Օրվա ուշագրավ լուրերից էր ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի թվիթերյան իր միկրոբլոգում կատարած գրառումը, որում նա ընդգծել էր Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ուժեղ աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։
«Երկրի ժողովրդավարության ներկայի եւ ապագայի համար Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ուժեղ աջակցությունը կենսական է»,- գրել է Սորոսը, որը տարածել է նաեւ «Բաց հասարակություն-հիմնադրամներ» կայքում հրապարակված հոդվածը՝ «Ինչպես Միացյալ Նահանգները կարող է աջակցել Հայաստանի նորաթուխ ժողովրդավարությանը» թեմայով։ Թավշյա հեղափոխությունից հետո հաճախ սկսեց շրջանառվել այն թեման, թե Հայաստանում իշխանության են եկել «Սորոս»-ականները։
Պատճառն, ըստ ամենայնի, մեր կառավարության անդամներից ոմանց՝ ԱՄՆ-ում ստացած կրթությունն է կամ էլ տարբեր դրամաշնորհային ծրագրերում ներգրավվածությունը։ Ինչպե՞ս է արտահայտվելու Սորոսի աջակցությունը Հայաստանին, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱՄՆ-ն մեր երկրում, եթե Ջորջ Սորոսը, հավատարիմ իր գրառմանը, շոշափելի աջակցություն ցուցաբերի մեր երկրի տարբեր ինստիտուտներին։
Քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանը մեզ հետ զրույցում նախ հիշեցրեց, որ Սորոսի գրասենյակի աշխատակից է եղել ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։ «Սորոսի կողմից դրամաշնորհ ստանալը կամ նրա գրասենյակում աշխատելը բնավ չի նշանակում արեւմտյան արժեքների դավանում եւ բնավ չի նշանակում իրականացնել քաղաքակրթական այն բարձրագույն հեռանկարը, որը դրված է մարդկության առջեւ։ Ես չգիտեմ, թե որքանով է ներկա կառավարությունը «Սորոս»-ական։ Գիտեմ միայն Զարուհի Մեջլումյանին, որը ստացել է դրամաշնորհ, եւ դա հանրայնացվեց, պարզվեց, որ նա Սորոսի գրասենյակի հետ անմիջական կապ ունի։ Եթե դուք կարծում եք, թե Սորոսի նման մագնատը Հայաստանի նման փոքր երկրում կարող է ճանաչել բոլոր նրանց, ում դրամաշնորհ է տրամադրել, չարաչար սխալվում եք։
Այնքան արեւմտյան դրամաշնորհներ են փոշիացվում, որ դա հնարավոր չէ վերահսկողություն իրականացնել։ Ես չեմ պատկերացնում, թե Սորոսի աջակցությունն ինչպես պետք է լինի Հայաստանում։ Եթե Սորոսը նման գրառում է արել, ապա Հայաստանն էլ իր կողմից պետք է պատասխան քայլ անի, կոնկրետ ներկայացնի, թե ինչ աջակցության կարիք ունի, որքան գումարի կամ ինչ տիպի մասնակցության։
Շատ հաճախ գրում են, թե պատրաստ են աջակցել, իսկ այդ աջակցությունը կարող է լինել մի ֆիլմի ցուցադրություն կամ մի ակցիա։ Հայաստանին պետք են շատ խոշոր գումարներ, սակայն չեմ կարծում, թե Սորոսը այդ ներդրումը պլանավորում է մեր երկրում։ Իսկ ես ակնկալում եմ Հայաստանում խոշոր ներդրում, եւ ով էլ, որ անի այդ ներդրումը, դա կլինի մեծ օգնություն մեր երկրին»,- ասաց մեր զրուցակիցը։