Պետական վերահսկողական ծառայությունը վերջին շրջանում ուսումնասիրություններ էր իրականացնում Երևանի քաղաքապետարանում, որոնք ընդգրկում էին 2018-2022 թվականները։ Ուսումնասիրությունների արդյունքում, ըստ ՊՎԾ-ի, հայտնաբերվել են 8.5 մլրդ ՀՀ դրամի խախտումներ։ Բացահայտված առանձին խախտումների դեպքերով 5 նյութ ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա արդեն իսկ հարուցվել է թվով 3 քրեական գործ: Սա որակվեց որպես արշավ՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ, քանի որ հենց նրա կառավարման շրջանն էր ընկած ուսումնասիրություների հիմքում։
ՊՎԾ-ի ստուգումների վերաբերյալ կարծիք հարցրինք Երևանի ներկայիս քաղաքապետ Հրաչյա Սարգսյանից։ «Ես կասեմ, որ ստուգումներ է արել ՊՎԾ-ն, որոշ խախտումներ կան, դրանք պետք է քննարկենք, որոշ դեպքերում պրոցեսներ կան, որոնք կարգավորվում են, բայց արդյունավետ չեն կարգավորվում, պետք է քննարկենք, հասկանանք՝ լուծումները որոնք են»,-ասաց քաղաքապետը։
-Ձեր պատասխանատվության տիրույթին առնչվո՞ւմ են այդ խախտումները, քանի որ այդ ընթացքում Դուք քաղաքապետի տեղակալ եք եղել։
-Ամբողջն էլ ստուգել են, ոլորտներ կան, որոնք նույնիսկ ես եմ համակարգել։
-Իսկ կարո՞ղ է այդ քրեական գործով Դուք էլ անցնեք։
-Ես չեմ կարող ասել՝ ես կարո՞ղ եմ էդ քրեական գործով անցնել, թե՞ չէ, բայց քաղաքապետ կար, քաղաքապետի տեղակալներ և ոլորտներ կային, որոնք որ համակարգում էին։
-Իսկ որքա՞ն է կազմել չարաշահումների ընդհանուր ծավալը։
-Ճիշտն ասած՝ թիվը չեմ հիշում չարաշահման, բայց որպես այդպիսին՝ դա վերջնական չէ, պայմանական, օրինակ, չգիտեմ, էլի, էդ չարաշահում բառը նաև պետք է մի հատ քննարկենք, հասկանանք՝ ինչ է նշանակում չարաշահում։
-Դուք այստեղ քաղաքական կոմպոնենտ չե՞ք տեսնում, որ սա ուղղված է հատուկ Հայկ Մարությանի դեմ։
-Ես էդպես չեմ նայում, ես նայում եմ, ընդհանուր առմամբ, պրոցեսներին,թե ոնց կարելի է պրոցեսները կառավարել։ Ու, այո, ՊՎԾ-ի կողմից կան վերհանված խնդիրներ, ու էդ խնդիրները պետք է պրոցեդուրալ առումով ճիշտ կառավարել, որ հետագայում, կապ չունի, Հայկ Մարությանը կլինի, Հրաչ Սարգսյանը կլինի, այլ մեկը կլինի, էդ պրոցեսները կարողանանք կառավարել։