18 ամիս առաջ «Վիվա Արմենիա» ընկերության սեփականատեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը նվիրաբերեց ՀՀ կառավարությանը իրեն պատկանող «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ 20 % բաժնեմասը։ 18 ամիս հետո կառավարությունը մտադիր է այդ նույն բաժնեմասը հետ վաճառել 50 մլն դոլարով: Ստացվում է, որ այդ կազմակերպության գինը 250 մլն դոլար է, ինչը շատ քիչ է շուկայական արժեքից, քանի որ 2024 թվականին 2,3 մլն աբոնենտ ուներ Վիվասելը, իսկ տարվա օպերացիոն շահույթը 57 մլրդ դրամ է, ըստ 2024 թվականի տվյալների եւ դեռ աճել է: Այս կարծիքը «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց տնտեսագետ Աղասի Թավադյանը:
Նա նշում է, որ գործարքն ինքնին կասկածելի է, քանի որ այս կազմակերպությունը՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» մութ է, գրանցված է Կիպրոսում, դրա բաժնետերերը հայտնի չեն:
«Այն ժամանակ, երբ հայտարարվեց նվիրաբերության գործարքի մասին, «Իմ քայլը» դաշինքում հակասական կարծիքներ կային դրա վերաբերյալ: Սա առաջին անգամ չէ, երբ մեծ կազմակերպությունը ընծայում է բաժնետոմսերի մի մեծ զանգված կառավարությանը: Օրինակ, 21 թվականի վերջում կառավարությունը որպես նվեր ստացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսը: Դա տեղի ունեցավ օրենսդրական ճնշման արդյունքում, երբ հանքաքարի եւ հանքանյութի արտահանման վրա մեծ տուրք դրվեց, հետո հանվեց, նվիրելուց հետո:
Ամուլսարի գործարքը 2024 թվականին, երբ որ կառավարությունը ձեռք բերեց «Լիդիանի» բաժնետոմսերի 12,5 տոկոսը:
Սրանք բոլորը մութ գործարքներ են, եւ այդ մասին հիշատակումներ կան ԱՄՆ պետդեպարտամենտի եւ Միջազգային վալյուտային ֆոնդի հաշվետվություններում:
Այնտեղ նշված է, որ արտասահմանյան ներդրողի տեսանկյունից ՀՀ նկատմամբ վստահությունը նվազում է, որովհետեւ ՀՀ կառավարությունը օգտագործում է օրենսդրական լծակ, որպեսզի խոշոր կազմակերպություններն իրենց ընծայեն բաժնետոմսների զգալի հատվածը», - ասում է փորձագետը:
Նա նաև զուգահեռ է անցկացնում ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: «Արտասահմանյան ներդրողները այս ամենը նայում են ու մտածում են՝ ինչու ներդրում կատարենք ՀՀ-ում, որտեղ օրենսդրությունը օգտագործվում է որպես լծակ»:
Հարցին, թե այնուամենայնիվ, ինչու է ՀՀ Կառավարությունը վաճառում «Վիվա Արմենիայի» իր բաժնեմասը, Աղասի Թավադյանը պատասխանեց. «Առաջին պատճառներից կարող է լինել այն հանգամանքը, որ բյուջեում փող չկա ու պետական պարտքի կառավարման համար է սա վաճառվում, բայց եթե այդպես է, ավելի մեծ շուկայական գնով պետք է վաճառվեր:
Երկրորդ պատճառն այն կարող է լինել, որ կառավարությունը հասկացել է, որ սա բարդ համակարգ է, որը դժվար է կառավարել: Հնարավոր է նաեւ «Վիվա Արմենիային» որոշակի արտոնություններ տալու համար է եղել այս վաճառքը, որ այդ 50 մլն- ը լինի իրենց օրենսդրորեն չճնշելու գինն է, օրինակ: Կա նաեւ վարկած, որը ես հավանական եմ համարում՝ «Վիվան» ունի ՀՀ 2 մլն 340 հազարից ավելի բաժանորդների տվյալներ», - նշում է Աղասի Թավադյանը: