Հասարակություն

«Հրապարակ». ՀԴՄ սպասարկող ընկերությունները կրկնակի թանկացրել են ծառայությունները

«Հրապարակ». ՀԴՄ սպասարկող ընկերությունները կրկնակի թանկացրել են ծառայությունները

ՀԴՄ-ները սպասարկող ընկերությունները թանկացրել են իրենց ծառայությունները, ընդ որում` 100 տոկոսով։ Եթե նախկինում յուրաքանչյուր տնտեսվարող ամսական սպասարկման համար նրանց վճարում էր մոտ 1800-2200 դրամ, ապա այսօր բոլոր ընկերությունները միանման գին են սահմանել՝ ամիսը 3500-3600 դրամ։ Այս մասին «Հրապարակին» ահազանգում են մանր ձեռնարկատերերը։ 

Առաջին հերթին հենց նրանք են տուժում թանկացումից, քանի որ նրանց շրջանառությունն ամենափոքրն է։ «Մեր թաղում կա սուպերմարկետ, նա էլ է վճարում ամսական 3 հազար 500 դրամ, իմ թոշակառու զոքանչն էլ, որը հազիվ է գալիս գործի, հագուստ է վաճառում, նա էլ պետք է տա 3 հազար 500։  Անարդար է։ Բացի դա, կան տնտեսվարողներ, որոնց պայմանագիրն անժամկետ է` նրանք 1800-ով կնքել են ու մինչեւ լուծարումն այդքան են վճարելու ՀԴՄ սպասարկման համար, մյուսները՝ 3500-3600 դրամ։ ՀԴՄ սպասարկող ընկերությունները նրանց հետ, որոնց պայմանագրերը լրացել են, 3 հազար 500-ով են պայմանագիր կապում, այսինքն՝ նախկինից 2 անգամ բարձր գնով։ Մեզ էլ են այդքան ասել՝ 3 հազար 500։ Պայմանագրում գրված է, որ իրենց ծառայությունների գինը կփոխվի, եթե երկրում բան փոխվի։ Բայց երկրում էական ոչինչ չի փոխվել, ինտերնետի գինը չի բարձրացել, ինչո՞վ են հիմնավորում սպասարկման արժեքի կրկնակի բարձրացումը»,- հարցնում է տնտեսվարողը։

Սպասարկման պայմանագիրը տնտեսվարողի հետ կնքվում է ՀԴՄ-ներ ձեռք բերելուց հետո։ Սպասարկման կենտրոնն ամսական վճարի դիմաց պարտավորվում է ՀԴՄ-ն միացնել ՊԵԿ-ի համակարգին, ապա՝ տեխնիկական անսարքություններ առաջանալու դեպքում, վերանորոգել այն։ Անկախ այն հանգամանքից՝ անսարքություն առաջացել է, թե ոչ, տնտեսվարողը պարտավոր է այդ ընկերությանը վճարել սպասարկման պայմանագրով սահմանված գումարը։ Մենք հարցրինք ՊԵԿ խոսնակին, թե արդյոք ՊԵԿ համակարգին միանալու հետ կապված՝ որեւէ փոփոխություն եղե՞լ է, որը կարող էր ազդել սպասարկման գնի վրա։ «Ոչ, մեր մասով փոփոխություն չի եղել»,- ասաց նա։

Զանգահարեցինք ՀԴՄ սպասարկող մի քանի կենտրոն։ «ՀԴՄ ՇՏՐԻԽ» ՍՊԸ աշխատակիցը մեզ պատասխանեց, որ, այո, իրենց սպասարկման գինը 4-5 ամիս առաջ ավելացել է։ «ՀԴՄ-ների սպասարկումն արժե 3 հազար 600 դրամ։ Այս պահին միայն մեկ տարիֆ ունենք։ Նախկինում տարբեր տարիֆներ էին՝ 2 հազար 400, 3 հազար, 3 հազար 600, 4 հազար 800 է եղել, հիմա մնացել է մեկ տարիֆ՝ 3 հազար 600 դրամ»,- ասաց նա։ Բոլոր ընկերությունները պայմանավորվել են մեկ գի՞ն սահմանել։ «Ես չգիտեմ, չեմ կարող ասել, մեզ մոտ այդ տարիֆն է, մյուսների մասով չեմ կարող ասել»,- պատասխանեց աշխատողը։ 

«ՍՄԱՐԹ ՍՈԼՈՒՇՆՍ» ընկերության սպասարկումը նույնպես ամսական 3 հազար 600 արժե։ Մեզ փորձեցին գնի բարձրացումը բացատրել նրանով, որ ավելացել են իրենց մատուցվող այլ ծառայությունների գները։ «Բարձրացել են մեզ մատուցվող ծառայությունների արժեքները, ըստ այդմ` թանկացել է սպասարկումը։ Մի քանի ամիս առաջ գինը 1800 էր, բայց հիմա դա չի գործում։ Տեսեք, հիմա այդ սարքերի մեջ ներառվում են քարտեր, այլ ծառայություններն այդ քարտերը մեզ մատուցում են, քանի որ իրենք բարձրացրել են արժեքները, ընդհանուր գինն էլ բարձրացել է»։ Խոսքն անկանխիկ գործարքների, տերմինալների բանկային սպասարկման մասին է, բայց ինչո՞ւ է թանկացումը 100 տոկոս, գուցե սա ընդհանուր պայմանավորվածությա՞ն արդյունք է` բոլոր սպասարկող ընկերությունները ստվերային համաձայնության են եկել։ «Իհարկե, սա ընդհանուր պայմանավորվածություն չէ, գիտեմ, որ շատ կազմակերպությունների մոտ է գինը բարձրացել»։ 

ՀԴՄ-ների սպասարկման «Իննթեք» կենտրոնն արդեն մի քանի ամիս է` ծանուցումներ է ուղարկում իր հաճախորդներին եւ դեռ չի ավարտել ծանուցման գործընթացը։ Այստեղ էլ ծառայությունը 3 հազար 500 է դարձել։ Կենտրոնում թանկացումն այլ կերպ բացատրեցին․ «Որակի բարելավումներ ենք անում, ծրագրերի թարմացումներ ենք պարբերաբար կատարում։ Տեխնիկական սպասարկման մասով այլ բարելավումներ են լինելու»։ 

- Բայց միանգամից 100 տոկոսով գինը բարձրացնո՞ւմ են։ 

- Այս պահին բոլոր ընկերությունները գրեթե նույն շեմով են սպասարկում։ 

- Այսինքն՝ բոլորդ միասին պայմանավորվել եք նույն գնի՞ շուրջ։ Ո՞վ է որոշել։ 

- Ես չեմ կարող Ձեզ հետ այդքան մանրանալ, այդ հարցերը քննարկել։ 

«Հրապարակի» զրուցակիցը ՍՊԸ օպերատորն էր։ Երբ լսեց, որ իրենց հաճախորդները բողոքել են «Հրապարակ» թերթին, խոստացավ կապ հաստատել մեր եւ տնօրեն Տիգրան Մարտիրոսյանի միջեւ, սակայն կապն այդպես էլ չհաստատվեց։ 

Այսպիսով, ՀԴՄ սպասարկողները որոշել են գերշահույթներ ստանալ եւ խմբակային պայմանավորվածություն են ձեռք բերել սպասարկման ամսավճարի վերաբերյալ։ Արդյոք Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում տեղյա՞կ են տնտեսվարողների բողոքների մասին։ «Հանձնաժողովն իր ընթացակարգն ունի։ Փաստերն ու հաղորդումը փոխանցել եմ հանձնաժողովին։ Եթե խնդիր լինի, վարույթ կհարուցվի»,-  մեզ վստահեցրեց ՄՊՀ մամուլի քարտուղարը, թեեւ ակնհայտ է, որ խնդիրը կա եւ նոր չէ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image