Քաղաքականություն

«COP17»-ի հյուրերը որ գան, չե՞ն տեսնելու, որ Երևանի կենտրոնը մերկ է»

«COP17»-ի հյուրերը որ գան, չե՞ն տեսնելու, որ Երևանի կենտրոնը մերկ է»

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Սևան Ստարտափ»-ի շրջանակում անցկացված «Greenovate» երիտասարդական գագաթնաժողովին եւ իր հեղինակային խոսքն է ասել, ճոխ-ճոխ ելույթ է ունեցել, խոսել է երիտասարդության դերի մասին՝ բնապահպանական հարցերում:

Իր հուզական ելույթում ասել է, որ այս գագաթաժողովը պետք է «վերաիմաստավորման փուլ դառնա բնության հետ մեր հարաբերություններում»:

Հիշեցնենք, այս գագաթաժողովը «Սեւան Ստարտափ Սամմիթի» բազմաթիվ միջոցառումներից մեկն է, որը էկոլոգիական տրամադրություն է հաղորդել տեխնոհավաքին:

Նախարարն ասել է, որ COP17-ը կլինի այն հարթակը, որտեղ Հայաստանը կներկայացնի իր տեսլականը՝ որպես փոքր, բայց կենսաբազմազանությամբ հարուստ երկիր:

Մի խոսքով, սամմիթի հյուրերի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ Հայաստանն իրոք գնահատում է բնությունը, էկոլոգիան ու կարող է առաջատար լինել այս հարցերում: Բնապահպան, Երևանի ավագանու անդամ Կրիստինա Վարդանյանն ընդհանրապես չի հասկանում այսպիսի, ինչպես ինքն արտահայտվեց՝ «մոնոլոգները»:

Նրա կարծիքով, չի կարելի «Greenovate»-ն նման փառատոններին լսել միայն կառավարության ներկայացուցիչներին, չհրավիրել մասնագետներին: «Նաեւ բնապահպաններ պետք է լինեն, դիալոգներ պետք է կազմակերպվեն, քննարկումներ, այն, ինչը մենք առհասարակ չենք տեսնում», - ասում է նա:

Եւ շեշտում է՝ Հայաստանի քաղաքներում՝ Երևանում, Դիլիջանում, Ստեփանավանում՝ ամենուրեք էկոհամակարգերը խաթարվում են, հո ճառեր ասելով չի՞:

«Երկար, անօգուտ ռազմավարություններ են գրվում նախարարությունում, բայց կոնկրետ խնդիրներ չեն կարողանում լուծել: Ինչո՞ւ սոճիների վարակը եղավ: Ժամանակին էր պետք ուսումնասիրություն անել: Նույնը անտառահատումների հետ կապված: Զանգվածային բնույթի անտառահատումներ են արվել, եւ այս ամենը էկոհամակարգերի, կենսաբազմազանության խաթարում է:

Սա գալիս է նրանից, որ նախարարության կողմից մշակված ռազմավարություն՝ սկսած օդի պաշտպանությունից, վերջացրած մնացած հարցերով, չկա ու չի արվում:

Համենայն դեպս, տեղերում մենք այդ ամենը չենք տեսնում»: Այո, Հայաստանը կենսաբազմազանության բացառիկ երկիր է, բայց մենք պետք է հասկանանք, որ այդ ամենը պետք է պահպանել ու տասնյակ գործողություններ պետք է արվեն ժամանակին, որ հետագայում լայնածավալ գործողությունների կարիքը չլինի, չթողնեն, որ խնդիրը տարածվի: «Նույն սոճիների վարակի հարցը:

Տեսան, մեզ մոտ չեն կարող ախտորոշում իրականացնել, հրավիրեցին դրսից մասնագետների, նմուշներ ուղարկեցին, բայց այս ամենը կարելի էր անել ավելի շուտ, որ լայնածավալ գործողոըւթյուններ չարվեն, չէ որ մենք ունենք եւ ակադեմիական հիմնարկներ, եւ տեսչություններ:

Վաղը ի՞նչ ենք ասելու՝ կաղնին հիվանդ է, եկեք, կտրենք, ինչպես թեղիները կտրեցինք, էլ ի՞նչ կենսաբազմազանության մասին է խոսքը», - ասում է մասնագետը:

«COP17-ի հյուրերը որ գան, Երևանի կենտրոնով քայլեն, չե՞ն տեսնելու, որ բարձրաբուն ծառ չկա, որ կենտրոնը ամբողջությամբ մերկ է, կիսաանապատային քաղաքում են իրենք, բա մեր կենսաբազմազանությունն էլ որտե՞ղ է:

Շատ լավ է, որ միջազգային փորձագետներ են գալու, միգուցե, միջազգային կառույցները պետք է այս ամենի գնահատականը տան, եթե ՀՀ-ում ու նախարարությունում, տեսչականներում համարում են, որ այս գործողությունները, որ իրականացվել են, ոչ մի ազդեցություն մարդու առողջության, կենսաբազմազանության վրա չունեն:

Մարդը՝ ծառի տակ եւ մարդը՝ ծառի բացակայության դեպքում, նույն արևի տակ է գտնվում, ու թռչունն էլ, ինչ Մոսկովյանի սակուրայի վրա լինի, ինչ բարձր թեղիի վրա։ Այդ ամենը նո՞ւյնն է, ո՞նց կարելի է այսպես մտածել», - հարցնում է Կրիստինա Վարդանյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image