդ քայլում արդեն պետք է գնար տնից տուն, բակից բակ քարոզչության իրականացումը, ինչպես նաև տեղական ԶԼՄ-ներով ծրագիր ներկայացնելը: Ընդ որում, ծրագիրը ևս կարող էր կազմվել միասնական ձևաչափով, որպեսզի ընդդիմության վիրտուալ ցուցակի առաջին համարի նկատմամբ իշխանության հետապնդումների դեպքում նրան կարողանային փոխարինել այդ նույն երկրորդ և երրորդ համարները զբաղեցնող անձինք: Վիրտուալ այն իմաստով, որ պայմանավորվող կողմերը կիմանային, թե երևութական ցուցակի որ համարն են զբաղեցնում իրենք ըստ սոցհարցման արդյունքների:

Ինչպես երևում է, այդ ամենը չի արվել: Նույնիսկ չի ստացվել իրական ընդդիմադիր անձանց՝ հետընտրական շրջանում միմյանց հետ դաշինք կազմելու պայմանավորվածությունը: Մեկ երկուսը դրա մասին հայտարարեցին, իսկ մնացածներից լուր չեղավ: Չնայած ՔՊ-ի հետ ոչ մի դեպքում դաշինք չկազմելու մտադրությունը, եթե, իհարկե, այն անկեղծ էր, բավարար հիմք էր միմյանց հետ դաշինք կազմելու համար: Ինչպես երևում է, ես այնքան էլ ոգևորված չեմ իշխանության 22 տոկոսանոց վարկանիշով: Ինչը նշանակում է, որ մեծ հույսեր չեմ կապում ընտրությունների արդյունքների առումով: Ինչևէ, հույս ունեմ, որ Գյումրիի ընտրության դասերը հաշվի կառնվեն 2026 թվականի խորհրդարանական ընտրությանն ընդառաջ կազմակերպվելու առումով: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image