Օրեր առաջ Գյումրու նախկին քաղաքապետ, ներկայումս ՏԻՄ ընտրություններին քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին ոստիկանության ծառայության հատուկ ջոկատայինները, բիրտ ուժ կիրառելով , բերման ենթարկեցին՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով: Ժամեր անց Ղուկասյանին ազատ արձակեցին, քանի որ կասկածը չէր հիմնավորվել:Դեպքից օրեր անց էլ կրքերը չեն հանդարտվել: Ղուկասյանը բարկությամբ հայտարարեց, որ կատարվածն իր համար չտեսնված բան էր: 65-ամյա նախկին քաղաքապետին եւ նրա թիկնապահին , որը իր տարեկիցն է, գետնին քարշ տալով էին բերման ենթարկել:
Այս իրադարձությունների ֆոնին Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար, գյումրեցի Նազելի Բաղդասարյանն է մի գրառում արել, որն ակնհայտ ուղղված էր նախկին քաղաքապետին, եւ այդկերպ նրան հիշեցնում էր կրիմինալ անցյալը․ «Մենք շատ լավ հիշում ենք՝ ով և ում վրա կրակեց, երբ և ում սպանեցին, ինչպես և ինչը մարդկանց ձեռքից խլեցին, ինչքան և որտեղ ապօրինի դիզեցին »։
«Բա որ գիտեիր, որ էդպիսի բաներ են եղել, բա ինչի՞ էիր էսքան ժամանակ լռում, բա գնայիր, ցուցմունք տայիր: Բոլորս գիտենք, որ դու էլ հանրային մարդ էիր, հեռուստատեսության աշխատակից էիր »,-Hraparak.am-ի հետ զրույցում վարչապետի մամուլի քարտուղարին է հակադարձում գյումրեցի գործարար Տիգրան Ավագյանը:
Մեզ հետ զրույցում Ավագյանը անդրադարձավ ՔՊ-ի կազմակերպած փրայմերիզին, որը գյումրեցիների համար այդպես էլ անհասկանալի ընտրության ձև մնաց։ «Էդ իրենց քաղաքական ավանտուրիաներից գիտեն՝ բան չենք հասկանում:Էդ փրայմերիզ չէր, էդ վայլդբերիզ էր»,-ասաց մեր զրուցակիցը։