Մշակույթ

«Քրանֆորդ»․ ժամանակի փոփոխությունների եվ հասարակության դիմադրության մասին

«Քրանֆորդ»․ ժամանակի փոփոխությունների եվ հասարակության դիմադրության մասին

Բրիտանական սերիալների շարքում «Քրանֆորդը» (2007-2009 թթ․) այն լավ օրինակներից է, որտեղ գլխավոր աղբյուրը մարդկային հարաբերություններն են, դրամատիզմը, որտեղ կա ասելիք, որը ստիպում է դիտողին մտորել ժամանակի բերած փոփոխությունների, դրանց հանդեպ մարդկանց վերաբերմունքի, երբեմն՝ ցուցաբերած դիմադրության մասին։ Սերիալը ստեղծվել է BBC-ի կողմից։ Հիմքում 19-րդ դարի անգլիացի կին գրող Էլիզաբեթ Գասքելի մի քանի վեպերն են։

Սերիալի հեղինակները կարողացել են համադրել այնպիսի կարեւոր թեմաներ, ինչպիսիք են մարդկային բնությունը, ժամանակն ու կյանքը՝ արտացոլված անգլիական ոչ մեծ գավառական քաղաքում։ Սերիալի գործողությունները ծավալվում են հեռավոր 1840-ական թվականներին, երբ արդյունաբերական հեղափոխությունը փոխում էր բրիտանական տնտեսությունը, նաեւ՝ քայքայում կյանքի սովորական ռիթմը գավառական քաղաքներում։ Քրենֆորդը դառնում է ավանդական Անգլիայի յուրօրինակ մոդելը, որն ապրում է իր ուրույն օրենքներով։ Քաղաքի բնակիչները զբաղված են իրենց կենցաղային հարցերով` մեկմեկու այցեր, վերջին նորությունների քննարկումներ, վարվեցողության կանոնների պահպանման հանդեպ ամենայն խստապահանջություն։ Սակայն այս «չափված-ձեւված» կյանքը դառնում է այն գեղարվեստական հնարքը, որը թույլ է տալիս, որ ծավալվեն ավելի մեծամասշտաբ պրոցեսներ։ Արտաքին հանդարտահոսության տակ ապագայի հանդեպ վախն ու անորոշությունն է, սոցիալական անհավասարությունը, մենակությունը, տնտեսական անկայունությունն ու պատմական փոփոխությունների անխուսափելիությունը։ Հեղինակները գիտակցաբար հակադրում են երկու աշխարհ՝ հին ավանդական Անգլիան եւ վրա հասնող արդյունաբերական ժամանակաշրջանը, որի խորհրդանիշն է դառնում երկաթուղին։ Այն ոչ միայն տեխնիկական առաջընթաց է ապահովում, այլ նաեւ խաթարում է ավանդական սոցիալական կապերը՝ ստիպելով հերոսներին վերանայել իրենց կյանքն ու կենցաղը։ «Քրանֆորդի» յուրահատկություններից մեկը թերեւս այն է, որ ամեն բան դիտարկվում է կանացի հայացքի դիտանկյունից, աշխարհն ու կյանքը պատկերվում են կանանց ճակատագրերի միջոցով։

Հերոսուհիները կանայք են՝ այրիներ, չամուսնացած կանայք, տնային տնտեսուհիներ, միջին դասի կանայք, որոնք զրկված են քաղաքական իշխանությունից, ըստ այդ ժամանակների օրենքների, սակայն հենց նրանք են հանդիսանում քաղաքի բարոյական օրենքների թելադրողն ու մթնոլորտ ձեւավորողը։ Սերիալում գլխավոր եւ երկրորդական դերեր չկան։ Յուրաքանչյուր հերոս դառնում է բարդ սոցիալական «գործվածքի» մի «թելը», որտեղ նույնիսկ աննշան իրադարձությունը մեկնաբանվում ու դառնում է նշանակալի։ Այստեղ անցյալի ռոմանտիկացում չկա։ Հեղինակները ցույց են տալիս, որ ավանդական հասարակությունը կարող է լինել ե՛ւ շատ հարմարավետ, ե՛ւ շատ դաժան։ Այդ հասարակությունում մարդիկ պատրաստ են մեկմեկու հասնել օգնության, սակայն վայ քեզ, եթե հասարակական ընդունված նորմերից նահանջ կամ շեղում ունեցար։ Փոքր-ինչ շեղումը բավական է՝ դատապարտվելու համար։ Կյանքը սկսում է արդիականանալ․ հայտնվում են երիտասարդ բժիշկներ, ներդրվում են բուժական նոր մեթոդներ, չունեւորների համար կրթությունը դառնում է հասանելի։ Հարց է, թե փոքրիկ քաղաքում այս բոլոր նորարարություններն ինչպես են ընդունվում եւ ինչպիսի դիմադրության արժանանում։ Սերիալում կոնֆլիկտը ոչ թե չարի եւ բարու միջեւ է, այլ հնի ու նորի, անցյալի եւ ապագայի, իսկ ներկան այդ կոնֆլիկտի թատերաբեմն է։ Սերիալում հանդես են եկել Ջուդի Դենչը, Իմելդա Սթոնթոնը, Այլին Աթքինսը, Ջուլիա Մաքենզին, Բարբարա Ֆլինը եւ բրիտանացի այլ հայտնի դերասան-դերասանուհիներ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image