«Հրապարակի» զրուցակիցն «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն է:
- Հայոց բանակի տոնին ընդառաջ, իշխանությունները որոշում կայացրին՝ հունվարի 27-ը հայտարարել սգո` բոլոր ժամանակների հերոսների հիշատակի օր: Ի՞նչ կարծիք ունեք սուգն ու հաղթանակը, հաղթանակն ու պարտությունը միավորելու, մեկ գաղափար դարձնելու, բանակը երկրայինի եւ երկնայինի դասակարգելու հետ….
- Տոնից առաջ չի կարելի մարդկանց թեւաթափ անել եւ ասել` բանակն անիմաստ մի բան է, ավելին` եթե բանակ ունենաք, այսպիսի ավարտ է լինելու: Կարճ ասած, ուզում են ասել` քանի դեռ բանակ ունեք, զոհվելու եք: Այս երկուսն իրար շաղկապելով՝ ցանկանում են վերջնականապես թեւաթափ անել ժողովրդին: Բանակի տոնից առաջ զոհերի համար սգալ, որպեսզի տոն օր չլինի, մարդիկ ասեն` ինչի՞ համար ուրախանանք, որ այսքան զոհե՞ր ենք ունեցել․ նպատակը սա է: Բանակի դիրքերն ամեն գնով թուլացնում են, այս ամենի տողատակերում կա նաեւ այն հանգամանքը, որ տղաները զոհվել են անտեղի, որ բանակի իմաստը զոհերն են: Խայտառակ մի իրավիճակ է հասունացել Հայաստանում, ինչի արդյունքում էլ հայ տղամարդու կերպարը պատվազուրկ է եղել: Էլ դրա տոնը ո՞րն է: Չի կարելի սուգ անել հարսանիքից առաջ, դա հեշտ բան չէ: Նույնն է, որ այսօր թաղման մեջ ես, վաղը` հարսանիքի, որքանո՞վ է դա խելքին մոտ:
- Ինչո՞ւ է հայ տղամարդը պատվազուրկ:
- Այս ամենը բերեց նրան, որ հայ տղամարդը զրկվեց իր պատվից: Ասացին` պարտվեցինք, կորցրինք, իսկ այդ ամենը բերեց նրան, որ տղամարդիկ կորցրին իրենց պատիվը․ սա դեռ սկիզբն է: Այնպես են անելու, որ հայ կանայք արդեն տղամարդկանց չեն էլ հարգելու, այդ ժամանակ են սրանք մեծ հաղթանակը տոնելու: Իհարկե, կան հայ տղամարդիկ, որ ուզածդ ժամանակ իրենց կյանքը կտան հայրենիքի համար, բայց միեւնույն է` հայ տղամարդուն նսեմացրել են:
- Ճի՞շտ եմ հասկանում, որ պարտության մեղքը հայ տղամարդունն եք համարում:
- Ամեն դեպքում, հայ տղամարդը ստվերվում է: Տեսեք, թե մարդկանց խոսույթը որքան է հիմարացել: Մարդիկ թաքնվել են պատերազմի ժամանակ, ամեն բան արել, որ իրենց երեխաները կռիվ չգնան, ու հիմա այդ նույն պախկվածները կռիվ գնացածների վրա մատ են թափ տալիս, ասում են` դե կռվեիք, էլի, բա խի՞ նահանջեցիք, խի՞ փախաք: Տեսեք, թե ինչ երեւույթ է ձեւավորվում: Մարդիկ՝ բանակից փախած, մեզ խորհուրդներ են տալիս: Մի քանի օրում 5 հազար զոհ ու 10 հազար հաշմանդամ, կարծես քիչ էր…. նման մարդիկ չունեն տղամարդկային արժեքներ եւ այսպես մեր ազգի տղամարդկանց դարձնում են պատվից զուրկ:
- Բանակի տոնը` հունվարի 28-ը, Ձեզ համար ի՞նչ արժեք ունի: Փոխվե՞լ է ինչ-որ բան:
- Ինձ համար ոչինչ չի փոխվել, մեր հաղթանակն անգամ ինձ համար չի փոխվել: Մենք այնպիսի պատերազմում ենք հաղթել, իսկ 44-օրյա պատերազմն այնպիսի պատերազմ էր, որ մենք կարող էինք տանուլ չտալ: Վստահ եմ դրանում, ես` ինքս, եղել եմ պատերազմի դաշտում, վստահ եմ, որ չէինք պարտվելու, եթե մեզ պարտության չտանեին: Ամեն ինչ արվեց, որ Հայաստանը պարտվի, ու դա մեկ մարդու գործ չէր, մեկ մարդը չէր կարող այդքան բան անել, դավ էր, որը նյութել էին մեր հայրենիքի դեմ:
- Այժմ Ադրբեջանից ցորեն, բենզին են բերում Հայաստան եւ միաժամանակ հարգում են զոհերի հիշատակը: Չկա՞ հակասություն:
- Հակասությունը ո՞րն է, եթե այս մարդիկ աննամուս են, նամուս, թասիբ չունեն: Տղամարդը երբ իր պատկերը կորցնում է, հետո կորցնում է պատիվն ու տեսակը: Այ, հենց սրա համար էի քիչ առաջ ասում` հայ տղամարդը պատվազուրկ է դարձել, ստամոքսով մտածող, դառել են եզ: Եզների համար կապ չունի՝ հայրենիքի համար ով զոհվեց, ով վտանգվեց: Ուզում են ապրե՞լ թուրքերի հետ, իսկ որտե՞ղ եք թողել ձեր տատերին եւ պապերին, ո՞ւմ թփերի տակ ու փախել` 15 թվականին: Որ էդքան լավ էր թուրքերի հետ ապրելը, ինչո՞ւ չէիք ապրում այդ ժամանակ: Խորհրդային Միության ժամանակ Ադրբեջանից ինչո՞ւ էին հայերը փախչում, եթե նրանք այդքան լավն էին, այն էլ՝ սովետի ժամանակ, երբ բոլորս իբրեւ մի ընտանիք էինք: Ճողոպրեցին՝ Բաքվից Հայաստան եկան, հիմա էլ ուզում են դրանց բերել այստեղ, որ մե՞զ քշեն այստեղից: Թուրքն ու ադրբեջանցիները որ լավը լինեին, նրանց մասին երազողների ապուպապերը կմնային այնտեղ ու այնտեղ էլ կսատկեին….
- Վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Վահագն Խաչատուրյանն այնքան շատ են շնորհակալություն հայտնել մարդասպան Ալիեւին, որ հաշիվը կորցրել ենք: Ըստ Ձեզ` ո՞րն է Ալիեւին շնորհակալություն ասելու նպատակը, առիթը:
- Արցախը հանձնեցին Ալիեւին եւ դեռ ոչ մեկի առաջ պատասխան չեն տվել: Իրավիճակ է ստեղծվելու, որ պատասխան են տալու Հայաստանի առաջ, իսկ եթե Հայաստանն էլ չլինի, նրանց համար շատ ավելի լավ՝ իրենք ոչ մեկի առաջ պատասխան չեն տա: Չկա պետություն՝ չկա պատասխան: Վաղն էլ կարող է նույն Ալիեւին խնդրեն, որ նա ղեկավարի մեզ, ի՞նչ կա որ, կարեւորը՝ բենզինն էժան լինի, ստրուկների լափը տեղը լինի, իրենք էլ ապահով լինեն, իրենց արարքների համար պատասխանատվության չենթարկվեն, փորները կուշտ քնեն: