Նիկոլ Փաշինյանը չի դադարում Հայ առաքելական եկեղեցու դեմ անթաքույց արշավը։ Նախօրեին տեղեկացանք, որ մի շարք հոգեւորականներ հրավիրվել են ՔԿ, ապա նրանցից 6-ին արգելվել է ՀՀ սահմանը լքել։ Սա բացահայտ քայլ է՝ կանխելու Եպիսկոպոսաց ժողովը, որը պետք է տեղի ունենա փետրվարի 16-ին՝ Ավստրիայում։ Մեղադրյալի կարգավիճակ ունեցող 6 բարձրաստիճան հոգեւորականի արգելվել է բացակայել երկրից։ Նրանք են Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, Եկեղեցականաց եւ երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Թեմայի մասին զրուցել ենք Տեր Զարեհ քահանա Աշուրյանի հետ:
- Իշխանությունը փորձում է իմիտացա ստեղծել, թե իբրեւ եպիսկոպոսները «մեծ հանցանք» են կատարել` դատարանի որոշումը չեն կատարել, եւ նրանց նկատմամբ խափանման միջոց են ընտրել ու ելքն արգելել երկրից․ կարելի է կարծել, թե խոսքը մոլագար-մարդասպանների մասին է: Իբրեւ թե Եպիսկոպոսաց ժողովն ու Մայր Աթոռի այս «հանցանքը» պատահականորեն են համընկել: Ի վերջո` ո՞րն է այս քայլերի նպատակը: Ինչի՞ է ուզում հասնել Փաշինյանը: Կհաջողվի՞ նրան կանխել Եպիսկոպոսաց ժողովը:
- Նախ, ուզում եմ զրույցը սկսել այնտեղից, որ ինչ-որ մարդիկ հայտնի խմբերի կողմից ուղղորդվող բամբասանքներ են տարածում, թե իբրեւ Եկեղեցու ներսում հոգեւորականները սատարում են կեղծ բարեփոխմանը եւ նրանց գաղափարներին, սակայն դա միֆ է, կեղծիք, եւ այն անպայման պետք է պայթեցվի: Ամեն ինչ բացահայտվելու է եւ մերկացվելու է: Իշխանություններին եւ նրա կամակատարներին ձեռնտու չէ, որ կայանա Եպիսկոպոսաց ժողովը: Ամեն կերպ փորձելու են պրոցեսը խոչընդոտել: Ես չեմ կարող ասել, թե ինչ վերջնական որոշում կկայացնի Մայր Աթոռը, բայց մի բան միանշանակ է` այսքան զուգադիպություն չի կարող լինել: Այն շինծու գործերը, որոնք կարել են եպիսկոպոսների վրա, նախ սահմանադրական իրավունքին դեմ է, դեմ է ոչ միայն իրավական առումով, այլեւ` բարոյական: Եթե ժամանակին ստախոսությունը քրեականացվեր, այս մարդիկ ցմահ ազատազրկված կլինեին այսօր:
- Ըստ Ձեզ` հնարավոր չէ՞ Եպիսկոպոսաց ժողովն այլ ֆորմատով իրականացնել, օրինակ, տեսակապի միջոցով:
- Այս հարցի մասին ես չեմ կարող խոսել, եպիսկոպոսները` Վեհափառի գլխավորությամբ, իրենք պետք է որոշեն ֆորմատը: Իշխանություններն ասում են` իրավունք չունեն Հայաստանի սահմանից դուրս ժողով անցկացնել` նման բան չկա, ստում են: Բազմաթիվ օրինակներ կան, որ ժողովները դրսում են անցկացվել:
- Մասյացոտնի թեմի նախկին տիրադավ առաջնորդը դեռ շարունակո՞ւմ է սպառնալ թեմի քահանաներին: Առհասարակ, ի՞նչ իրավիճակ է թեմում:
- Նա զավթել է առաջնորդարանը, վաղուց մեր թեմի առաջնորդը չէ: Պետության աջակցությամբ, ավելի ճիշտ` իշխանությունների, նա շարունակում է առաջնորդարանի շենքը զավթած պահել: Ամեն ինչ շատ պարզ է, քանի դեռ ունեն Նիկոլ Փաշինյանի անձնական աջակցությունը, իրենց այսպես են դրսեւորելու եւ շարունակելու են անամոթությունների շարքը:
- Իսկ ինչո՞վ է նա զբաղված:
- Ինձ հասած տեղեկություններով` Տեր Արտաշեսի դեպքից հետո սպառնալու փորձերը փոքր-ինչ նվազել են, բայց, ամեն դեպքում, նրանք չեն հանձնվելու եւ փորձելու են մինչեւ վերջ գնալ, որքան կարողանան, դեռ իրենց փչացնելու են եւ խայտառակվելու են: Մեզ ոչ մի բան` իրենք իրենց են ոչնչացնում: Ինչքան էլ որ բամբասեն եւ կեղծ տեղեկություններ տարածեն, դրանից մեր կյանքը չի փոխվում, իսկ, այ, իրենց կյանքը փոխվում է էապես: Եկեղեցին եթե բամբասանքներից վախենար, վաղուց կդադարեր գոյություն ունենալուց: Եկեղեցին շատ հալածանքներ է տեսել, սա էլ դրա մի փոքրիկ մասն է, որն անպայման հաղթահարելու ենք: Գալու է մի օր, որ նրանք երես չեն ունենալու՝ մարդկանց մեջ դուրս գալու:
- Ըստ Ձեզ` ինչո՞ւ եպիսկոպոսները հրավիրվեցին ՔԿ:
- Ակնհայտ է, որ իրավապահներին խառնել են Եկեղեցու դեմ պայքարին` դատարաններից սկսած, մինչեւ քննչական, ոստիկանություն եւ ԱԱԾ: Դա տեսնում են բոլորը: Ինձ էլ տարիներով դատում էին` Եհովայի վկաների պահանջով: Մենք մեզ օրենքից վեր չենք դասում, բայց երբ օրենքը դարձնում են մտրակ, երբ դրանով լռեցնում են մեզ, դա արդեն օրենք չէ: Օրենքն այն է, որ իրավականությունը համարում է առաջնահերթություն: Այստեղ չկա օրենքը: Հանրության իրավագիտակցության մեջ արդեն նստած է, որ իրավապահների որոշումներն օրենքին այնքան էլ մոտ չեն:
- Համացանցում տեղեկություններ են տարածվում, որ Վեհափառի մուտքը եւս պատրաստվում են փակել:
- Ես չունեմ նման տեղեկություն, սակայն սրանցից ոչինչ հեռու չէ: