Անձնագրային և վիզաների վարչությունը մերժում է Հայաստանում գրանցման հասցե չունեցող բայց ՀՀ քաղաքացիություն ունեցողներին լրացուցիչ ցուցակներում ընդգրկել, որպեսզի վերջիններս կարողանան մասնակցել ԱԺ ընտրությանը։
«Հրապարակ»-ին ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ եթե անձը չունի հաշվառման հասցե, ապա ըստ օրենքի նրան առանց դատարանի որոշման չեն կարող ընդգրկել լրացուցիչ ցուցակում։ «Նշված անձինք կարող են դիմել Անձնագրային և վիզաների վարչություն լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար, ստանալ մերժումը, այնուհետև մերժման հիմքով կարող են դիմել դատարան։ Դատարանը պարտավորեցնում է, որ լրացուցիչ ցուցակում ընդգրկեն քաղաքացուն ու նրանք ընդգրկվում են»,- ասաց նա, հավելելով, որ նախորդ ընտրությունների ժամանակ ևս նույն ընթացակարգով է տեղի ունեցել գործընթացը։
Դատական դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ծովինար Խաչատրյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց․ «Շաբաթ և կիրակի օրերին ընտրական իրավունքի վերաբերյալ գործերը կքննեն հիմնականում առաջին ատյանի վարչական դատարանը, ընդհանուր իրավասության դատարանները, Երևանի առաջին ատյանի քաղաքացիական դատարանը։ Դատարանները ծանուցված են հերթապահության մասին»։