Այս տարի, ի թիվս մի շարք առարկաների, դասագիրք չկա նաեւ 10-րդ դասարանի Հայոց պատմությունից: Միակ հայտը ներկայացրել էր «Զանգակ-97» ՍՊԸ-ն, բայց ներկայացված դասագիրքը չէր երաշխավորվել ԿԳՄՍՆ-ի կողմից։
Մենք գրել էինք, որ դասագրքի հեղինակային կազմում ընդգրկված են ԳԱԱ Պատմության, Արեւելագիտության ինստիտուտների, Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի մասնագետներ, պատմաբաններ։ Բավական մեծ խումբ, որոնց ստեղծած դասագիրքը նախարարությունը մերժել է՝ առանց հիմնավոր բացատրության։ Ակնհայտորեն, պատժելով նույն այն պատմաբաններին, որոնք անցած տարի մեծ աղմուկ բարձրացրին ու նախարարությունից մինչ օրս պահանջում են դպրոցներից հանել 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքը։
Հայոց կամ այլեւս արդեն՝ «Հայաստանի պատմություն-10» առարկայից, ըստ ԿԳՄՍ փոխնախարարի, դպրոցներին կբաժանվեն ուսումնական նյութեր, իսկ սեպտեմբերին եռօրյա դասընթացներ կկազմակերպվեն պատմություն դասավանդող շուրջ 1500 ուսուցիչների համար: Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ աստիճանաբար պետք է հրաժարվել ավագ դասարաններում մեկ դասագրքով ուսումնական գործընթացը կազմակերպելուց. ուսուցիչներին պետք է խրախուսել՝ ուսումնական թղթապանակներ վարել:
ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասում է` ի սկզբանե իրենց առաջ բարդ խնդիր է դրված եղել, քանի որ պետք է ներկայացվեր հայոց պետականության պատմություն, ինչը մեր գիտնականների կողմից միայն վերջին տարիներին է սկսվել ուսումնասիրվել. «Զարմանալիորեն, միակ հեղինակային խումբը, որ համարձակություն ունեցավ գրելու 10-րդ դասարանի պատմության դասագիրքը, ստացվեց, որ ձախողվել է` ըստ նախարարության, որովհետեւ չափորոշիչներին չէր համապատասխանում: Ընդ որում՝ պատասխանի մեջ գրված էր, որ բավականաչափ լավ դասագիրք է ստացվել, բայց չափորոշիչներին չի համապատասխանում: Սակայն, ինչպես իրենց ֆավորիտների դեպքում են վարվում, ասելով` դասագիրքը վերանայման կարիք ունի, ապա ուղարկում են լրամշակման, ինչպես, օրինակ, Սմբատ Հովհաննիսյանի դասագիրքը, որ ի սկզբանե մերժվել էր, բայց նորից դրվեց շրջանառության մեջ: Մեր պարագայում անմիջապես մերժվեց դասագիրքը, եւ հարցը դրանով փակվեց, թեպետ նախարարության ներկայացուցիչները միշտ բողոքում էին, թե ինչու մենք չենք մասնակցում դպրոցական դասագրքերի ստեղծմանը»:
Անդրադառնալով նախարարության որդեգրած քաղաքականությանը՝ Մելքոնյանը նկատում է. «Երբ ընդհանրապես խոսում են, թե դասագիրք պետք չէ, եւ աշակերտը շատ ավելի ազատ պետք է լինի` մտածողության առումով, նա պետք է համացանցից նյութեր կարդա եւ ինքնուրույն վերլուծական մոտեցում հանդես բերի պատմական երեւույթների նկատմամբ, դա ուղղակի ծիծաղելի է..., որովհետեւ, նախ` պետք է ունենա գիտելիք, թեկուզ` նվազագույն, որի հիման վրա փորձի դատողություններ անել։ Հիմա, եթե նա դպրոցում ոչինչ չի անցել, հայոց պատմության տվյալ դարաշրջանը չի ուսումնասիրել, ինչպե՞ս պետք է ուսումնական թղթապանակներով, համացանցով ու չգիտեմ թե ինչպես յուրացնի խնդիրը: Փաստորեն, ի սկզբանե այս դասագիրքը ձախողելով`տարան հենց այս ճանապարհով, որպեսզի ընդհանրապես դասագիրք չլինի, եւ նման ձեւով փորձ են անում՝ իբր նոր մոտեցումներ հանդես բերել Հայոց պատմության նկատմամբ, որը, ի հեճուկս մեզ, արդեն կոչվում է Հայաստանի պատմություն»:
Ինչպես նկատում է Ա. Մելքոնյանը, իրենց բազմաթիվ ուսանողներ դասավանդում են դպրոցներում, որոնք միաբերան կրկնում են, որ այս նոր դասագրքերն իրենց համար անընդունելի են, բայց, ցավոք, նրանց ձայնը ոչ ոք չի լսում` «ձայն բարբառո հանապատի»:
Ինչ վերաբերում է ուսուցիչների վերապատրաստումներին, ապա․ «Վերապատրաստման գործընթացն էլ հենց սկսվի, իմ խոսքը հիշեք՝ այն մասնագետները, որոնք պատմագիտության բնագավառում տասնամյակներ շարունակ որոշակի ավանդ ունեն, այդ մասնագետները կշրջանցվեն հաստատապես: Ես անկեղծորեն կզարմանամ, եթե դիմեն մեզ ու ասեն` եկեք, վերապատրաստման այդ կուրսերը դուք կազմակերպեք, դասախոսություններ կարդացեք։ Բայց համոզված եմ, որ նման բան չի լինի, եւ հանկարծ մեր ոլորտում կհայտնվեն մարդիկ, ովքեր տնտեսագետ են, քաղաքագետ, անգլերենի մասնագետ, ինչպես մեզանում մեծամասամբ ընդունված է: Մենք ունենք անգլերենի մասնագետ-քաղաքագետ, որ այսօր դարձել է Հայոց պատմության մասնագետ ու դասագրքերի հիմնական կանաչ լույս վառողը: Այնպես որ, այս գործընթացը ծրագրային է, եւ ես կզարմանայի, եթե այս բանագավառում լինեին լուծումներ, որոնք որ մեզ բավարարեին»:
Պատմության ինստիտուտի տնօրենը տեղյակ չէ, թե իրենցից ինչ են ներկայացնում այդ ուսումնական թղթապանակները, որոնք փոխարինելու են դասագրքին. «Որպեսզի տեղյակ լինեմ, պետք է իրազեկվեմ, բայց որեւէ անգամ որեւէ քննարկում իրենց հետ չեմ ունեցել, որ կարողանամ ասել, թե ինչ է դա նշանակում, ամենայն հավանականությամբ, ինչ-որ նյութեր կտեղադրվեն համացանցում, այդ նյութերի հիման վրա ուսուցիչները կփորձեն ուղղորդել աշակերտներին, կամ աշակերտներն իրենց հայեցողությամբ կփորձեն նյութեր գտնել եւ ըստ այդմ` ծանոթանալ Հայաստանի պատմությանը»: