Կինոգետ եւ ռեժիսոր Լյուբով Արկուսը նկարահանել է «Անտոնն այստեղ՝ մեր կողքին է» վավերագրական կինոնկարի պրիկվելը։ Այն ստացել է «Ծնողներն այստեղ՝ մոտերքում են» անվանումը։ Կինոնկարին, սակայն, մերժել են կինովարձույթի արտոնագիր տալ, ըստ էության, գրաքննություն կիրառելով։
Հիշեցնենք․ կինովարձույթի արտոնագիրն այն փաստաթուղթն է, որը տրամադրվում է ՌԴ-ում նկարահանված ցանկացած կինոնկարի համար՝ ՌԴ մշակույթի նախարարության կողմից, եւ միայն դրանով է թույլատրվում, որ կինոնկարը ցուցադրվի ՌԴ տարածքում։ Փաստաթուղթը նաեւ արտոնում է, որ հեղինակները կինոնկարը կարողանան տիրաժավորել եւ տարածել, այդ թվում՝ նաեւ կաբելային եւ եթերային ալիքներով։
Տելեգրամյան իր ալիքում ռեժիսորը գրել է, որ աուտիզմի մասին իր նկարահանած առաջին կինոնկարից 17 տարի անց վերադարձել է նույն թեմային եւ իր նկարահանած «հում նյութերի» հիման վրա նոր՝ երկժամանոց կինոնկար է կարողացել պատրաստել։ Կինոոլորտի մասնագետները կարծում են, որ երկրորդ ժապավենն ավելի հզոր է ստացվել, քան նախորդը։ Արկուսն այն կարծիքին է, որ իր կինոնկարը «մարդկային մեծ զգացմունքների մասին է ու այն մասին, թե ինչպես է մարդը կարողանում ընդունել ողբերգական հանգամանքները»։ Եթե թույլատրեին, որ ֆիլմը հայտնվեր կինովարձույթում, Արկուսը մտադիր էր կազմակերպել հանգանակություն՝ ֆիլմի հերոսներից մեկի համար։ «Սակայն իմ այս կինոնկարը կինովարձույթի արտոնագիր չի ստացել։ Այն հանվել է փառատոների ծրագրերից, որոնցում արդեն հայտագրված էր եւ նույնիսկ արդեն մտել էր կատալոգներ։ Ամենից սարսափելին այն է, որ ես իրավունք էլ չունեմ այն ցուցադրելու»,- գրել է կինոռեժիսորը։ «Անտոնն այստեղ՝ մեր կողքին է» կինոնկարն էկրան է բարձրացել 2012 թվականին։ Սյուժեի առանցքում Անտոն Խարիտոնովի պատմությունն է, մի երիտասարդ, որն ունի աուտիզմ, որի մայրը մահանում է քաղցկեղից, եւ նա ստիպված է լինում ապրել խնամքի հաստատություններում։ Կինոնկարը ներկայացված է եղել Վենետիկի 69-րդ կինոփառատոնի արտամրցութային ծրագրում եւ ստացել է իտալացի ցանցային քննադատների «Արծաթե մկնիկ» մրցանակ։