Լեւ Կուլիջանովի եւ Յակով Սեգելի նկարահանած «Տունը, որտեղ ես ապրում եմ» խորհրդային կինոնկարը սովետական կինոարվեստի ամենամարդկային եւ խորը ֆիլմերից է։ Նկարահանվել է հետպատերազմական շրջանում, Գորկու անվան ստուդիայում, էկրան է բարձրացել 1957 թվականին։ Այն արտացոլում է ոչ միայն «հալոցքի» շրջանը, այլ նաեւ նվիրված է սովետական մի ողջ սերնդի կյանքին ու ճակատագրին` սկսած պատերազմից, կորուստներից, ապագայի հանդեպ հավատից։
Առաջին հայացքից կինոնկարը չափազանց պարզ է։ 1935 թվական․ Մոսկվայի շրջաններից մեկում ստացած նոր բնակարաններ, սովետական ընտանիքների առօրյա կյանք, ուրախություններ, տագնապներ, սեր եւ հուսախաբություններ։ Տունը պարզապես գործողությունների ծավալման ֆիզիկական վայր չէ, այլ երկրի գեղարվեստական սիմվոլ` երկիր, որը միավորում է տարբեր բնավորությունների, տարիքի եւ ճակատագրերի տեր մարդկանց։ Բնակիչների ճակատագրերի միջոցով հեղինակները ցույց են տալիս, թե ինչ ճակատագիր է բաժին հասել մի ողջ սերնդի, որն անցել է նախապատերազմական տարիներով, դիմացել Հայրենական մեծ պատերազմի փորձություններին ու ճաշակել մեծ հաղթանակի բերկրանքը։ Տունը նաեւ հասարակության մոդելն է։ Բնակիչները վիճում են, խռովում, հաշտվում, սիրահարվում, բաժանվում, ծերանում։ Սակայն, բոլոր տարբերություններով հանդերձ, նրանց միավորում է ընդհանուր` երկրի ճակատագրին իրենց մասնակցության գիտակցումը։ Դրա համար է կինոնկարի անվանումը ստանում փիլիսոփայական իմաստ, եւ, ըստ էության, խոսքն այլեւս ոչ թե կոնկրետ տան, այլ՝ հայրենիքի մասին է։
Կինոնկարը հետաքրքիր երեւույթ է սովետական կինոարվեստի համար։ Տասնամյակներ շարունակ խիստ գաղափարական ժապավեններից հետո էկրաններին հասարակ մարդն է՝ իր առօրյայով, ապրումներով ու հույզերով, ներքին կոնֆլիկտներով, իր ժամանակի եւ միջավայրի մեջ ապրող հասարակ մարդը։ Ֆիլմում պաթոս չկա։ Հասարակ մարդիկ, որոնց հետաքրքրում են ոչ միայն սեփական պետության կյանքն ու պատմությունը, այլ նաեւ՝ իրենց առօրյան։ Պատերազմն էլ ներկայացված է մարդկանց ճակատագրերի միջոցով։ Դրա շնորհիվ էլ ֆիլմն այդքան էմոցիոնալ ու համոզիչ է։ Նույնիսկ ավարտն է «հասարակ» ու «մարդկային»։ Պատերազմում տարած հաղթանակն էլ գալիս է ոչ թե պաթոսով, այլ այն մարդկանց հիշողություններով, որոնք չեն վերադարձել մարտի դաշտից։ Կինոնկարում հանդես են եկել սովետական կինոյի լավագույն դեմքերը՝ Միխայիլ Ուլյանովը, Եվգենի Մատվեեւը, Վալենտինա Տելեգինան, Վլադիմիր Զեմլյանիկինը եւ այլք։ «Տունը, որտեղ ես ապրում եմ» կինոնկարը պարզապես ընտանեկան դրամա չէ, այլ՝ մարդկային կյանքերի եւ ճակատագրերի տարեգրություն, որը մինչ այսօր դիտվում է հաճույքով ու հետաքրքրությամբ։