ԱԺ-ում այսօր քննարկման հարց էր դարձել Երևանի քաղաքապետարանի հերթական մտասևեռումը՝ ամեն կերպ բռնել ու տուգանել քաղաքացիներին, եթե նրանք հասարակական տրանսպորտում չեն վճարում ուղևորության համար:
Դժվար է, իհարկե, պատկերացնել, որ Բեռլինում, օրինակ, չեն տուգանի Գերմանիայի հպարտ քաղաքացիներին, եթե նրանք չվճարեն: Անշուշտ կտուգանեն, ավելին՝ կպարսավեն, ամոթանք կտան այդ գերմանացուն, անունը կգրեն թերթերում, իսկ երկրորդ անգամ կրկնվելու դեպքում գուցե զրկեն նաև քաղաքացիությունից: Բայց Բեռլինում, ի տարբերություն Երևանի, քաղաքային տրանսպորտն ապրում է իր կյանքով և իր խնդիրներով չի ծանրաբեռնում Գերմանիայի ոչ միայն օրենսդիրներին, այլև կառավարությանը: Իսկ գիտե՞ք որն է դրա պատճառը:
Պատճառն այն է, որ Բեռլինի քաղաքապետը և ավագանին տրանսպորտի հարցերով զբաղվում են խելամիտ ձևով՝ առաջնությունը տալով քաղաքացիների հարմարությանը: Դե դուք փորձեք Ավինյանին ու իր ՔՊ-ական ավագանուն հասկացնել, թե ինչ բան է քաղաքացու հարմարությունը տրանսպորտում: Կսկսեն իրենց ճղել՝ լավ ավտոբուսներ ենք բերել, սարքեր ենք տեղադրել, տեսախցիկներ, վարորդները չեն ծխում, փողկապ են կրում, էլի ի՞նչ անենք, որ քաղաքացին վճարի:
Պետք է արվի մի շատ հասարակ բան՝ պարզեցնել վճարման համակարգը և լեգալացնել գումարային հոսքերը: Իսկ դուք ի՞նչ եք արել: Գումարային հոսքերը քողարկելու, թաքցնելու և «կորավ» ասելու նպատակով վճարման մի այնպիսի համակարգ եք մտածել, որից, կարող եմ գրազ գալ, հասարակական տրանսպորտից օգտվողների 80 տոկոսը գլուխ չի հանում: Հեռու չգնամ, մեկը՝ ես: Մի քանի անգամ, պատահել է, բանկային քարտս մոտեցրել եմ «ինվալիդատորին», իսկ նա վճարումը մերժել է: Պատահել է նաև՝ մինչև ես «տելսելի հետ» կռիվ եմ տվել մեկանգամյա տոմս գնելու համար (թղթային կտրոն), իմ ավտոբուսը հեռացել է կանգառից ու ստիպված եմ եղել կես ժամ սպասել հաջորդին: Իսկ դժվա՞ր է, արդյոք, այս էշի հարսանիքի փոխարեն տրանսպորտում տեղադրել տոմսարկղեր, որոնցից քաղաքացին կկարողանար տոմսակ ձեռք բերել ու պահել այն մինչև երթևեկության ավարտը: Էլ չեմ խոսում կտրոնային համակարգի մասին, երբ քաղաքացին ուզածդ կրպակից կամ խանութից նախապես ձեռք բերած կտրոնը դակում էր համապատասխան սարքով և հանգիստ, առանց ուղեղի ավելորդ վարժանքների երթևեկում տրանսպորտով:
Հիշեցնեմ՝ կանգառներում էլ վխտում էին հսկիչները, բայց ոչ ոք չէր բողոքում, երբ հսկիչը խնդրում էր իրեն ներկայացնել դակված կտրոնը: Վարորդներին չէին ծեծում, թեև ավտոբուսի մեջ, երևացող տեղում հատուկ գրություն կար՝ «Վարորդը նաև հսկիչ է»:
Իսկ ի՞նչ է արեց Ավինյանը:
Ավինյանը հայտարարեց, որ վարորդը գող է, «լևի» փող է տանում տուն, և պետք է այդ փողը մտնի բյուջե: Ավինյան, քո հայրենասիրությունն ինձ սպանում է: «Լևի» փողը վարորդի ձեռքից վերցրեցիք՝ հասկացանք: Իսկ ի՞նչ արեցիք այդ փողը, ինչպես նաև թանկացումից գոյացած հավելյալ գումարները: Միայն թե չասեք՝ նոր ավտոբուսներ բերեցինք, մեր քաղաքացիներն սկսեցին ավելի հարմար երթևեկել: Դուք այդ փողը տարաք-կորցրեցիք ձեր էլեկտրոնային վճարման համակարգի լաբիրինթոսներում, որոնցից ձեզնից շատերն անգամ գլուխ չեն հանում:
Հիմա էլ ԱԺ եք մտել, թե քաղաքացուն պիտի 15 հազար դրամ տուգանենք, եթե չվճարի: Դուք գլխո՞վ եք մտածում: Բա որ քաղաքացին 15 հազար տուգանքի փող ունենա, էլ ձեր ավտոբուսից ինչո՞ւ է օգտվում, տաքսի կկանչի, առոք-փառոք կնստի առջևի նստարանին ու կկարգադրի՝ վարպետ ջան, քշի 3-րդ բրիգադ: Լավ կլիներ նաև իմանալ՝ ինչպե՞ս եք որոշելու՝ քաղաքացին վճարե՞լ է, թե՞ չի վճարել: Հսկիչները պետք է քաղաքացիների հետ «մի կանեցից մյուս կանեցը» գնան և ստուգե՞ն՝ ով վճարեց, ով` ոչ: Մի ավտոբուսի մեջ քանի՞ հսկիչ եք ման տալու: Աշխատավարձ պիտի տա՞ք դրանց, թե՞ ՔՊ-ի երիտթևն է կամավորության սկզբունքով ստուգելու և տուգանելու քաղաքացիներին:
Լավ է՝ հսկիչներին չեք ասել՝ ինչքան շատ տուգանեք, այնքան շատ աշխատավարձ կստանաք: Այո, ճիշտ պարեկների օրինակով՝ ակտը գրեք, մնացածը ձեր գործը չէ… Չմոռանաք համազգեստ էլ հագցնել հսկիչներին քանզի մեր ժողովուրդը գերմանացի չէ և շատ արագ կկողմնորոշվի ստեղծված իրավիճակում: Չասեմ ուրիշ ինչ կանեն, բայց մի հատ հսկիչ էլ կողքը կդնեն ու ավտոբուսից դուրս կշպրտեն: