Քաղաքականություն

ԱՄՆ-ում հասկանում են, որ Իրանի հետ նման «խաղեր խաղալ» չի կարելի

ԱՄՆ-ում հասկանում են, որ Իրանի հետ նման «խաղեր խաղալ» չի կարելի

Ռուսալեզու որոշ տելեգրամյան ալիքներ կեղծ տեղեկություն տարածեցին այն մասին, որ Իրանի օդային տարածքը փակ է: Ավելի ուշ պարզ դարձավ, որ Իրանի օդը չի փակվել, իսկ նախնական հրապարակողը այդ տեղեկատվության ուկրաինական ինչ-որ մի էջ է եղել X հարթակում:

Միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Իրանին հարվածելու հավանականությունը, այնուամենայնիվ, երբեք չի կարելի բացառել, որովհետև ամեն ինչ գնում է դեպի դրան:

Իրանի օդային տարածքը բաց է, բայց միգուցե գործ ունենք հատուկ տարածված ապատեղեկատվության հետ, որպեսզի զոնդաժ անեն, թե ինչպիսի արձագանք կլիներ այդ դեզինֆորմացիային իրանական կողմից:
«Այն, որ այդ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում, դեռ չի նշանակում, որ վտանգն առկախված է: Ես կարծում եմ, որ այդ բախումը շատ հավանական է և այստեղ ուղղակի նայում են, թե երբ է ավելի նպատակահարմար նման ռազմական գործողություն իրականացնելու համար, որը շատ լուրջ և մասշտաբային հարված կարող է լինել: Այս մասով այդ մտահոգությունը կա, ես կարծում եմ, որ Իսրայելը որպես գործիք ծառայեցնելով, փորձում են վախեցնել, մաքսիմումը քաղել, ուլտիմատումի լեզվով խոսել Իրանի հետ: Սակայն, վերջերս Իրանի հոգևոր առաջնորդն ասաց, որ իրենք չեն տրվի սադրանքներին, վախին ու այդ պահանջներին և որ Իրանն իր արտաքին քաղաքականությունը վարում է այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում»,-ասաց միջազգայնագետը:
Իրանը զիջումների չի գնա, կարծում է Կարապետյանը: Իրանը պատրաստակամություն հայտնեց բանակցություններ վարել միջուկային ծրագրի հետ կապված, որոշակի զիջումների գնալ, բայց որպես այդպիսի թույլ չի տա, որ որևիցե երկիր միջամտի իր ներքին գործերին, ոչ ոք իրավունք չունի միջամտել:
«Չնայած Թրամփի խոսույթը ահաբեկող էր, որ հուժկու հարված կլինի և այլն, ես կարծում եմ, որ դա ավելի շատ հռետորաբանական մանյովր է, քան թե գործնական քայլ: Միացյալ Նահանգներում հասկանում են, որ Իրանի հետ նման «խաղեր» չի կարելի խաղալ»,-ասաց Կարապետյանը:
Ինչ վերաբերում է Իրանի վրա հարձակման պարագայում Հայաստանի վիճակին, ապա Կարապետյանը վստահ է՝ Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու հնարավորությունը բաց չի թողնի:
«Սա լավագույն առիթը կլինի, որպեսզի Սյունիքը կտրի ու որպես այդպիսին հյուսիսի կողմից հարթակ տրամադրի՝ հակաիրանական պոլիգոն ստեղծելու համար: Դա արդեն իսկ նրանց խոսույթում կա, հավանական սցենարը կա ու եթե հանկարծ Իրանին ներքաշեն պատերազմի մեջ, ապա առիթից կօգտվեն: Սա հնարավոր սցենարներից մեկն է»,- նշեց միջազգայնագետը։

Իրանական մի շարք տեղեկատվական աղբյուրներ, իսկ որոշ դեպքերում նաև պետական աղբյուրներ, հստակ ասում են, որ Իրանի դեմ պատերազմի պլացդարմն է լինելու Ադրբեջանը, ինչպես Իսրայելի համար է հարթակ տրամադրվում, նույն կերպ էլ ԱՄՆ-ի համար կարող է որպես գործիք դիտարկվել:
«Արցախի հատվածը տարածաշրջանում որպես պոլիգոն է դիտարկվում և այդ մասով Սյունիքի գրավումը կարող է ստրատեգիական կարևորություն ունենալ՝ հյուսիսից հակաիրանական պլացդարմ ապահովելու համար», ասաց միջազգայնագետը:

Անդրադառնալով Ռուսաստանի դիրքորոշմանը Իրանի դեմ հարձակման պարագայում, Դավիթ Կարապետյանն ասաց, որ հունվար տասնյոթին Ռուսաստանի և Իրանի միջև կնքված ռուս-իրանական շատ կարևոր, ռազմաստրատեգիական կարևորության համագործակցության հուշագիրը որոշակի զսպիչ դերակատարություն ունի աշխարհաքաղաքական տեսանկյունից:
«Ես կարծում եմ, որ շատ դեպքերում ռուսական գործոնն էլ կա, որ Իրանի վրա բացի ճնշումներից, որևէ ռազմական, գործնական գործողություն հիմա չեն իրականացնում: Ես կարծում եմ, որ ռուսական կողմն է տվել նաև «երաշխիքները», որպես դաշնակից երկիր, անվտանգային որոշ գործառույթներ Ռուսաստանի Դաշնությունն իր վրա կվերցնի, եթե նման սցենար իրագործվի: Դա նշանակում է, որ Իրանի վրա հարձակումը Ռուսաստանը կարող է դիտարկել որպես հարձակում իր վրա, որովհետև գեոպոլիտիկ տեսանկյունից դա իրեն ձեռնտու չէ, եթե ամբողջությամբ մի կողմ դնենք այս երկու երկրների դաշնակցային հարաբերությունները»,-նշում է Կարապետյանը:
Հայաստանի համար խնդիրը բարդանում է նաև այն տեսանկյունից, որ մեծ գերտերությունների պատերազմների տարաձայնությունների արդյունքում կարող է Հայաստանի պետականության գինը դրված լինել և ընդհանրապես տարածքային սուվերենության հարցը դրված լինել:

«Իմ մտահոգությունն այն է, որ Հայաստանը կարող է դառնալ ինչ-որ գերտերության պոլիգոնը կամ պլացդարմը՝ ամենամեծ մտահոգությունս դա է»,- շեշտեց Դավիթ Կարապետյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image