Եհովայի վկաներ կազմակերպության հանրային տեղեկատվության բաժնից այսօր արձագանքել են մեր թերթում հրապարակված հարցազրույցին` Վրթանես քահանա Բաղալյանի հետ, որտեղ նա ասել էր. «Մենք թուղթ ենք բերում` սահմանով, որ գրքեր տպենք Հայաստանում, իրենք մեզնից թղթի համար գումար են վերցնում, բայց երբ աղանդավորը` Եհովայի վկան կամ մասոնականը դրսից տպած գիրք է բերում, դա համարում են բարեգործական: Այսինքն` Եհովայի վկայի կամ մորմոնականի բերած գիրքը բարեգործական է, իսկ Առաքելական եկեղեցին ներկրած թղթի համար գումարներ է վճարում․․․․»
«Ցանկանում ենք պարզաբանել, որ Վրթանես քահանա Բաղալյանի կողմից հնչեցված պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանի Հանրապետությունում Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպությունը պաշտոնապես հայտնում է, որ կրոնական գրականության ներմուծման համար օրենքով նախատեսված բոլոր հարկերը ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս վճարվում են՝ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան։ Գրականության ներմուծման որևէ ծրագիր երբևէ չի որակվել որպես բարեգործական և որևէ արտոնություն չի կիրառվել։
Հետևաբար, հոդվածում նշված պնդումը հիմնազուրկ է և կարող է հանրության մոտ ձևավորել սխալ պատկերացում ինչպես մեր կազմակերպության գործունեության, այնպես էլ մեր կողմից հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ։
Վստահ լինելով, որ «Հրապարակ» թերթը կարևորում է ճշգրիտ, հավաստի և արժանահավատ տեղեկության տարածումը՝ խնդրում ենք համապատասխան քայլեր ձեռնարկել իրականությանը չհամապատասխանող տեղեկության տարածումը կանխելու նպատակով»։
Կանխավ շնորհակալություն` Վարդգես Սահակյան