Օրեր առաջ բուհական համակարգի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով «Ակադեմիական քաղաք» նախագիծը, անդրադարձել է նաեւ բուհերի շենքերի ճակատագրին: Մինչ այդ, սակայն, խոսել է Երեւան քաղաքի կոմերցիոն գրավչությունից։ «Երեւան քաղաքի կենտրոնը կոմերցիոն մեծ գրավչություն ունի: Հույս ունեմ, որ Երեւան քաղաքի կենտրոնի կոմերցիոն գրավչությունը գնալով կմեծանա: Մեր գաղափարն ինչ է՝ բուհերի ամբողջ շենքային տնտեսությունը կոնսոլիդացնել ու կառավարման հանձնել միջազգային որեւէ հեղինակավոր կառույցի՝ թափանցիկ ձեւով, որի նպատակը կլինի այս տարածքներն օգտագործել, իհարկե՝ որոշակի չափանիշներով, որն էլի մենք պետք է սահմանենք: «Մենք» ասելով՝ նկատի ունեմ կառավարությունը, ժողովուրդը, ակադեմիական քաղաքը: Պետք է մեր առջեւ խնդիր դնենք, որ այս շենքերի կառավարմամբ առանց մեր որեւէ արժեք ոտնահարելու, որովհետեւ շենքեր կան, որոնք պատմություն ունեն իրենց մեջ, շենքեր կան, որոնք արժեքային խորը ենթատեքստ ունեն իրենց մեջ»,- ասել է նա՝ մանրամասնելով, որ իրենց նպատակն է այդ շենքերը կառավարելու արդյունքում բուհական համակարգի համար եկամուտներ գեներացնելը:
Փաշինյանը, միաժամանակ, չի թաքցրել, որ այդ շենքերը, օրինակ, կարող են ամենատարբեր նպատակների համար տրվել վարձով․ «Հիմա շատ են ասում՝ իսկ կարո՞ղ է որեւէ տեղ հյուրանոց դառնա, ես ասում եմ՝ իսկ հյուրանոցն ի՞նչ վատ բան է: Եթե հյուրանոց դառնա, որի արդյունքում ավելի շատ ուսանողներ ավելի բարձր մակարդակի կրթություն պետք է ստանան: Իսկ ինչո՞վ է դա վատ: Ես անշարժ գույքի կառավարիչ չեմ, որ ասեմ՝ այ, էսպիսի ուղղություններ կան: Բայց փիլիսոփայությունն այն է, որ այդ շենքերը մեծ մասով պետք է շարունակեն մնալ պետական: Ինչո՞ւ եմ ասում՝ առնվազն մեծ մասով, որովհետեւ կան շենքեր, որոնք ֆիզիկապես ու բարոյապես մաշված են, ու կարող է իրենց վերափոխելու անհրաժեշտություն առաջանա: Այստեղ պետք է լայնախոհ լինենք: Մենք նպատակից չպետք է շեղվենք, շենքերի կառավարման արդյունքում պետք է ստանանք եկամուտներ ակադեմիական քաղաքի համար, որ դասախոսները՝ պատշաճ աշխատավարձ, ուսանողները պատշաճ կրթություն ստանան»:
ԵՊՀ դասախոս Նարինե Դիլբարյանը, անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին, հակադարձ առաջարկով է հանդես գալիս․ «Այդ նույն տրամաբանության մեջ՝ կոմերցիոն մեծ գրավչություն ունեն նաեւ այն կառավարական ամառանոցները, որտեղ ինքը հանգրվանել է եւ որտեղից պարբերաբար ինչ-որ հոլովակներ է հրապարակում։ Կարծում եմ՝ այնտեղ շատերը կուզենան հանգրվանել, հատկապես՝ մեր «բարեկամական» երկրից, որը պահում է մեր գերիներին եւ օկուպացրել է մեր տարածքները, որոնց հետ նա կարող է ժպտալով զրուցել եւ ոչ թե միանալ այն ճնշումներին ու պահանջներին, որ մեր գերիներին բաց թողնեն․․․․ ու դրա համար կարծում եմ, որ այդ երկրի համար կոմերցիոն մեծ գրավչություն ունի կառավարական ամառանոցը՝ իր ողջ տարածքով, ինչպես նաեւ՝ Բաղրամյան 26-ը, Հանրապետության հրապարակի կառավարության շենքը։ Այդ շենքերը եւս ունեն ոչ նվազ, եթե ոչ ավելի մեծ կոմերցիոն գրավչություն, քան փոքր կենտրոնի բուհական եւ մյուս շենքերը։ Այդ տրամաբանությունը պետք է սկսվի հենց իրենցից, եւ քանի որ Նիկոլ Փաշինյանը «որտեղ հաց, այնտեղ կաց» տրամաբանության կրողն է, ապա ինքը, որպես այդ գաղափարաբանության ազնիվ կրող, պետք է սկսի հենց այն շենքերից, որոնք ինքը գրավել է ու զբաղեցրել։ Այսինքն՝ անձնական օրինակով թող ցույց տա եւ օրինակ ծառայի, եթե կառուցում են ակադեմիական քաղաք, թող կառուցեն նաեւ կառավարական քաղաք, ասենք՝ Հարավ-արեւմտյան թաղամասում, որտեղ կլինեն բազմաթիվ սրճարաններ։ Չէ՞ որ ուր գնում է Փաշինյանը, մտահոգվում է, թե մարդիկ սուրճ, թեյ, ինչ-որ ապրանքներ վաճառո՞ւմ են, թե՞ ոչ։ Կարող է գնալ այնտեղ ու զարգացնել մանր եւ միջին ձեռնարկատիրությունը, դա կլինի շատ ազնիվ ու ճիշտ։ Գուցե դրանից իր 15 տոկոսանոց վարկանիշը բարձրանա»։
Ակադեմիական քաղաքի շրջանակում հյուրանոցների թեման շրջանառելով ի՞նչ նպատակ է հետապնդում երկրի ղեկավարը, այդկերպ պատրաստում է հանրությանը, որ վաղը, մյուս օրը բուհական կամ ակադեմիական շենքերի փոխարեն կարող ենք տեսնել հյուրանոցնե՞ր։ «Եթե ինքը մեզ դրանով նախապատրաստում կամ հաշտեցնում է այդ գաղափարի հետ, ապա ես էլ պատրաստ եմ մտնել այդ տրամաբանության մեջ եւ ասել՝ թող ինքն էլ հաշտվի եւ Բաղրամյան 26-ն ու կառավարության շենքը հյուրանոց դարձնի, երեւի մտածում է՝ հյուրանոցում հացը շատ է․․․, հետո՝ ո՞ւմ համար են այդքան հյուրանոցները՝ իր «բարեկամ» երկրի ներկայացուցիչների համար։ Հայաստանում բավականին շատ հյուրանոցներ կան, եւ հյուրանոցի պակաս չի զգացվում»,- ամփոփում է Ն․ Դիլբարյանը։