Քաղաքականություն

Ո՞վ պետք է լիներ այս խառն օրերում Հայաստանի ղեկավարը

Ո՞վ պետք է լիներ այս խառն օրերում Հայաստանի ղեկավարը

«Երևանն այս պահին չունի տեղեկություն, որ Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից և հարձակվել Հայաստանի վրա»: Ըստ մամուլի հաղորդումների՝ ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Գրիգորյան Արմենը: Երևում է, որ Գրիգորյանն ապրում է ոչ թե մեր օրերի Հայաստանում, որը գտնվում է Հարավային Կովկասում՝ ունենալով Ադրբեջան անվանումով անկանխատեսելի հարևան, այլ միջնադարյան Եվրոպայում: Որտեղ և երբ տիրում էր այսպիսի ավանդույթ. երբ որևէ պետություն նախատեսում էր հարձակվել մեկ այլ երկրի վրա, դրա մասին ջենթլմենավարի նախօրոք տեղեկացնում էր մյուսին: Կամ էլ, եթե, այնուամենայնիվ, ընդունենք, որ Արմենը մեր ժամանակակիցն է, ու Հայաստանն էլ Եվրոպայում չի գտնվում, ապա պետք է ենթադրել, որ մեր երկրի Արտաքին հետախուզական ծառայությունը (ԱՀԾ): Քրիստիննե Գրիգորյանի ղեկավարությամբ առնվազն օրական կտրվածքով ԱԽՔ-ին է հայտնում Հայաստանին սպառնացող արտաքին վտանգների, ինչպես նաև դրանց կյանքի կոչվելու հավանականության մասին: Ճիշտ այնպես, ինչպես ասենք ռուսական ԱԴԾ-ն է, կա՛մ ամերիկյան ԿՀՎ և կա՛մ, ասենք, իսրայելական Մոսադը: Եվ հայկական ԱՀԾ-ն որևէ վտանգավոր նորություն չի հայտնել ԱԽՔ-ին:

Ներկայացվածն, իհարկե, կարող էր զվարճալի լինել, եթե չլիներ այդքան տխուր՝ ինչպես ասել է ժամանակին ռուս պոետ Միխայիլ Լերմոնտովը: Եվ որքան էլ Գրիգորյանը սիրի կամ չսիրի՝ ինչն ավելի հավանական է, ռուսներին, սակայն չի կարող խուսափել թևավոր այդ խոսքի տիրույթում հայտնվելուց: Զարմանալիորեն, Իսրայելի կողմից Իրանին ռազմական հարվածներ հասցնելու առումով ավելի ադեկվատ արձագանք է տվել Արմենին այդ պաշտոնին նշանակած Փաշինյանը: Կրկնում եմ՝ զամանալիորեն: Վերջինս հայտարարել է, որ իրենք մտահոգված են, ինչը բնական է՝ հաշվի առնելով Իրանի՝ Հայաստանին սահմանակից լինելը: Ու այդ պետության նկատմամբ իսրայելական ոտնձգությունը չի կարող անհանգստություն չպատճառել յուրաքանչյուր հայի: Ուրիշ հարց, որ մենք հույս ունենք, որ արևելյան բռնապետն այնքան անադեկվատ չի գտնվի, որ խաղաղության պայմանագրի 17 կետերի համաձայնեցումից հետո օգտագործի Իրանի խառը վիճակը ու նախաձեռնի Սյունիքի ուղղությամբ ցամաքային ագրեսիա: Չնայած երկու անգամ օգտվել է այդ հնարքից՝ 2022-ին ու 2023-ին՝ երբ խառը վիճակում էր գտնվում Ռուսաստանի Դաշնությունը:

Որպեսզի ավելի ընկալելի լինի Իրանի դերը մեր երկրի անվտանգության հարցում՝ հիշատակենք «Հրապարակ»-ի հաղորդումն այն մասին, որ Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել էր, որ հենց Իրանն է խափանել «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծումն ու իրականացումը, ինչին այդքան ձգտում են Ադրբեջանն ու Թուրքիան: Վելայաթիի հայտարարությունը զափազանցություն լինել չէր կարող, քանի որ պաշտոնական Անկարան մեկ-երկու անգամ դիմել էր Իրանին Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը չխոչընդոտելու առաջարկով: Դիվանագիտական լեզվից նորմալ լեզվի թարգմանելու դեպքում դա պետք է ընկալվեր այսպես՝ մի՛ խանգարիր Հայաստանի առումով մեր ագրեսիվ նկրտումներին: 

Բայց ինչքան լավ կլիներ, չէ՞, եթե Հայաստանի ղեկավարը լիներ ոչ թե խայտառակ պարտության խորհրդանիշ Նիկոլը, ով խոստովանում էր, որ հպարտ է մեր պարտությամբ, այլ ադեկվատ մեկ այլ գործիչ: Որպեսզի Հայաստանի անվտանգության խնդիրը լուծվեր ոչ թե հարևանի շնորհիվ՝ որքան էլ վերջինիս բարեկամաբար տրամադրված լինի մեր նկատմամբ, այլ մեր պետության ղեկավարության ջանքերով: Ինչը ենթադրում է, որ պատերազմից հետո քաղաքացի Փ. Ն.-ն պետք է ներողություն խնդրեր իր բոլոր հայրենակիցներից բազմահազար զոհերի ու Արցախյան առաջին՝ հաղթական ազատամարտը պարտությամբ փոխարինելու համար: Ու, բնականաբար, հրաժարական ներկայացներ իր զբաղեցրած պաշտոնից՝ ընդհանրապես դուրս գալով քաղաքականությունից: Իսկ պաշտոնն էլ փոխանցեր այն անձին, ով ի վիճակի կլիներ կարճ ժամանակահատվածում բուժել պարտության վերքերը, երկրում հաստատել հայրենասիրության վրա հիմնված միաբանություն, ոգի ներարկել ազգային բանակին ու պատրաստվել դիմակայելու թշնամական բոլոր սպառնալիքներին: 

Ու այդ պարագայում մեր հույսը կլիներ ո՛չ բարեկամաբար տրամադրված հարևանը և ո՛չ էլ այն հույսը, որ արևելյան բռնապետը չի լինի ոչ ադեկվատ: Մեր հույսը կլիներ մեր ժողովրդի ու մեր բանակի ոգին՝ ամրապնդված պաշտպանական ժամանակակից ու հզոր սպառազինությամբ: Ով առաջին հերթին կկրճատեր իր և մնացած բարձրաստիճան չինովնիկների աշխատավարձերը՝ ընդհանրապես չեղարկելով պարգևավճարները: Եվ այդ գումարները՝ պետական ներքին ու արտաքին պարտքային գումարների հետ մեկտեղ կներդներ տնտեսության զարգացման ու ըստ այդմ՝ պետության պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ: Բայց այդ ամենն անելու համար երկրի վարչապետը պետք է լիներ ոչ թե Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով անձը, այլ պետության մասին հոգ տանող, գրագետ ու հայրենասեր անձնավորություն՝ համապատասխան թիմով:  

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image