Հոր տղան Նշանակվել է մարզպետ։ Զարմանում ես, երբ լրագրողները հարցնում են՝ բա ձեզ ինչու՞ են նշանակել Վայոց ձորի մարզպետ։ Մարզպետ նշանակված տղան էլ ասում է ՝ բա ես ի՞նչ իմանամ, թե ինչու են նշանակել, առաջարկել են, ես էլ համաձայնվել եմ։ Փաստն այն է, որ և՛ ինքը գիտի, որ Աշոտ Արսենյանի տղա լինելու համար են նրան առաջ քաշում և՛ լրագրողները։ Բայց երկու կողմն էլ «պախկնոցի են խաղում»։ Դա կարող է հնչել բացատրելի, բայց իրականում հարցը շատ ավելի խորքային է։ Իրեն Վայոց ձորի մարզպետ են նշանակել ոչ միայն այն բանի համար, որ նա հոր տղան է, այլ որ Ջերմուկում ինքը 4 տարի քաղաքապետ է եղել, ինչպես և նշում է ինքը՝ 4 տարի ծառայել է ՔՊ-ում և վա՜տ չի ծառայել։ Ո՞նց եք մոռացել, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք՝ կիրառելով հրետանի, ականանետներ, ԱԹՍ-ներ և մեծ տրամաչափի հրաձգային զենք։
Ջերմուկի հատվածում մխրճումը եղավ մինչև 8.5 կմ լայնությամբ և մինչև 7.5 կմ խորությամբ, և այսօր սահմանակից դիրքերում կա հակառակորդի անմիջական ռազմական ներկայություն։ Մենք վճարեցինք մարդկային մեծ կորուստով (224 զոհ)՝ և ոչ բոլոր հարցերը հանրային դիտարկմամբ հստակ պատասխան ստացան։ Ջերմուկն այն տեղն է, որտեղ համառ ու բանական հարցեր են առաջանում ոչ միայն այն մասին, թե նա ում տղան է, այլ նաև՝ ինչ հաշվարկով ու ձևով է նա մարզպետ նշանակվել։ Առջևում «սահմանազատումն է»։
Չպետք է անտեսել, որ Ջերմուկի ներխուժում-հարձակման համատեքստում, հենց այս օղակը՝ տեղական իշխանությունը կիսում է պատասխանատվության սեփական մասը։ Հիշենք անտեր թողնված մեր զինվորների մարմիններն ու շատ այլ մանրամասներ։ Հիմա այս նույն քաղաքապետին լրագրողները հարցնում են՝ սահմանազատմամբ հնարավոր համարու՞մ եք, որ թշնամու կողմից օկուպացված տարածքները վերադարձվե՞ն։ Ի՞նչ պատասխան եք ակնկալում նրանից։ Հոր տղան ասելու է՝ չէ՞։ Ասում է՝ այո, ես այդպես եմ կարծում։ Ո՞նց չմտածես, որ էս մարզպետին նշանակել են, որ Վայոց ձորում «հայրենասիրական սահմանազատում կատարի»։ Նշանակել են, որ վերևից ինչ ասեն՝ անի։ Եթե մարդը տառացիորեն ծառայում է ՔՊ-ին և անկեղծ խոստովանում է ոչ թե պետական, այլ կուսակցական պատասխանատվությունը, ի՞նչ եք սպասում ։ Ջերմուկի փորձը ցույց է տալիս՝ երբ տեղական իշխանությունը և դրա հանդեպ հասարակական վստահությունը թույլ է, անվտանգային ռիսկերը օրինաչափ մեծանում են։