Թափանցիկ օդ, ջրի վրա տարբեր արտացոլանքներ, գունագեղ հովանոցներ եւ երեխաների ուրախ ճիչեր։ Այս ամենը կենդանանում է Շառլ Ադամյանի կտավներում։ Հավիտենապես Սեն-Ժիլ-սյուր-Վիի հետ կապված հայազգի նկարչի համար այցեքարտային են նրա «լողափային շարքի» նկարները, որոնք էլ նրան փառք են բերել՝ որպես գույնի եւ լույսի փոխանցող վարպետի։
Կարապետ Ադամյանը, որը հետագայում կդառնա Շառլ Ադամյան, ծնվել է 1872 թվականի սեպտեմբերի 18-ին, Կոստանդնուպոլսում՝ երաժիշտ եւ ոսկերիչ Մկրտիչ Ադամյանի եւ Մարիամ Ավգերյանի ընտանիքում։ Մանուկ հասակից շրջապատված լինելով արվեստով՝ նա վաղ տարիքից է ցույց տվել իր տաղանդը։ Ուսանել է Ստամբուլի եվրոպական մասում գտնվող դպրոցում, ապա տեղափոխվել է ֆրանսիական Սեն-Բենուա միջնակարգ դպրոցը։ Ուսումը շարունակել է Վենետիկի Մխիթարյան հայրերի մոտ, ապա՝ Մուրադ-Ռաֆայելյան դպրոցում։ 1887-93 թթ․ գեղանկարչության դասեր է վերցրել պրոֆեսոր Անտոնիո Պաոլետիից։ Որոշ ժամանակ ուսանել է Գեղեցիկ արվեստների ակադեմիայում, սակայն ստիպված է եղել 1894 թվականին կիսատ թողնել ուսումը եւ վերադառնալ Ստամբուլ։ Ստամբուլում որպես դիզայներ աշխատել է տեղի հախճապակու գործարանում, մինչեւ 1897 թվականը՝ ստեղծելով գեղեցիկ իրեր, զուգահեռ նաեւ ջրաներկով փորձել է նկարչական իր փորձարարական որոնումների մեջ խորանալ։ Այս փուլը թեեւ աննշան հետք է թողել նրա ստեղծագործական կյանքի վրա, սակայն կարեւոր դերակատարում է ունեցել գեղարվեստական ճաշակի, գույնի, ձեւի ընկալումների ձեւավորման վրա։ 1897 թվականին, որպեսզի ամուսնանա իր սիրեցյալ Մարի Վալերի Սինդարսիչի հետ, տեղափոխվել է Փարիզ ու հաստատվել Արվեստների վիլլայի ստուդիաներից մեկում՝ Էժեզիպ Մորոյի փողոցում։ Նրա հարեւաններն են դարձել Պիկաբիա եւ Պոլ Սեզանները, Էժեն Կարիերը։ Փարիզում Ադամյանը ստիպված է եղել ամեն բան սկսել նորից։ Որպեսզի կարողանա ապրուստ հայթայթել, սկսել է տարբեր աշխատանքներ կատարել՝ նկարազարդել է անգլալեզու եւ ֆրանսիական պարբերականներ, համագործակցել L’Illustration եւ Le Monde illustré հանդեսների հետ, ստեղծել ցուցապաստառներ եւ դեկորացիաներ՝ թատրոնների համար։ Ձեւավորել է ավելի քան 150 գիրք, այդ թվում նաեւ՝ Անատոլ Ֆրանսի, Գի դը Մոպասանի, Անրի Բորդոյի եւ Ռըբե Բազենի վեպերը։ Բավարար միջոցներ կուտակելով՝ վերջապես կարողացել է սեփական արվեստանոցը բացել եւ ամբողջապես իրեն նվիրել գեղանկարչությանը։
Ադամյանի դեբյուտը կայացել է 1903 թվականին՝ Աշնանային սալոնում։ Այն նշանավորվել է հաջող կարիերայի մեկնարկով։ Ադամյանը դարձել է ցուցահանդեսների մշտական մասնակից, որտեղ նրա աշխատանքները մշտապես արժանացել են հանդիսատեսի եւ քննադատների բարձր գնահատականներին ու դրվատանքին։ Առաջին աշխարհամարտի տարիներին Ադամյանը՝ որպես Օսմանյան պետության հպատակ, Փարիզում տնային կալանքի է ենթարկվել։ Այդ շրջանում նա սկսել է աշխատել ֆրանսիական եւ անգլիական պարբերականների նկարազարդումների վրա։ Ստեղծել է ռեժիսոր Գյուստավ Կենսոնի համար թատերական ցուցապաստառներ։ 1918 թվականին՝ պատերազմի ավարտից հետո, մեկնել է Ֆրանսիայի հարավ, որտեղ ստեղծել է Մարսելին ու վերջինիս շրջակայքին նվիրված աշխատանքների շարք։ 1920 թվականին ուսումնասիրել ու պատկերել է Սեն-Ժան-դե-Լյուզի բնապատկերները, 1921 եւ 23 թվականներին ցուցադրվել Ալարի եւ Պտիի պատկերասրահներում։ 1923 թվականի ամառն անցկացրել է Վանդեյի Սեն-Ժիլ-սյուր-Վիի համայնքում, վայր, որը նրա ստեղծագործություններում նշանային նշանակություն է ստացել։
Ամեն առավոտ գնացել է լողափ եւ պատկերել այնտեղ հանգստացողներին՝ բնական վիճակում։ Ընդ որում, միշտ փորձել է մնալ աննկատ։ Իսկ երբ մեկնումեկը նկատել է նրան եւ հատուկ կեցվածք ընդունել, որ նկարվի, Ադամյանը կորցրել է նրան պատկերելու հետաքրքրությունը։ Իր «լողափային» բնապատկերներում Ադամյանը հիանալի փոխանցել է արեւի փայլը, ջրի վրա ունեցած նրա արտացոլանքը, օդի թեթեւությունն ու թափանցիկությունը, ծովի ալիքների դինամիկան։ 1923-39 թթ․ Սեն-Ժիլ-սյուր-Վիում ստեղծել է ավելի քան 200 կտավ՝ Ֆրանսիայի այդ գեղատեսիլ անկյունը վերածելով յուրատեսակ թանգարանի՝ բաց երկնքի տակ։ 1926 թվականին մասնակցել է «Ֆրանսիական սալոնին», որից ստացված հասույթը պետք է ուղղվեր երկրի վերականգնմանը։ 1928 թվականին ստացել է ֆրանսիական քաղաքացիություն, դարձել Նկարիչների ազգային ընկերության անդամ։ 1940 թվականին՝ Երկրորդ աշխարհամարտի պատճառով, ստիպված է եղել տեղափոխվել Պուլեն, որտեղ ստեղծել է Բարզելի շրջակայքի բնապատկերներին նվիրված կտավներ։ 1941 թվականին մահացել է կինը։ Սեփական առողջական վիճակն էլ այլեւս այն չի եղել, եւ դա վերջակետ է դրել Ադամյանի ստեղծագործական կյանքին։ 1941-47 թթ․ պայքարել է ծանր հիվանդության դեմ։ Մահացել է իր արվեստանոցում՝ 47-ի հուլիսի 30-ին։
Armmuseum.ru