Նոյեմբերի 26–ին Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով քննեց և որոշում ընդունեց Առողջության համապարփակ ապահովությանը վերաբերող վարկային համաձայնագրի վերաբերյալ, որը Հայաստանը կնքել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ և որով պատրաստվում է 102 մլն եվրոյի վարկ վերցնել այդ գործընթացն իրականացնելու համար։ ՍԴ-ն որոշեց, որ համաձայնագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։
Որոշումն առնվազն տարօրինակ էր, քանի որ քննության ընթացքը այլ որոշում էր ենթադրում։ Քննության ընթացքում ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի հարցերի միջոցով պարզվեց, որ Հայաստանի կառավարությունն անգամ օրենք չի ընդունել Առողջապահության ապահովագրության մասին, որ 102 մլն եվրոյի մի մասն ընդհանրապես չի ծախսվելու ապահովագրական համակարգի ներդրման համար, այլ անապահով խավին դեղորայքով ապահովելու համար է օգտագործվելու, մի մասն էլ կտրամադրվի միայն այն դեպքում, եթե 36-68 տարեկան ապահովագրվածները այցելեն առաջնային բժշկական օղակ:
ՀՀ կառավարության ներկայացուցիչը՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը չէր առարկում՝ «Չկա ապահովագրական հիմնադրամ, չկա օրենք, բայց վարկային ծրագրի ցուցանիշներում հստակ նշված է՝ թե երբ ամբողջը կունենանք»: «Այս վարկային համաձայնագիրը «սեւ արկղ» է, որի անունն է Պարտադիր ապահովագրության մասին օրենք, որը չունենք` ընդունված, բայց եւ վերցնում ենք ծախսեր, դրա իրականացման համար»,- եզրակացրեց ՍԴ դատավորը, բայց և այնպես Բարձր դատարանը որոշեց, որ ՀՀ պետական պարտքն ավելացնող այս փաստաթուղթը համապատասխանում է Սահմանադրությանը եւ վարկը թույլ տվեց վերցնել։
Երեք դատավոր հատուկ կարծիք են ունեցել։ Երվանդ Խունդկարյանը, Սեդա Սաֆարյանը և Հրայր Թովմասյանը հատուկ կարծիք են ունեցել։
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համակարգող Ծաղիկ Վարդանյանի հատուկ կարծիքն այն է, որ առողջապահության նախարարությունը ի զորու չէ իրականացնել այս ֆինանսական նախագիծը։ «Ոնց որ 50 կգ-անոց շտանգա բարձրացնողը բարձրացնի միանգամից 250 կգ»,- ասում է նա։
Լենա Նանուշյանի պատասխաններից, ըստ Ծաղիկ Վարդանյանի, այդպես էլ պարզ չեղավ, թե ինչի համար ենք վերցնում այդ 102 մլն դոլարը, ինչու 102 մլն, ոչ թե, ասենք, 107։ «Կարող եմ ասել, որ եթե մոտեցումները լինեն իրոք պետականամետ և մարդակենտրոն, ապա ապահովագրական բժշկությանն անցնելը կպահանջի առնվազն 7 տարի։ Սա բազմակոմպոնենտ պրոյեկտ է, որը պետք է իրականացվի տարբեր կառույցներով, ոչ միայն նախարարության ու ֆիննախի ուժերով։ Մարդիկ հարցեր են տալիս Նանուշյանին ու նա չունի նորմալ պատասխան, թեեւ անկեղծորեն ասում է, որ չգիտի, թե ինչպես է ֆինանսական հաշվարկն իրականացվել։ Բայց չէ որ նա արդեն որերորդ տարին է ղեկավարում է այդ հանձնաժողովը, հանդիպումներ է ունենում, արտերկիր է գնում։ Նրա անկեղծությունը գնահատելի է, իհարկե, բայց գոնե հայերենով մեզ բացատրեն, թե ինչի համար են վերցնում սա, ինչ են անելու, եթե չվերցնենք` ինչ կլինի, և այլն»,- ասում է Ծաղիկ Վարդանյանը։
Ըստ նրա, համապարփակ ապահովագրությանն անցնելը ահռելի ծախս է պահանջելու, այդ 120 մլն դոլարը ուղղակի ծիծաղելի գումար է։ «Սա շատ փոքր գումար է, միայն 25 թվականի համար հայեցակարգային փաստաթղթով ապահովագրությանն անցնելու համար 220 մլրդ դրամ է հարկավոր, այսինքն, մոտ 400 մլն դոլար, 370 մլրդ դրամ միայն 27 թվին է պետք լինելու, մինչդեռ տարեկան բյուջեով ամբողջ առողջապահության նախարարությանը 162 մլրդ դրամ է հատկացվում։ Հետևաբար այս 120 մլն դոլարը հարակից գումար է լինելու, որը չի կարող լինել այն լիարժեք բազան, որի արդյունքում մենք կունենանք ապահովագրական փաթեթ»,- ասում է առողջապահական ոլորտի մասնագետը։